
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացնում է «Մանկապարտեզների համահավասար մատչելիություն» ծրագիրը: Բնակավայրերից շատերում մանկապարտեզները հասանելի չեն երեխաներին, շատերում ընդհանրապես նախնական կրթություն հաստատություններ կամ կադրեր չկան՝ Արմավիրում կազմակերպված քննարկմանը նշել են ուսումնասիրության հեղինակները՝ ոլորտի ներկայացուցիչների հետ դիտարկելով առաջնահերթությունները:
Հանրապետության շատ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաները զրկված են նախնական կրթություն ստանալու իրավունքից, քանի որ դրանց մեծ մասում չկան մանկապարտեզներ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ նախակրթական ոլորտում կա խտրականության դրսևորում:
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը վաղուց է զբաղվում մանկապարտեզների խնդիրներով և ընդհանարապես նախնական կրթության հասանելիության հարցերով: Բազմաթիվ ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ ենք արել, նկատել, որ Հայաստանում այդ կրթությունը խիստ խտրական է՝ ֆինանսական միջոցների, ենթակառուցվածքների և հզորությունների ծայրահեղ տարբերությունների պատճառով»:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության մանկապարտեզահասակ երեխաների շուրջ 1/3-ը Երևանում հաճախում է անվճար մանկապարտեզ, 1/3-ը՝ մարզերում վճարովի, իսկ մնացած 1/3-ը մասը կամ 30-35 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում: Չհաճախելու պատճառներից մեկը ոչ միայն մանկապարտեզների բացակայությունն է, այլ նաև ծնողների անվճարունակությունը: Խանջյան գյուղում գրեթե 30 տարի մանկապարտեզ չկա: Երեխաները հաճախում են հարևան գյուղի մանկապարտեզ կամ Արմավիր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
«Մեր գյուղի ամենաառաջին խնդիրը մանկապարտեզն է, որ չունենք: Մեր երեխաներին տանում ենք կողքի Լուկաշին գյուղի մանկապարտեզը: Տեղափոխումը դժվարություններ է առաջացնում. հիմա մենք աշխատանքի՞ գնանք, թե՞… Գյուղացին առավոտյան ժամը 5-ին, 6-ին գնում է դաշտ, իսկ մանկապարտեզը 9-ին է բացվում, ուրեմն, մենք դաշտից պիտի թողենք գանք տուն, որ երեխաներին տանենք մանկապարտեզ, իրիկունն էլ, երբ հովն ընկնում է, և նորից պետք է աշխատենք, գնում ենք բերելու»:

Խանջյան համայնքի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանն ասում է, որ 1996թ գյուղի մանկապարտեզը չի գործում. շենքը շուրջ 12 տարի ծառայել է դպրոցին, իսկ դպրոցի վերակառուցումից հետո անուշադրության է մատնվել: Այդօրինակ շինություններ շատ կան մարզի տարբեր բնակավայրերում:
Արմավիրի մարզի 97 բնակավայրերից 49-ում մանկապարտեզներ չկան, 34 գյուղերում շինարարական աշխատանքներ են ընթանում: Բաղրամյանի 14 բնակավայրերում գործում է համայնքային ենթակայության 8 մանակապարտեզ, երկուսն էլ Հայ Առաքելական եկեղեցու հովանավորության ներքո են՝ ասում է Բաղրամյանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Հայկ Խաչիկյանը:
«Այս պահին մանկապարտեզներ են հիմնանորոգվում Հուշակերտ և Բաղրամյան գյուղերում: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ևս երկու մանկապարտեզ կավելանա գործող մանկապարտեզների թվին: Անցած տարի վերաբացվեց Վանանդի մանկապարտեզը, իսկ այս տարի՝ Երվանդաշատի մանկապարտեզը: Մեր համայնքի տարածքում մնում է 4 բնակավայր, որտեղ չկան մանկապարտեզներ»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի երկարամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախնական կրթություն չստացած երեխաները հետագայում դժվարություններ են ունենում հանրակրթության ոլորտում:
Լևոն Բարսեղյան. «Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտություններ, անգրագիտության մակարդակը, ցավոք, դպրոցականների շրջանում շատ բարձր է: Դրա արմատները հասնում են նախնական կրթության դաշտ: Ընդհանրապես ինձ մտահոգում է խտրականությունը: Մեր երկրում չպետք է լինի այնպիսի նախնական կրթություն, որ երեխաների մի մասին մատուցվի անվճար, մի մասին՝ վճարովի, իսկ մյուս մասը հնարավորություն չունենա օգտվելու նախնական կրթությունից»:
Արմավիրի մարզի գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեծ մասում, բացի նոր վերանորոգված շինություններից, զգացվում է նյութատեխնիկական բազայի պակաս, գյուղական հեռավոր բնակավայրերում կա կադրերի խնդիր, քանի որ նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքներում անհեռանկարային են համարում «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը: Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն առանձնացրել է մանկապարտեզների խնդիրներն ու առաջարկում հնարավոր լուծումներ:

«Կան շատ մանկապարտեզներ, որտեղ նյութատեխնիկական բազան հնացած է, մեզ է հասել դեռ խորհրդային ժամանակներից և այնպես չէ, որ դրանք հիմա կարողանում են օգտագործել, քանի որ մաշվել են: Մանկապարտեզներում կա կրթական և մեթոդական բազայի պատշաճ մակարդակ ապահովելու անկարողություն, այսինքն՝ մարդիկ ուզում են անել, բայց անկարող են, որովհետև կա կրթության, ֆինանսավորման խնդիր: Այստեղ հատկապես բարձրացրել են աշխատավարձի խնդիրը»:
Կրթության փորձագետի կարծիքով՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը չեն համապատասխանում այն աշխատանքին, որը ներդրվում է մատաղ սերնդի խնամքի ու դաստիարակության վրա: Մյուս խնդիրները վերաբերում են մանկապարտեզների ընդունելությանը, կոռուպցիոն ռիսկերին, ներառական կրթությանը և շենքային պայմաններին: Նախադպրոցական կրթությունից դուրս չմնալու նպատակով Ատոմ Մխիթարյանն առաջարկում է ֆինանսավորել մասնավոր նախադպրոցական հաստատությունները:
«Որոշ երկրներում այդպիսի փորձ կա, երբ պետությունը օժանդակում է հատկապես այն մասնավոր կրթական հաստատություններին, որտեղ պետությունը կամ ՏԻՄ-երը հնարավորություն չունեն նախադպրոցական կրթական հաստատություններ բացել: Այդ դեպքում ավելի հեշտ է օժանդակել մասնավոր կառույցներին, բայց պայմանով, որ նրանք ներգրավեն նոր երեխաների՝ նրանց ուսման վարձը լրիվ կամ մասամբ փոխհատուցելով կամ օժանդակելով շենքային պայմանների ընդլայնմանը: Այս դեպքում մենք կունենանք մասնավոր-պետություն համագործակցություն՝ ի շահ երեխաների»:

Կառավարության ծրագրով սահմանված նպատակը՝ 500 մանկապարտեզ կառուցելու և հիմնանորոգելու վերաբերյալ և այդ հաստատությունների հետագա շահագործումն ու պահպանումը, լրացուցիչ բեռ է համայնքների բյուջեների վրա՝ նկատում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Համայնքները նույնիսկ ի զորու չեն հոգալ արդեն գոյություն ունեցող մանկապարտեզների պահպանման ծախսերը, երեխաների սննդի, աշխատավարձերի ծախսերը: Այսինքն՝ համայնքները մի կողմից ուզում են, որ մանկապարտեզների թիվը մեծանա, և բոլոր երեխաները հնարավորություն ունենան օգտվելու նախակրթական ուսումնական հաստատություններից, բայց, մյուս կողմից, մտավախություն կա, որ դա բյուջեի վրա ծանր հոգս է: Ակնկալում են, որ դարձյալ պետության աջակցությունը կլինի, որպեսզի կարողանան այդ հաստատությունները պահել»:

Արմավիրի մարզի համայնքապատարանների կրթական ոլորտի մասնագետներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում և մանկապարտեզների հետագա պահպանման նպատակով ամրագրել դոտացիաների ավելացման հնարավորությունը:




