ԿարևորՀասարակություն

Բուհական տեղերը լրացվել են 45 տոկոսով

Հայաստանի բուհերում ընդունելության համար այս տարի հատկացված 15 հազար 984 վճարովի տեղերից ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներով  լրացվել են 7242–ը, այսինքն՝ 45.3 տոկոսը: Ցուցանիշը ոլորտի պատասխանատուները ցածր են համարում։ Հայաստանյան բուհական համակարգը ճգնաժամ է ապրում՝ կառավարության նիստին  ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գործադիրը  բարձրագույն կրթության ոլորտը «փրկելու» ծրագիր ունի։ Խոսքը Ակադեմիական քաղաքի մասին է։ Ո՞ր փուլում է նախագիծը, և ի՞նչ ճակատագիր է սպասվում բուհերին։

Հայաստանում 2027թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան միայն խոշորացված բուհերն ու դրանց միավորված գիտական կազմակերպությունները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցնում է, որ մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրվել է պետական ֆինանսավորմամբ 8 բուհ ունենալու հեռանկարը։

Փաստաթղթով նաև այլ թիրախներ են սահմանվել՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն։

«Հետազոտությունը պետք է դառնա բարձրագույն կրթության անբաժանելի մասը։ Եվ առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների, զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել մրցունակությունն այն բարձրագույն կրթության, որը նախատեսում ենք ունենալ»։

Բուհական համակարգի ճգնաժամային վիճակը գործադիրի համար փաստում են նաև ընդունելության քննությունների  այս տարվա մտահոգիչ արդյունքները։ Թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերում 15984 վճարովի տեղերից լրացվել  է 7242-ը, անվճար 2128-ից՝ 1782-ը։ Մի քանի բուհերի մասով ցուցանիշերն էլ ավելի մտահոգիչ են։ Ուսանողներին շարունակում է չհետաքրքրել ագրարային կրթությունը։ Ընդունելության հիմնական փուլի արդյունքներով  լրացվել է Ագրարային համալսարանին հատկացված տեղերի 7 տոկոսը։ Այս պատկերը փոխելու համար կոնկրետ  քայլեր են անհրաժեշտ։ 2027 թվականից լիցենզավորման պայմաններին չբավարարող որևէ պետական կամ մասնավոր բուհ ՀՀ-ում չի գործելու՝ հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ՀՀ–ում չկա որևէ մի բուհ, ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որն օրենսդրության և հավաստագրման արտոնագրման պայմաններին համապատասխանի։ Դա նշանակում է, որ այդ ցուցանիշերը դրա հետևանքն են։ Թույլ չենք տալու նման բուհերի առկայությունը։ Դա նշանակում է, որ մենք մեր ուսանողներին, ըստ էության, խաբում ենք։ ՀՀ–ում բուհերն այս տրամաբանության մեջ գործելու են միայն Ակադեմիական քաղաքում»։

Հուլիսի 17-ին  ԿԳՄՍ–ն հրապարակվել է բաց հրավեր՝ ուղղված բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին խոշորացման գործընթացին վերաբերող խնդիրները քննարկելու համար : Նախարարի խոսքով՝ նախորդ տարի ձևավորած աշխատանքային խումբն ուսումնասիրել է առկա իրավիճակը՝ ընդունելությունների արդյունքները, դիմորդների թիվը, պահանջարկը, իրականացվող կրթական ծրագրերը և առանձնացրել է 6 հիմնական ուղղություններ, որոնցով ակնկալվում է բարձրագույն կրթության կազմակերպումը:

«Դրանք հետևյալն են՝ դասական ուղղվածության բուհը, որտեղ պետք է լինեն հիմնականում հիմնարար գիտությունները, այդ թվում՝ թե՛ բնագիտական, թե՛ հասարակագիտական, և՛ հումանիտար բնագավառների, բժշկական ուղղությունը, տեխնոլոգիականը, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունները, ճարտարագիտության բնագավառը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները, կրթականը, արվեստներինը և սպայականը»:

Պլանավորվում է, որ առաջին փուլում այս 6 ուղղություններից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում։

Դրա նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են, գործընթացում ներգրաված են նաև  արտասահմանյան մասնագետներ ու ընկերություններ։

Կարդացեք նաև

Back to top button