ԿարևորՀասարակություն

Օլիգարխները չեն կարող չափվել հին հայ մեծահարուստի հետ․ Օշականի արձանագրությունները՝ Սահմադինի բարեգթության մասին

«Օլիգարխները» չեն կարող չափվել հին հայ մեծահարուստի հետ․ Օշականի արձանագրությունները՝ նրա բարեգթության մասին

Դրամից մինչև դահեկան, դուկատ, սուտանի, ստակ, թուման, հետո ռուբլի ու նորից դրամ։ Սա հնում մեզ մոտ շրջանառվող դրամական միավորների անվանումներն են։ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է ազգային արժույթի՝ դրամի ստեղծման 30-ամյակը։ Ի՞նչ արժեչափ է ունեցել հին դրամը, ինչպե՞ս են հնում իրենց դրսևորել ունևորները, ինչ արտառոց հարկատեսակներ են կիրառվել ու չեղարկվել հին Հայաստանում։ Վիմագիտությունը տալիս է այդ հարցերի պատասխանները։

 «Հայ մեծահարուստ մանազկերտցի Ունեկիի որդի Ճարը գնեց Գետիկ վանքը՝ 40 հազար դուկատով։ Դրանից մի քանի տասնամյակ հետո 40 հազար դուկատ՝ այսինքն ոսկի փող, ծախսել է Ավետեց Սահմադինը՝ միայն իր այգու պարիսպների վրա»։

Վիմական արձանագրությունների շնորհիվ 10–րդ դարից փողի արժեչափի մասին տեղեկություններ է ի մի բերում պատմական գիտությունների թեկնածու, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աշոտ Մանուչարյանը։

Հնագետը պատմում է՝ հայկական վիմագիտական նյութերը թույլ են տալիս վերականգնել դրվագներ անցյալի տնտեսական կյանքից։ Կարող ենք պարզել, օրինակ, կոնկրետ դրամի նմուշով ի՞նչ են գնել, ո՞վ է եղել ունևորներից ամենահարուստը, որքա՞ն է կազմել մարդու ապրելու և նույնիսկ մահվան հարկը,

«Ավետեց Սահմադինը երևի առ օրս հայոց մեջ համար 1 մեծահարուստն է։ Եղել է Անի մայրաքաղաքի համասեփականատերը, Մրենի սեփականատերը, Օշականի սեփականատերը։ Եվ, ինչպես 1264 թվականին Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի արձանագրությունն է հուշում, գնել է Երևան քաղաքը իր հող ու ջրով։ Անվանումը թող չխրտնեցնի՝ հայ է եղել։ Մեզ հայտնի հայ օլիգարխները դժվար թե կարողանան չափվել նրա հետ»։

Հռոմի Պապի մոտ խաչակիրների հետ դաշինք կնքելու համար մոնղոլների կողմից դիվանագիտական առաքելության ուղարկված Սահմադինը եղել է նաև բարեգութ ունևոր։ Նա Օշականի բնակիչներին ազատել է տարբեր հարկերից։

Աշոտ Մանուչարյանը մեկնաբանում է՝ կարևոր նշանակության քաղաքներ գնողը, ըստ էության, դարձել է դրանց պատասխանատուն․

«Այո, բնակիչներն էլ իրեն ընդունել են որպես կառավարիչ։ Չնայած հայոց մեջ, ի տարբերություն դասական ճորտատիրույթուն ունեցող տարբեր երկրների, ճորտեր չեն եղել, որովհետև հայ քաղաքացին, հայ շինականը, գյուղացին մշտապես ունեցել է ազատ տեղաշարժվելու իրավունք»։

-Մեզ հայտնի՞ է՝ ինչով է դիզել իր ունեցվածքը Սահմադինը։

-Հայտնի չէ, բայց, որ հզոր ֆինանսական միջոցներ ունեցող մարդ է եղել, դա փաստ է։ Մենք ունեցել ենք ավելի վաղ՝ 13–րդ դարի սկզբին Զաքարյան իշխանապետների օրոք Տիգրան Հոնենց, բայց Սահմադինը ավելի հզոր էր իր ունեցվածքով, քան Տիգրան Հոնենցը։

Հարկերից ազատելը պատվաբեր համարելով, հնում այդ մասին գրությունը հաճախ է հայտնվել եկեղեցիների պատերին։ 1216 թվականի մի արձանագրությունում նշվում է, որ Անի նահանգի թեմակալ առաջնորդ Գրիգոր Արքեպիսկոպոսը չեղարկել է հարկատեսակներից մեկը։

«Ուրեմն պարզվում է, որ նախկինում եղել է մի տեսակ հոգու հարկ, որը և՛ հարուստներից, և՛ աղքատներից հավասարապես գանձում էր՝ 11 դրամ։ Այսիքն, եթե հարուստի կամ աղքատի հարազատ մահացավ, պարտադիր պիտի տվյալ ծխի եկեղեցում վճարեր 11 դրամ։ Ուրեմն 1216 թվականին այդ հարկը վերացվել է»։

Իսկ կարող ենք արժեքի ճշգրտում անել՝ 11 դրամով այդ ժամանակաշրջանում ի՞նչ կարելի էր գնել։

-Դրամով չեմ կարող ասել, բայց, օրինակ, երբ որ պատարագի դիմաց վճարել են 20 դահեկան, այդ գնով կարելի էր մի միջին կարգի այգի գնել կամ տուն։ Որովհետև ասում է «գնեցի ըզ տունս և յետոյ տվեցի եկեղեցույս»՝ գնեցի և տվեցի եկեղեցուն և սահմանեցին 1 պատարագ, որը գալիս է 20, 25 դահեկան։

Դրամից ու դահեկանից զատ, հնում հայերի մոտ շրջանառվել են նաև դուկատը, սուտանին, ստակը, թումանը, մինչև հասել ենք ռուբլուն ու նորից վերադարձել դրամին։

Պղնձե, արծաթե ու ոսկե դրամների անվանումները նույնպես մեզ են փոխանցել արձանագրությունները։ Դրանցից մեկում էլ նշվում է սպիտակ փողի մասին։

«Թադևոս Ավդալբեկյանը, որ եղել է տնտեսագետ, պատմաբան, հետաքրքիր մի համեմատություն է բերում, որ արծաթ փողին սպիտակ անվանելը դա զուտ ներհայկական երևույթ չէ, հատուկ է բոլոր ազգերին, որոնք «արծաթե դրամ» ասելու փոխարեն իրենց լեզուներով պարզապես ասել են «սպիտակ», այնպես, ինչպես այսօր երբեմն դոլարին ասում են «կանաչ»»։

Վիմագրագետ Աշոտ Մանուչարյանը ընդգծում է՝ փողի մասին տեղեկություններով արձանագրություններ ունենք հատկապես զարգացած ավատատիրության դարաշրջանից։ Այն մեզ մոտ տևել է 9-ից մինչև 12–րդ դարի ավարտը՝ Բագրատունյաց և 13-14-րդ դարերում Զաքարյան իշխանապետության շրջանում։ Մասնագետի դիտարկմամբ՝ հայկական մշակույթն այդ շրջանում հասել է իր գագաթնակետին, որովհետև տնտեսական աճը բերում է նաև մշակութային զարգացում։

Կարդացեք նաև

Back to top button