
«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում ամիսներ առաջ բացահայտված ու բարձրաձայնված խնդիրները երկրորդ ստուգման ընթացքում ևս արձանագրվել են։ Երեխաների խախտված իրավունքների մասին նախորդ արձանագրման հիման վրա քրեական գործ չի հարուցվել։ Կրկնվող խախտումները դիտորդական խմբի անդամները նաև այս հանգամանքով են պայմանավորում։ Ի՞նչ է բացահայտվել երկրորդ ստուգմամբ, ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն աջակցության կենտրոնում բնակվող երեխաները։
«Զատիկ» երեխաների աջակցության շուրջօրյա կենտրոնում բացահայտված խախտումների մասին դիտորդների առաջին զեկույցը որևէ կերպ չաջակցեց այդ երեխաներին։ Զեկույցից հետո մարդու իրավունքների պաշտպանն ու գործընկերները եղել են նույն կենտրոնում, վերաբացահայտել գրեթե նույն խախտումները։
Մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար Մարիետա Թեմուրյան․
«Դրանք վերաբերում էին ինչպես բռնությանը, այնպես էլ գերբնակեցմանը, շենքային պայմաններին, որն իր հետ բերում էր մի շարք համակեցության խնդիրների, այդ թվում՝ երեխաների մոտ միջանձնային լուրջ խնդիրների, երեխաների միջև ֆիզիկական բռնությունների»։
Երկրորդ այցը ցույց է տվել, որ չեն վերանայվել նաև երեխաների սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ առաջացնելու պոտենցիալ ունեցող հանգամանքները։ Հիգիենիկ միջոցների անմխիթար վիճակը դիտորդական խմբին հուշել է՝ երեխաները լուրջ խնդիրներ կարող են ունենալ։ Երեխաների նկատմամաբ հոգեբանական ու ֆիզիկական բռնություն է կիրառվում։ Ընդ որում բռնության ենթարկողները ոչ միայն մեծահասկաները, այլև հենց իրենք՝ երեխաներն են։ Օրակարգային է մնում հարցը, թե ինչու առաջին անգամ բարձրաձայնված խախտումների վերաբերյալ դեռ քրեական գործ հարուցված չէ։ Մարիետա Թեմուրյանի խոսքով՝ պատճառն այն է, որ հայտարարություն տալիս չեն բացահայտել իրեն տեղեկատվության աղբյուրների՝ երեխաների անունները․
«Հիմա հարց է առաջանում, ես արդյո՞ք կարող եմ հանրայնացնել աղբյուրները՝ երեխաների անունները և արդյո՞ք այդ դեպքում չեմ վնասելու երեխաներին, որոնք շարունակելու են գտնվել փակ հաստատություններում, աշխատողների ճնշման ներքո և արդյո՞ք ե՛ս պիտի որաշակիացնեմ այդ տեղեկատվությունը, թե՞ մենք ունենք այդ մարմինները, որոնք պետք է իրականցնեն այդ գործառույթը»։
Թեմուրյանն ասում է՝ բացահայտումը մեծ ջանքեր չի պահանջի։ Բավական է գնալ այդ կենտրոն, տեսնել երեխաների սարսափած դեմքերը, երբեմն՝ կապտուկները, զգալ ակնհայտ լարված մթնոլորտը։
«Այդ երեխաների հետ խոսելու կարիք էլ չկա։ Երբ դու այդ ամենը տեսնում ու նկատում ես, մի հատ էլ տեսնում ես ճակատային հատվածում կապտուկը, հետո իմանում ես, որ տղաներն ուզում են սենյակը փոխեն, որովհետև միջանձնային լարված մթնոլորտ է, խոսում ես դայակի հետ՝ համաձանում է քեզ հետ․․․»։
Արդյո՞ք կենտրոնի տնօրենը տեղյակ է այս ամենից՝ ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը դրական պատասխան է տալիս․
«Մշտադիտրակման մեթոդաբանության մի մասն է կազմում նաև զրույցները և՛ աշխատակացմի և՛ տնօրենի հետ։ Մենք հակիրճ ամփոփումից հետո տնօրենի հետ արձանագրված խնդիրների մասին զրույց ենք ունեցել, իրեն ներկայացնելով արձանագրված արդյունքները, և լսել ենք յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իր դիտարկումները։ Որոշ հարցերի վերաբերյալ՝ շենքային պայմանների, կահույքի, սանիտարահիգենիկ պայմանների հետ կապված տնօրենը նշում է, որ պարբերաբար ինքն այդ խնդիրը բարձրաձայնել է պատասխանատու մարմնին, որոշ հարցեր իր կողմից դիտարկման փուլում էր, որոշ հարցերի ինքը տեղյակ չէր և չէր մտածում, որ այդպիսի խնդիրներ կարող էր լինել աշխատակազմում»։
Տնօրենը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ քննարկմանը ներկա չէին։ Նրանց ուղղվելիք հարցերն անպատասխան մնացին։ Սակայն արդեն երկրորդ անգամ զեկույց ներկայացողները լավատես են՝ գուցե այժմ իրավիճակը փոխվի։ Եվ դա ինչպես հոգեբանական ու ֆիզիկական բռնությանը, այնպես էլ ավելի պարզ թվացող, բայց իրականում հիմնաքարային հարցերին է վերաբերում։ Դրանցից է, օրինակ, երեխաների անհատական զբաղվածության ծրագերի բացակայությունը․
«Շատ ոչ բավարար է երեխաների հետ անհատական աշխատանքի ու, առհասարակ, հիմանակնում մեր երեխաների փաստաթղթրի ուսումնասիրությամբ բացակայում են երեխայի հետ աշխատանքի անհատական պլանը կամ, եթե կան որոշներում, դրանք շատ ֆորմալ բնույթ կրող գրառումներ են, և դրանց իրականությանը համապատասխանույունը անհասկանալի է»։
Երկրորդ զեկույցն արդեն ամբողջացվել է և շուտով կառաքվի խնդրին առնչվող բոլոր կողմերին, այդ թվում՝ գերատեսչություններին։ Լավատեսական մոտեցումները, սակայն, հաջորդ ստուգումների դեպքում ոչ թե խնդիրների բացակայություն, այլ գոնե արդեն կրկնված ու հանրային քննարկման առարկա դարձած խնդիրների շտկում են ակնկալում։




