ԿարևորՏնտեսական

Շրջանառության մեջ է դրվում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:|

Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.):

Ծնվել է Գյուլագարակ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1930 թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է հաճախել մարմնամարզության խմբակ: 1939 թ. նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը:

Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու
ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ:

Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա
Շահինյանի՝ առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի
պտուտան»:

Սպորտային կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության:
1958-1996 թթ. եղել է ՀՀ լուսավորության նախարարության պատանի մարմնամարզիկների
մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, 1967-1969 թթ.՝ ՀԽՍՀ սպորտկոմիտեի
նախագահ:

Լեգենդար մարզիկը հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային
բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.):
2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան»
մեդալը:

Շահինյանի անունով են կոչվել փողոցներ ՀՀ քաղաքներում, Երևանի մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան դպրոցը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։

Դիմերես՝ Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա
կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ:

Դարձերես՝ Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան,
ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.):

Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 200 հատ
Թողարկման տարեթիվը 2023

Կարդացեք նաև

Back to top button