ԿարևորՀասարակություն

Վրաստանի հայաբնակ գյուղերի աշակերտներն այցելել են Հայաստան

Հուլիսի 16-18-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Այցելության առաջին օրը հագեցած է եղել մշակութային ծրագրով, աշակերտների խումբն այցելեց Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր։ Երեխաները շրջայց ունեցան նաև Լոռու մարզի COAF Սմարթ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին։

Հուլիսի 17-ին աշակերտների խումբն այցելել է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ վերջիններիս ներկայացվել են կենտրոնի կրթական ծրագրերը։ Երեխաները եղել են նաև «ԱՍԷԴԼ» ընկերությունում, ծանոթացան արտադրամասում աշխատանքային գործընթացի կազմակերպմանը, ինչին հաջորդել է վիրահայ գործարարների հետ հանդիպումը։

Վերջին օրը դպրոցականներն այցելել են ՀՀ Ազգային ժողով, որտեղ վերջիններիս դիմավորեց և հետաքրքրող հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նույն օրը խումբը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջայց ունեցավ թանգարան-ինստիտուտում։ Դպրոցականները հյուրընկալվել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հանդիպում ունեցան Հայաստանում Վրաստանի հյուպատոս Մամուկա Ջանբազիշվիլիի հետ։ Աշակերտների խմբին ուղեկցել է Վրաստանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։

ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին, որոնք աջակցեցին աշակերտների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։

Կարդացեք նաև

Back to top button