
Բեռնատարները Կոռնիձորում շարվել են ու չեն կարողանում մուտք գործել Արցախ։ Փորձագետներից շատերը սա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի ջանքերի շրջանակում են դիտարկում։ Որոշ փորձագետներ էլ, մատնացույց անելով ՌԴ ԱԳՆ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարությունները, պնդում են, որ Հայաստանը հրաժարվի ռուսական ձևաչափում Բաքվի հետ բանակցելուց։
Շուրջ 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարներն արդեն երկու օր է՝ կանգնած են Կոռնիձորում և սպասում են ռուս խաղաղապահների ու ադրբեջանական կողմի թույլտվությանը, որ կարողանան մտնել Արցախ: Ադրբեջանի կողմից որոշակի արձագանք, այնուամենայնիվ, կա։ Այդ երկրի արտգործնախարարությունը հայտարարում է՝ հայկական կողմն առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է մարդասիրական բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկել «Ադրբեջանի ինքնիշխան տարածք»։ Բաքուն դա անընդունելի սադրանք է համարում, որն ուղղված է, ըստ պաշտոնական հայտարարության, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության» դեմ։ Բաքուն հայկական կողմին հորդորում է աջակցել Աղդամ-Ստեփանակերտ և էլի ուրիշ այլընտրանքային ճանապարհների գործարկմանը և այդպիսով նաև, մեջբերում եմ՝ «չխոչընդոտել հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը այս իրավիճակը պայմանավորվածություններից խուսափելու հետևանք է համարում․
«Ես համոզված եմ, որ Հայաստանը սխալ արտաքին քաղաքականության ու պայմանավորվածություններից շեղվելով, ի դեպ, որքան էլ դրանք հակահայկական լինեն, բայց պայմանավորվածություններ են, դրդում է Բաքվին, որ պատերազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ»։
Ադրբեջանագետը քիչ հավանական է համարում ռուս խաղաղապահների միջոցով Հայաստանից ուղարկված բեռներն Արցախ հասցնելու հնարավորությունը։
«Եթե ռուսական կողմը փորձի ուժով կամ այլ միջոցով այդ քայլին գնալ, ապա ուղղակիորեն դառնալու է կոնֆլիկտի կողմ։ Այսինքն, դառնալու է Արցախն ադրբեջանցիներից պաշտպանող կողմ, բայց իր առաքելությունը դա չէ, իրենք էնտեղ են, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի էթնիկ զտում չիրականացվի»։
Իսկ դիվանագիտական խողովակներով ռուսները կգործեն միայն այն դեպքում, երբ դանակը ոսկորին հասնի համոզված է Գառնիկ Դավթյանը։
Որոշ փորձագետներ էլ այսօրվա իրավիճակը Ռուսասատանը տարածաշրջանից դուրս թողնելու Արևմուտքի ջանքերի շրջանակներում են դիտարկում։
Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը պնդում է, որ Հայաստանը դադարեցնի ռուսական ձևաչափերում բանակցությունները։ Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձել է Մոսկվայում մի քանի օր առաջ կայացած Միրզոյան-Լավրով- Բայրամով եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություններին․
«Հայաստանը պետք է դադարեցնի ռուսական ձևաչափերում, ռուսական նախաձեռնությունների շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ռուսների մասնակցությամբ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության մեջ։ Ռուսաստանը շահագրգռված է կառավարելի կոնֆլիկտի․ ականապատել տարածաշրջանը և կառավարվող կոնֆլիկտի կառավարվող վահանակը պահել բացառապես միայն իր ձեռքում։ Ինչո՞ւ, որովհետև իր ներկայությունը տարածաշրջանում հավերժացնելու միակ տարբերակը դա է, Ռուսաստանը չունի այլ տարբերակ»։
Հիշեցնենք, որ մոսկովյան հանդիպումից հետո Լավրովն ասել էր՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմայի հետ։
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն, ի պատասխան հակադարձել էր, որ այդ հարցը չի կարող փոխկապակցված լինել այլ, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ժամանակ այս տրամաբանությունից դուրս քննարկում և, առավել ևս, համաձայնություն չի եղել, հստակեցրել է Միրզոյանը։
Ադրբեջանի հետ բանակցություններում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հայկական կողմը բարձրացրել և շարունակում է բարձրացնել Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։
Լավրովը նաև ասել էր՝ Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Արարատ Միրզոյանն էլ շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել՝ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։ Բայց այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով։
Լավրովի հայտարարություններին արձագանքել է նաև Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը, նշելով, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի տեսլականը հավասարակշռված չէ։
«Ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները արտացոլում են միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը», — նշված է Արցախի դիվանագիտական կառույցի հայտարարության մեջ։




