
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն անդրադարձել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրին՝ հստակ շեշտելով, որ այն Հայաստանը մասնատելուն միտված քայլ է և հարվածելու է Ռուսաստանի և Իրանի շահերին: Այն, որ Իրանը դեմ է հարևան երկրների սահմանների փոփոխությանը և միջանցքային տրամաբանությանը, պարզ էր ավելի վաղ․ իրանցի պաշտոնյաներն այս առնչությամբ տարբեր հայտարարություններ են արել։ Փորձագետներին այլ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է Թեհրանն այս պահին բաց տեքստով այդ մասին խոսում ։
Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը չպետք է հայկական տարածքի հաշվին իրականացվի։ Գազի, էլեկտրաէներգիայի տարանցումն ու երթուղիների գործարկումը հնարավոր է հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ արձանագրում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Ըստ նրա՝ աստիճանաբար պարզ է դառնում, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող ընդարձակ ծրագրի հիմքում Հայաստանի մասնատումն է, ինչպես նաև Իրանն ու Հայաստանը բաժանելը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Այս ծրագիրը, ըստ իրանցի պաշտոնյայի, կսահմանափակի արտաքին աշխարհի հետ կապը, հատկապես Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի ուղղությամբ։
Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը պատահական չի համարում այսօր նման հայտարարության հրապարակումը։ Սա, ըստ նրա, պայմանավորված է այս օրերին Վաշինգտոնում ընթացող քննարկումներով, որոնք ներառում են նաև ապաշրջափակման հարցեր․
«Հրապարակումներ եղան, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում Հայաստանի համար յոթ ծանրագույն կետեր է քննարկել, որոնց մեջ նաև «Զանգեզուրյան միջանցք»-ի բացումն է ՝ եվրոպական ինչ-որ մաքսային վերահսկողության ներքո։ Սա անհանգստացնում է Իրանին։ Այդ հնարավորությունը Թեհրանն ընկալում է որպես թուրքական միջանցք, որը գործիք է դառնալու Արևմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ ։ Այսինքն՝ ուզում են, որ բացվի ու Արևմուտքի հսկողության տակ լինի, ինչը Ռուսաստանի ու Իրանի համար լուրջ պրոբլեմ է, քանի որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագիծը ձախողման եզրին է հայտնվում, սակայն մյուս կողմից Ռուսաստան, Ադրբեջան, Իրան խոսում են, որ Հյուսիս-Հարավը Ադրբեջանով պետք է անցնի»։

Եթե այդ ճանապարհը հսկվի Ռուսաստանի կողմից, ըստ զրուցակցիս, ավելի քիչ ռիսկեր կպարունակի։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթին, թերևս սա նկատի ունենալով, նշել է, որ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին օտար երկրների առկայությունը։
Նա զգուշացրել է, որ Ռուսաստանը պետք է զգույշ լինի և գիտակցի, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասը կվերածի մրցադաշտի: Իրանագետ Արմեն Վարդանյանը բնական է համարում Թեհրանի անհանգստությունը՝ հիշեցնելով ոչ վաղ անցյալում արձանագրված որոշ փաստեր։
«Մենք տեսանք, որ երբ 2021 թվականին Գորիս-կապան ճանապարհը փակվեց , այդ 21 կմ հատվածը, որը Ադրբեջանը հայտարարում էր, որ իր տարածքն է, առաջին քայլերից մեկը եղավ այն, որ սկսեցին ձերբակալել իրանական բեռնատարների վարորդներին և խնդիրներ ստեղծեցին իրանական բեռնափոխադրումների համար։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ եթե դա իրագործվի, Իրանը շատ մեծ կախվածության մեջ է ընկնում Ադրբեջան ու Թուրքիա տանդեմից»։
Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի անդրադարձը ոչ թե Ռուսաստանին ուղղված հորդոր է որակում, այլ՝ զգուշացում Հայաստանին․
«Սա երևի ճնշման փորձ է երևի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, փորձում են սթափեցնել։ Չեմ կարծում, թե ինչ-որ գործողությունների կգնա Իրանը, նկատի ունեմ ԶՈՒ մակարդակում»։
Սյունիքում հյուպատոսություն բացելով Թեհրանն ամեն դեպքում, ըստ վերլուծաբանի, փորձում է ձեռքը զարկերակի վրա պահել։




