ԿարևորՔաղաքական

Եվրամիության դիտորդները հետևում են Լաչինի ճանապարհի երթևեկությանը

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հետևում է Արցախ ուղևորվող հումանիտար բեռին։

«Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք գործող ճանապարհի շարունակական երթևեկությանը՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար», ասված է Թվիթերի գրառման մեջ:

Այսօր առավոտյան Հայաստանից Արցախ է ուղևորվել 360 տոննա հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատար։ Բեռնատարներն արդեն հասել են Կոռնիձոր։ Ակնկալվում է, որ հումանիտար օգնությունը պետք է փոխանցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ։

2022 թ-ի հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այս գործողությունը հետևում է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։

ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ-փորձագետներից բաղկացած Հայաստանյան առաքելությունը կիրականացնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն՝ ռազմական դիրքերի և հրադադարի վերաբերյալ զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով։ Դա հնարավոր կդարձնի ԵՄ առավել առարկայական աջակցությունը երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։  

Մեկ շաբաթ առաջ Կանադան միացավ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Եվրոպայի խորհրդի` անվտանգության և քաղաքական հարցերի կոմիտեն հաստատել էր Կանադայի առաջարկը` աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը:

Կարդացեք նաև

Back to top button