
Արդեն երկրորդ օրն է՝ Երևանում բողոքի ակցիաներ են կազմակերպվում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։ Պահանջը հստակ է՝ բացել կյանքի ճանապարհն ու ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ակցիայի մասնակիցները օտարերկրյա դիվանագետներին մեկ անգամ ևս ներկայացնում են Արցախում տիրող ծանր վիճակն ու հայտարարում՝ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ծնվել է Երևանում, բայց արցախցի է․ «Ռադիոլուրի» զրուցակիցը Դավիթն է, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Հանդիպում ենք Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Հստակ պահանջ ունեն․
«Ես ծնվել եմ Երևանում, բայց իմ մաման ու պապան Արցախում են ծնվել, ուրեմն ես էլ եմ արցախցի։ Որ բացեն ճանապարհը, այն իմ կյանքի ճանապարհն է»։
Արցախի ամեն ինչն է սիրում Դավիթը։ Հիշում է բոլոր մանրուքները, կարոտում է բոլորին ու ամեն ինչին․
«Կարոտում եմ ամեն ինչը՝ սիրունությունը, ճանապարհը։ Ինչ կա, սիրուն է։ Տատիկս, պապիկս, բոլորն այնտեղ են, ինչ ասեմ»։

Դավիթն արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիաների է մասնակցում, որոնք կազմակերպվում են Հայաստանում հավատարամգրված դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։ Ցուցարարների պահանջը հստակ է՝ բացել կյանքի ճանապարհն ու ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյան․ «Այստեղ հավաքվելու բուն նպատակը երկու պահանջ է՝ բացել մեզ համար կյանքի ճանապարհը, հնարավորություն տալ ապրել մեր հայրենիքում։ Երկրորդ՝ խնդրում ենք և պահանջում, որ Կոսովոյի օրինակով ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ինչու՞ մյուսների իրավունքները հարգելի են, մյուսների ինքնորոշման իրավունքը աշխարհի համար ընկալելի է, իսկ արցախցիների ինքնորոշման իրավունքը, որը կատարվել է օրենքի տառին համապատասխան, աշխարհի կողմից չի ընկալվում»։

«Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանն արցախցիների անունից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետության, դիմեց Ֆրանսիային, պահանջելով բարձրացնել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը․
«Այսօր շնչահեղձ լինող Արցախը ստիպված է ապրել տոտալ շրջափակման պայմաններում, միաժամանակ լուծելով 2020 թ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով բռնի տեղահանված արցախցիների սոցիալական ու բնակարանային հարցերը։ Այսօր տեղահանված ու շրջափակման պատճառով Հայաստանում յոթ ամիս սպասող իմ հայրենակիցների անունից հայտարարում եմ ՝ վճռական ենք տրամադրված՝ իրացնելու մեր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովդրական կամքը»։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է՝ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ուստի Փարիզը հետևողական պետք է լինի ու ճանաչի Արցախը որպես անկախ պետություն։ Լարիսա Աավերդյանն ընդգծում է՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է և պետք է պետք է Ադրբեջանի ահաբեկչական գործունեության հարցը բարձրացնի այնտեղ՝ կոնկրետ պատժամիջոցներ առաջադրելով Ադրբեջանի ղեկավարների դեմ․
«Ես դեմ եմ, որ պատժամիջոցներ լինեն ժողովրդի դեմ։ Ինձնից ատելության կոչ երբևէ որևէ մեկը չի լսել։ Խոսքը հանցավոր քաղաքականության և հանցավոր քաղաքականություն իրականացնող ղեկավարների մասին է»։

Լարիսա Աավերդյանը ՄԱԿ-ից ակնկալում է զեկւոցողներ նշանակել Արցախում մարդու իրավունքների իրացման մշտադիտարկման համար։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանում ընթացող իրազեկման ակցիաներին, նշել, որ արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:




