ԿարևորՀասարակություն

Սկանդալներն ու խմորումները Մատենադարանի համար չեն․ Արա Խզմալյան

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Վերջիննն ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթացել է Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։

Մատենադարանի տնօրենի մրցույթից մոտ երկու ամիս առաջ փոխվեց  ընտրության կարգը, վերանայվեց կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում ավելացավ   կառավարության  ներկայացուցիչների թիվը։ Մատենադարանի հոգաբարձուների կազմում  այժմ  13 անդամից միայն 2-ն են հաստատությունից, մյուսները կառավարությունից ու այլ կառույցներից են։ Մինչդեռ մինչև փոփոխությունները հոգաբարձուները 24-ն էին, նրանցից 11-ը՝ Մատենադարանի աշխատակիցներ։

Նախկին կարգի համաձայն՝ Մատենադարանի տնօրեն դառնալու համար պետք էր ունենալ դոկտորի կոչում, այս պահանջը նույնպես վերացվել է։

Ի՞նչու ընտրությունից առաջ փոխվեց ընտրության կարգը։ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։ «Նոր օրենքով փոխվել է գիտական աստիճանաշնորհման համակարգը։ Երկու տարի առաջ բուհերի ռեկտորների մասով այդ պահանջը վերանայվեց։ Քաղաքականության մեջ հերթական քայլն ենք անում։ Գիտությունների դոկտորի աստիճան այլևս չի շնորհվում, ու պետք է մեր կարգավորումները բերենք այդ տրամաբանության»:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերի գծով խորհրդական  Գուրգեն Գասպարյանը նորմալ է վերաբերվում  կառավարման խորհրդի փոփոխությանը ու զարմանում, թե ինչ տարբերություն՝ խորհրդում  Մատենադարանից 11, թե՞ 2 հոգի  են ներկայացված․ չէ՞ որ Մատենադարանի  խնդիրները հոգաբարձուների խորհրդին ի վերջո ներկայացնում է  տնօրենը։

«Ակադեմիկոս, դոկտոր կամ ուրիշ կոչում ունեցող մեկը այսպես լավ է հնչում, բայց ես կարծում եմ, որ Մատենադարանի տնօրենը պիտի լինի մարդ , որն առաջին հերթին հմուտ կառավարիչ է»։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Վերջինն ընտրության օրը ինքնաբացարկ հայտնեց։ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ 13 ձայնով, Մատենադարանի տնօրեն ընտրեց Արա Խզմալյանին։ Նա արվեստագիտության թեկնածու է։ Չի կիսում այն կարծիքը, թե ընտրության կարգի փոփոխություններն իր անձով էին պայմանավորված։

«Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ոչ թե կոչում, այլ ծրագիր, իմ գործընկերներից մեկը կրկնակի դոկտոր էր։ Գրել է 6 էջանոց ծրագիր, ես թեկնածու եմ, գրել եմ  25 էջանոց ծրագիր, օրինակի համար եմ ասում։ Ինչո՞ւ պետք է հոգաբարձուները հնարավորություն չունենան ծրագիրը քննարկելու։ Այստեղ խնդիրը այն չէ, որ տնօրեն ենք ընտրում, որ գիտությամբ զբաղվի, այլ տնօրենը պետք է պայմաններ ստեղծի, որ գիտությամբ զբաղվողը գիտությամբ զբաղվի։  Ես ինձ չեմ համարում Մատենադարանից անտեղյակ մարդ։ Ես այստեղ կյանք եմ անցկացրել, իմ խորին համոզմամբ՝ լավագույն տնօրեններից մեկի՝ Հրաչյա Թամրազյանի օրոք, և այս շենքի յուրաքանչյուր քարի գլխին մենք կանգնած ենք եղել միասին»։

Ինքնաբացարկ հայտնած թեկնածու Արծրուն Սահակյանն ասում է, որ առաջադրվել է թիմի ու համախոհների  պահանջով, թեկնածությունը հանել իր կամքով։

 «Ես հասա իմ նպատակին, որ անցկացրի մի թեթև դասախոսություն Մատենադարանի շուրջ, և չտրվեցի քննվողի կարգավիճակին»։

Արդեն ընտրված տնօրեն Արա Խզմալյանը շեշտում է, որ    Մատենադարանը հակասությունների և կոնֆլիկտների տեղ չէ։

«Մատենադարանը գիտական, մշակութային ծանրակշիռ հաստատություն է, որտեղ յուրաքանչյուր աշխատող լուռ պետք է անի իր աշխատանքը։ Սկանդալներ, խմորումներ․․․սրանք Մատենադարանի համար չեն։ Դրանք ծնվում են, երբ կա անիշխանություն։ Ես հույս ունեմ, որ իմ գործընկերների հետ, որոնց  հետ ճանապարհ եմ անցել, շատ արագ բոլոր հարցերը կկարգավորենք»։

Ի դեպ, մյուս թեկնածուն՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանը, չցանկացավ զրուցել լրագրողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button