
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից ակնկալում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշում, հայտարարել է վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես ակնկալում եմ, որ Մոսկվայում հնարավոր կլինի համաձայնեցնել հաշտության պայմանագրի ևս մի քանի կետեր, և լուծումներ կգտնվեն Լաչինի միջանցքի բացման համար»,-ասել է Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ անվտանգության խորհրդին, վարչապետն ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, մենք գտնվում ենք քննարկումների փուլում։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ։
Խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում որոշում կընդունվի, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ապա ինչ որոշում կընդունվի։ Այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է ու մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու քայլերը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի ու քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,-ասել է Փաշինյանը։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպես է վերաբերում Հայաստանը ԼՂ Ռուսաստանի կազմում ներառելու հնարավորությունը, վարչապետն ասել է, որ Հայաստանը երբեք չի քննարկել այդ հարցը։
«Ես երբեք այս հարցը չեմ քննարկել»,-ասուլիսում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։




