Մեր կարծիքով ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ ու մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ-ի հարցում ՀՀ-ի վարած քաղաքականությանը և դրա նկատմամբ Արցախի ղեկավարության քննադատական դիրքորոշմանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակրետ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ ԼՂ ներկայացուցիչները այդ բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող հարցերը, բովանդակություն գեներացնել ու կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում ԼՂ-ի փոխարեն, հնարավո՞ր է քննարկվի կարգավիճակի հարց կամ նոր օրակարգ առաջ բերվի, Փաշինյանը նշել է․
«Նախկինում էլ ասել եմ, որ մտածելու հարց է՝ արդյոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերը պետք է հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Այս հարցում մենք որոշում չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։




