ԿարևորՄիջազգային

«Հացահատիկի գործարքը» դադարեցվել է

«Հացահատիկի գործարքի» պայմանավորվածությունները դադարել են գործել, գործարքը դադարեցվել է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Փաստացի սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարել են գործել: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք, Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար դրա գործողությունը դադարեցվել է»,-պարզաբանել է Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել է, որ հենց որ կատարվի պայմանավորվածությունների ռուսական մասը, Ռուսաստանը «անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը պաշտոնապես ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին հացահատիկի գործարքի երկարաձգման առարկության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ զրույցում ասել էր, որ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու պարտավորությունները չեն կատարվել։

Նա ընդգծել էր, որ հացահատիկի գործարքի հիմնական նպատակը մնացել է անկատար՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին։

Կարդացեք նաև

Back to top button