ԿարևորՀասարակություն

Կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ

Մարդասիրական օգնությամբ բեռնված 19 բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին, ֆեյսբուքում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել է, որ Արցախ ուղևորվող 19 բեռնատարներում հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սննդամթերք (ալյուր, ձեթ, մակարոնեղեն, մանկական սնունդ)։

Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Աշխատանքային խումբն արձանագրել է, որ հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջոցով իրականացված խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը:

Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը գումարվելով էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների:

Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա:

Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button