Վերջին 1 ամսվա ընթացքում հայկական ազգային բյուջետային ավիափոխադրող Fly one Armenia ավիաընկերության շուրջ քննարկումներն ու դժգոհությունները չեն դադարում․ պատճառը մի քանի հետաձգված կամ չեղարկված չվերթերն են։ Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանել է՝ պատճառները տեխնիկական են, ուշացումները կապված էին ավիաընկերության վարձակալած ինքնաթիռներից մեկի ու թռչնի բախումից առաջացած հետևանքների հետ։ Անանյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անում են ոչ միայն մատչելի ու հասանելի այլև անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրումներ ապահովելու համար։
Ամառային ակտիվ թռիչքային շրջանում ավիաընկերություններն ավելի ինտենսիվ են շահագործում իրենց օդանավային պարկը, ինչով պայմանավորված էլ ավելի շատ խնդիրների են բախվում․ FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն արձագանքում է քննադատություններին ու վստահեցնում՝ կան խնդիրներ, որոնք դուրս են ավիաընկերության պատասխանատվության տիրույթից։ Ընթացիկ ամսվա ընթացքում մի քանի օրվա տարբերությամբ ավիաընկերության մի քանի չվերթեր չեղարկվեցին կամ ուշացումներ ունեցան։ Անանյանը բացատրում է՝ այս դեպքերը կապված էին հունիսի 8-ին Քիշնև-Երևան թռիչքի ընթացքում գրանցված տեխնիկական խնդրի հետ։
«Ինչ վերաբերում է վերջին մի քանի խնդիրներին ու ուշացումներին մենք տեղեկացրել էինք, որ օդանավի թևի հետնափեղկին թռչուն էր բախվել, ինչը որոշակի ազդեցություն էր ունեցել մեր թռիչքային գրաֆիկի վրա։ Ի պատիվ ավիաընկերության աշխատողների պիտի ասեմ, որ 1-2 չվերթից բացի՝ այլ չեղարկումներ տեղի չունեցան»,-մանրամասնում է Անանյանը։

Ստամբուլ-Երևան, Լիոն-Երևան, Դյուսելդորֆ-Երևան, Միլան-Երևան․ սրանք հուլիսի ընթացքում հետաձգված չվերթերից մի քանիսն են։ FlyOne Armenia-ի ղեկավարն ասում է՝ ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից և դեպի «Զվարթնոց» օդանավակայան օրական ավելի քան 20 չվերթ է իրականացնում և ընդհանուրի մեջ հետաձգված ու չեղարկված չվերթերի տեսակարար կշիռը փոքր է։
«Վստահեցնում եմ, որ բոլորի խնդիրները նաև մեր խնդիրներն են, մենք Հայաստանում երկարաժամկետ բիզնես ենք կառուցում ու հասկանում ենք այդ բիզնեսի բոլոր կարևորությունները, հեռանկարներն ու ռիսկերը և վստահ եղեք, որ հեղինակության հետ կապված ռիսկերը այս առումով առաջնային են, քանի որ մեր հիմնական ոչ նյութական կապիտալը մեր ուղևորների վստաությունն է»։
FlyOne Armenia-ի ուղևորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ռադիոլուրին» պատմում է, որ Լիոնից Երևան է հասել նախատեսվածից 5 օր ուշացումով։ Չվերթի օրը օդանավակայանում է պարզել է, որ ինքնաթիռն արդեն մեկնել է։ Ասում է՝ կարողացել է չեղարկված թռիչքի համար փոխհատուցում ստանալ, տոմսը վերադարձնել ու նորը գնել , և միայն 5 օր հետո հայրենիք վերադառնալ։ Հիմա արդեն երկմտում է վերադարձի տոմսը FlyOne-ից գնելու հարցում։
«Գիտեք՝ շատ հարմար էր մեզ, ես տարին մի քանի անգամ օգտվում էի այս չվերթից, շատ ուրախացել էինք, որ ուղիղ չվերթ կա Լիոնից Երևան, գինն էլ ավելի մատչելի է մյուս ընկերությունների համեմատ։ Բայց հիմա արդեն վախենում ենք նորից տոմս գնել․ բա որ հանկարծ նորից խնդրի առաջ կանգնենք»։
Եթե նախօրոք իմանայինք, որ չվերթի հետ կապված խնդիրներ կան, գոնե օդանավակայան չէինք հասնի․ ոչ նամակ ենք ստացել, ոչ էլ զանգ, ոչ ոք չեղարկված չվերթի մասին բացատրություն չի տվել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
«Եթե մեզ նախօրոք գոնե էլեկտրոնային հաղորդագրություններով տեղեկացնեին, որ խնդիրներ են եղել, բոլորս էլ մարդ ենք, կհասկանայինք ու չէինք հասնի օդանավակայան, իսկ մեզ միայն վերջին պահին ասացին, որ չեք թռչելու»։
FlyOne Armenia-ն զինված է էլեկտրոնային իրազեկման լավագույն համակարգերից մեկով և չվերթերի ժամացուցակի ցանկացած փոփոխության կամ չեղարկման մասին իրազեկող նամակները միանգամից ուղարկվում են ուղևորների էլեկտրոնային հասցեին՝ վստահեցնում է FlyOne Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Անանյանն ասում է՝ հաճախ, երբ ուղևորները տոմսեր են գնում ավիագործակալների միջոցով, կոնտակտային տվյալներ չեն փոխանցում, հետևաբար նաև չեն ստանում համապատասխան նամակները։
«Կարծում եմ՝ մենք գտել ենք իրազեկման համար ամենաարդյունավետ տարբերակը»,-ասում է Անանյանը։
Սոնա Ղազարյանը հուլիսի 14-ին հետաձգված Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորներից էր։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ ուշացման մասին էլեկտրոնային նամակ ստացել է, բայց այն ժամանակ, երբ արդեն հասել էր օդանավակայան։
«Ես աղջկաս հետ հասնում եմ օդանավակայան հետո միայն իմանում, որ էլեկտրոնային նամակ եմ ստացել, որ հետաձգվում է թռիչքը։ Ստամբուլի համար այդ 50-60 կմ գնալ-գալը մեծ սթրես էր։ Այդ նամակից բացի ոչ մի բան չկար, հնարավոր չէր ինչ-որ մեկից պատասխան ստանալ»,-ասում է FlyOne Armenia-ի ուղևորը։
Ի վերջո հուլիսի 14-ի փոխարեն Սոնան Երևան է հասել հուլիսի 16-ի լուսադեմին, այդ օրն էլ FlyOne Armenia-ի ինքնաթիռը նախատեսվածից 3 ժամ ուշացումով է օդ բարձրացել։ Արամ Անանյանը շեշտում է՝ հատկապես ամառային սեզոնին նման խնդիրներից ոչ ոք ապահովագրված չէ։
«Մեզանում այդ արձագանքն ավելի բուռն է, մի քանի հանգամանքով պայմանավորված․ նախ հայկական ավիաընկերությունից մեր հայրենակիցների ակնկալիքներն ավելի շատ են և այս առումով, իհարկե, FlyOne Armenia-ն՝ որպես ազգային առաջատար բյուջետային ավիափոխադրող, պետք է ամեն ինչ անի շատ բարձր նշաձողեր սահմանելու համար»,-ասում է FlyOne Armenia-ի ղեկավարը։
Իհարկե, պատրաստ ենք և ընդունում ենք օբյեկտիվ քննադատությունները, սակայն դրանք պետք է շահարկումներ չլինեն՝ ասում է Արամ Անանյանը։ FlyOne-ը 2022-ին ավելի քան 1 միլիոն ուղևոր է տեղափոխել աշխարհի 20 ուղղություններով։ Տարածաշրջանային ու եվրոպական ավիաուղիների հետ մրցակցող հայկական ընկերությունում խոստանում են՝ մոտ ապագայում թռիչքային աշխարհագրությունը կընդլայնվի։







