ԿարևորՔաղաքական

Բրյուսելում կոնկրետ արդյունք չի գրանցվել՝ արձանագրում Երևանից, հանդիպումները շարունակելու կոչեր՝ եվրոպական հարթակներից

Հայաստանի պահանջով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրվել: Արտգործնախարի խոսնակ Անի Բադալյանն տեղեկացրել է, որ նիստում ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանի ելույթը դեռ չի հրապարակվել, սակայն ԵԱՀԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչներ կրկին կոչեր են արել բացել Լաչինի միջանցքը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությանը, անդրադարձ կլինի նաև Բրյուսելում ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։ Մինչև այս երկու հարթակներից տեղեկություններ ստանալը,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում  կայացած եռակողմ հանդիպումը կոնկրետ արդյունք չի տվել։

Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով, ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նիլ Հոլանդը՝ Հայաստանի պահանջով Վիեննայում հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում։

Նա նշել է, որ ՄԹ-ն սատարում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարին ընդունված որոշումը՝ Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու վերաբերյալ և կարևորում այնպիսի կազմակերպությունների աշխատանքը տեղում, ինչպիսին, օրինակ,  Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն է։

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ընդգծել է, որ  հակամարտությունը ռազմական լուծում չունի և ցանկացած կարգավորում պետք է ներառի դրույթներ, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները:

ՄԹ ներկայացուցիչը հիշատակել է  նաև հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որը, նրա կարծիքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունների հույս է ներշնչում։  

ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն էլ հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

Նա շեշտել է, որ առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման։

«ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը Լաչինի միջանցքով՝ համաձայն ԱՄԴ այս տարվա որոշման։ ԵՄ-ն անհանգստացած է միջանցքի արգելափակման  հետևանքով սննդամթերքի, դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԿԽՄԿ-ի փոխադրումների արգելքը անհանգստացնող է: Ներկա իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում, որը հակասում է վստահության ամրապնդմանն ուղղված այդքան անհրաժեշտ ջանքերին»։

Նա հիշեցրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորության մասին, վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է նպաստել վստահության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուկերն էլ մեջբերել է պետքարտուղար Բլինքենի այն հայտարարությունը, թե «Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղություն ձեռք բերել»՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա, խուսափելով ուժից կամ ուժի սպառնալիքից։  Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներն, ըստ նրա, առաջընթացի հասնելու միակ ճանապարհն են։

Մինչ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում մասնակիցները ողջունում են  Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները, ՀՀ վարչապետը հստակեցնում է, որ  հուլիսի 15-ին  կայացած Բրյուսելի եռակողմ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել։

«Բրյուսելի եռակողմ հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, բայց բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ։ Այս ընթացքում ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի ձեւավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և բոլոր ջանքերը պետք է գործադրել այդ ուղղությամբ»։

Փաշինյանը շեշտում  է, որ Բաքուն անտեսում էԱՄԴ որոշումները և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը ծրագիր է, որի նպատակը Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումն է։

Իսկ  Բրյուսելում, ըստ վարչապետի, վերահաստատվել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը։

Առաջիկայում Փաշինյանի խոսքով պետք է հստակեցվի սահմանազատման աշխատանքների քարտեզագրման հիմքը, որը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքով։

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորություն շարունակում է տեսնել Մոսկվան։  Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝  հանդիպման ժամկետը կհայտարարվի, երբ այդ  ուղղությամբ աշխատող փորձագետներից առաջարկներ ստացվեն։

Ի դեպ, Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է  նաև Թուրքայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Ղարաբաղից։ Նա հիշեցրել  է՝ Անկարան եռակողմ հայտարարության կողմ չէ։

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարությունների կողմ չի հանդիսանում։ Հենց այդ փաստաթղթի հիման վրա են ռուս խաղաղապահները տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։ Հենց այդ փաստաթղթում է ընդգծված ինչպես առաքելության գործունեության ժամկետը , այնպես էլ առաքելության ևս հինգ տարով երկարաձգման պարամետրերը։

Խաղաղապահները կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան»։

Արդյո՞ք ռուսական կողմը հնարավորություն ունի ազդելու Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում և օրինակ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ռուս խաղաղապահների ուղղաթիռների միջոցով։  Զախարովան հարցին հստակ պատասխան չի տվել՝  խոստանալով մանրամասները  ճշտել մասնագետներից։

Կարդացեք նաև

Back to top button