ԿարևորՔաղաքական

Լենցովը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ. ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ, ասված է պետնախարարի Ֆեյսբուքի էջում:

«Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա. Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա, ընդունել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, արգելափակված է Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, խախտված է Եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Ա. Լենցովը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը։

Հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։

Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի ԿԽՄԿ գրասենյակ և ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր՝ ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք։

Ինչպես նախօրեին հայտնել էր Արցախի պետնախարարը, այսօրվանից սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում. «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում»,- ասել էր Գուրգեն Ներսիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button