
Արցախում սկսված անժամկետ ժողովրդական շարժումը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքն արդեն 7 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում կիրառված միջոցառումների անբավարարության, նաև միջազգային միջնորդների անարդյունավետության ցուցիչներ են։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ նոր ձևավորվող շարժումը բանակցային արագացված գործընթացի վրա։
Վերլուծաբաններն այդ ազդեցությունը չեն բացառում, կարծում են, որ որպես առաջին քայլ այն կարող է արդյունավետ լինել, բայց կարևորում են նաև շարունակությունը՝ մշակված հաջորդական քայլերի տեսքով։
Արցախի հանրահավաքը կարող է որոշակի ազդեցություն ունենալ հուլիսի 15–ի Բրյուսելի օրակարգի վրա։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ենթադրում է, որ Արցախում համահայկական նոր շարժումով հնարավոր նոր զարգացումների շրջափուլ է սկսվում։
«Ըստ էության, ամրապնդվում է Արցախի սուբյեկտայնության հանգամանքը։ Այսինքն՝ Արցախը նման վարքագծով դառնում է և ամրագրում է իր բացառիկ դերը իր խնդիրների մասով հենց իր հետ երկխոսելու, իրեն լսելու այս գործընթացներում։ Ոչ թե ինչպես հիմա է՝ միջնորդավորված։ Կրկին անգամ Ադրբեջանի առջև միջազգային դերակատարների՝ տվյալ դեպքում Բրյուսելի, հետո նաև ԱՄՆ-ի կողմից բարձրացվելու է հենց Արցախի հետ Ադրբեջանի երկխոսելու հրամայականը։ Այն, որ այս թեման արծարծվելու է Բրյուսելում, կասկածից վեր է»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ Ադրբեջանի հռետորաբանության հերթական կոշտացման ֆոնին բրյուսելյան եռակողմ հանդիպման հենց նախօրեին նախաձեռնված հանրահավաքը ոչ թե համընկել է հանդիպման օրվա փոփոխության հետ, այլ մտածված քայլ է․
«Ցույց տալու համար, որ եթե այնտեղ՝ Բրյուսելում, փորձ արվի Ադրբեջանի պատկերացումները առաջ մղել, ապա դա չի կարող Արցախում որևէ ընդունելության արժանանալ, և պետք է հաշվի առնել Արցախի հանրության վերաբերմունքը և պատկերացումները իր ապագայի վերաբերյալ։ Իսկ այն, որ բրյուսելյան ձևաչափում կան այդ վտանգները՝ ադրբեջանական մոտեցումների կապիտալիզացիայի, դրա նվազագույն դրսևորումը մենք կարող ենք տեսնել օրինակ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գործունեության, գրառումների և այլնի համատեքստերում։ Այս տեսանկյունից, ես կարծում եմ, Արցախի այս վճռական դիրքորոշման բարձրաձայնումը, այո, կարող էր պատահական չլինել Բրյուսելի հանդիպումից առաջ»։
Եթե զարգացումներն իսկապես այս ուղղությամբ են, ապա վերլուծաբանը կարևոր է համարում, որ հանրահավաքը լինի առաջին, բայց ոչ վերջին մշակված քայլը։ Հաջողություն կարող է գրանցվել, եթե մշակված և հաշվարկված քայլերի հաջորդականություն լինի։ Այլապես հիասթափությունը կարող է հակառակ էֆեկտի բերել՝ հուսահատություն, ապատիա և հանրային մասնակցության առումով հետագա հնարավորությունների նվազում։
«Խոսքը շատ բարդ իրավիճակի մասին է։ Արցախն իր անելիքների հարցում նույնիսկ փոքր ընտրության հնարավորություն գրեթե չունի։ Մյուս տեսանկյունից, պետք չէ պատկերացնել, որ հեշտորեն կարող են ընտրվել ինչ-որ քայլեր և այլն։ Եվս մեկ անգամ բարձրաձայնել, հավաքել մարդկանց հրապարակում, սա, իհրակե, լուծում լինել չի կարող։ Բայց եթե սա մշակված քայլերից մեկն է, առաջինը, բայց հետագայում լինելու են նաև այլ քայլեր, որոնք առարկայորեն կշոշափեն այն մեծ շահերը, որոնց կիզակետում է հայտնվել Արցախը և կփոխեն այդ շահերը կրողների վարքագիծը, սա է գլխավոր հարցը, և այստեղ տեսնենք, թե ինչ ճանապարհային քարտեզ ունեն մշակած համաժողովրդական շարժման նախաձեռնողները, որը փաստացի Արցախի իշխանությունն է»։
Հաշվարկների մեջ, ըստ վերլուծաբանների, պետք է նկատի առնել նաև շահերի գործոնը։ Հակոբ Բադալյանի խոսքով՝ բոլոր զարգացումները քաղաքական շահերի տիրույթում են։ Հայկական կողմն ու առաջին հերթին Արցախը պետք է գտնեն այն ճիշտ գործողությունները, որոնք անմիջականորեն կշոշափեն միջազգային դերակատարների վարքագիծը թելադրող շահերը։
Ստեղծված իրավիճակում որքան քիչ են Արցախի հնարավորությունները, նույնքան սահմանափակ են Հայաստանի անելիքները։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը գիտակցում է, որ խնդրի լուծումը ռազմական ճանապարհով այսօր իրատեսական չէ։ Հետևաբար՝ հնարավորություններն այլ դաշտում են։
Ի՞նչ է աջակցություն է ակնկալվում Հայաստանից։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝
«Գուցե կա, բնականաբար, Հայաստանի գործողությունների էֆեկտիվությունը բարձրացնելու խնդիր։ Օրինակ, արտգործնախարարությունը օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ միջազգային հանրությունից ավելի գործուն քայլեր է ակնկալում, գուցե արդեն կարիք կա շատ հստակ առարկայացնելու, թե հատկապես ինչ ենք մենք պատկերացնում «ավելի գործուն քայլեր» ասելով՝ պատժամիջոցնե՞ր Ադրբեջանի դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկում։ Գուցե արդեն պետք է այս հասցեականության և առարկայականության մասին մտածել։ Անկասկած է, որ էֆեկտիվությունը պետք է բարձրանա»։
Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը առանձնացնում է այն նվազագույն 3 քայլերը, որոնք այս պահին Հայաստանի հնարավորության սահմաններում են։
«Առաջին հերթին՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ, բոլոր հնարավոր եղանակներով փորձել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին։ Երկրորդ՝ շարունակել բարձրաձայնել արցախահայության խնդիրները տարբեր միջազգային ատյաններում և գործարկել հնարավոր բոլոր միջազգային մեխանիզմները, որոնք կարող են այս ծանրագույն պահին լուծումներ ապահովել արցախահայության համար։ Դա ՄԱԿ-ին ենթակա տարբեր հումանիտար կազմակերպություններն են, նաև հենց միջնորդ երկրները։ Երրորդ կարևոր ուղղությունը ևս կա․ Հայաստանը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղից կհամակարգվեն բոլոր ջանքերը Արցախի հետ ավելի սինխրոն աշխատելու և Սփյուռքի հետ գործողությունները համակարգելու համար»։
Այս քայլերով քաղաքագետը հնարավոր է համարում տարածաշրջանում, դերակատար–երկրներում ու ամբողջ աշխարհում աղմուկ բարձրացնելու և այդ ազդեցությամբ իրավիճակը փոխելու հնարավորությունը։




