ԿարևորՀասարակություն

Սոցիալական պաշտպանության ոլորտում նոր նախագծեր են իրականացվելու

Երևանում այսօր մեկնարկել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը: 20 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլ»-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու այլ գործընկերների հետ համագործակցությամբ։

Ստեղծել բարենպաստ միջավայր, որպեսզի տեղական գործընկերները կարողանան լուծել համայնքների առջև ծառացած մարտահրավերները։ Այս մոտեցումն է դրված «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագրի հիմքում։  20 միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլ»-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ-ի և այլ գործընկերների համագործակցությամբ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորում է այս ծրագիրը։

«Ծրագրի մեկնարկից առաջ մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ պետք է համատեղ ջանքերով սոցիալական պաշտպանության ոլորտում նախանշենք բոլոր կարևոր ուղղությունները: Այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում հինգ տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքները»։

 Նախարարն այս փուլում մանրամասների մասին խոսելը վաղ է համարում, բայց շեշտում է, որ սոցիալական պաշտպանությունը պետք է դարձնել ավելի արդյունավետ։ Օրինակ, զբաղվածության ռազմավարություն մշակելու համար պետք է զարգացնել մասնագետների կարողությունները, գնահատել իրականացվող ծրագրերի արդյուավետությունը և այլն։

«Մի բան կարող եմ ասել՝ սոցիալական պաշտպանության ոլորտում  այս ծրագիրն իրականացնելով, որոշակի ինստիտուցիոնալ զարգացոււմ է ապրելու։ Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում, և հաճախ այն ինստիտուտները, որոնք պետք է գնահատեն  ծրագրերի արդյուավետությունը, բավականին թույլ են։ Իսկ նմանատիպ համագործակցությունը թույլ կտա, որպեսզի այդ ինստիտուտները հզորացնենք՝ սկսած ամենատարբեր վերապատրաստումներից, կրթական ծրագրերից, աշխատանքի հմտություններից»։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն ընդգծում է, որ այս ծրագիրը ավելի ուժեղ սոցիալական պաշտպանություն կապահովի, խթանելով «Ոչինչ մեր մասին՝ առանց մեր մասնակցության» սկզբունքը․

«Թիրախային խմբերը իրականում շատ են, բայց մենք միշտ ընտրում ենք հնարավորություններ, որպեսզի օգնենք այն մարդկանց, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը»,-ասաց Ջոն Ալլելոն: 

Ծրագիրը կհամագործակցի Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց հետ՝ բարելավելու խոցելի և մարգինալացված բնակչության կյանքը:

Կարդացեք նաև

Back to top button