Շուրջ 1.5 տարի առանց քաղաքապետի մնացած մայրաքաղաքը սեպտեմբերի 17-ին ավագանի, հետևաբար նաև քաղաքապետ կընտրի։ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում միաձայն ընդունել է համապատասխան որոշումը։ ԿԸՀ–ն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ժամանակացույց կկազմի, որի համաձայն էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները կպատրաստվեն ավագանու ընտրություններին։ Նախնական հաշվարկով նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին՝ «Ռադիոլուր»–ին ասել է ԿԸՀ նախագահը՝ համաձայնելով դիտարկմանը, որ քարոզարշավը վաղուց է սկսվել։ Ըստ Վահագն Հովակիմյանի՝ օգոստոսի 23-ից կմեկնարկի քարոզարշավի կանոնակարգվող ժամանակահատվածը։
- Սեպտեմբերի 17-ին Երևանը քաղաքապետ կընտրի
Ուղիղ 66 օր հետո շուրջ 1.5 տարի «անքաղաքապետ» մնացած մայրաքաղաքում ընտրություններ կլինեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ առաջիկա 7 օրերի ընթացքում հանձնաժողովը կսահմանի ընտրական գործընթացի ժամանակացույցը։
«Ժամկետները բխում են Ընտրական օրենսգրքից, ԿԸՀ–ն այստեղ հայեցողություն չունի։ Հաշվարկի համար հիմք է ծառայում քվեարկության օրը, և ըստ սահմանված կարգի՝ ժամանակացույց է կազմվում»,– բացատրում է Հովակիմյանը։
Օգոստոսի 3-13-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների ու դաշինքների հայտերն ու փաստաթղթերը, 5 օր ուսումնասիրելուց հետո կհաստատի կամ կմերժի դրանք։ Գրանցման վերջնաժամկետից 5 օր անց էլ՝ նախնական հաշվարկով օգոստոսի 23-ից, կմեկնարկի քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ։ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը շուրջ 25 օր կտա քաղաքական ուժերին ընտրողներին կողմնորոշելու կամ համոզելու համար։
Ի՞նչ կլինի, եթե ավագանին քաղաքապետ չընտրի․ օրենքը սահմանում է, բայց չի կարգավորում
- Քարոզարշավ՝ քարոզարշավից հետո
Քարոզարշավը Երևանում փաստացի վաղուց է սկսվել․ հայտնի թեկնածուներից մեկը՝ ի պաշտոնե, մյուսը՝ մոնոներկայացումով, մյուսները՝ կոնկրետ ծրագրերով ու խոստումներով վաղուց պատրաստվում են ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է՝ օրենքի տեսանկյունից այստեղ որևէ խախտում չկա, ընդհակառակը, ըստ Հովակիմյանի, սա դրական միտում է։
«Ըստ էության՝ քաղաքական ուժերը արդեն վաղուց փաստացի քարոզարշավի մեջ են։ Առհասարակ, կուսակցությունները քվեարկության հաջորդ օրվանից կարող են ու ազատ են քարոզչություն իրականացնել։ Իրենք 5 տարի ունեն հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար։ Քարոզարշավի՝ օրենքով սահմանված ժամանակահատվածը, սահմանափակումների ժամանակահատված է»,– ասում է ԿԸՀ նախագահը։
- «Կներեք, եթե չհասցրի ինչ–որ բան անել»
«Քանի դեռ ես քաղաքապետ եմ, խնդրում եմ քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ Ձեր ծառայությունը իրականացրեք մաքսիմալ պատասխանատվությամբ։ Շնորհակալություն իմ թիմի անդամներին և, ամենակարևորը, շնորհակալություն Ձեզ, երևանցինե՛ր, կներեք, եթե չհասցրի ինչ–որ բան անել»։
3 տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած, այս պահի դրությամբ Երևանի վերջին քաղաքապետ Հայկ Մարությանը 2021թ դեկտեմբերի 22–ին այսպես ավարտեց պաշտոնավարումը։ Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում առաջադրած ու ընտրած քաղաքական ուժը ձայների մեծամասնությամբ անվստահութուն հայտնեց գործող քաղաքապետին ու նույն օրը քաղաքապետի պաշտոնակատար ընտրեց Հրաչյա Սարգսյանին։ Վերջինը15 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։
«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին ու միևնույն ժամանակ հայտարարել, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ»,– ասել էր Հրաչյա Սարգսյանը։
Սրանից հետո ու մինչև այժմ Երևանի քաղաքապետի փաստացի թափուր աթոռը զբաղեցնում է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ քաղաքը փաստացի «ղեկավարում»՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Իշխող քաղաքական ուժի թեկնածուն դեռ մեկ տարի առաջ էր Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի վայրում հայտարարել։
«Ես այստեղ եմ ՔՊ կուսակցության վարչության անդամ և, այո, որպես ՔՊ կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»:
- Հայտնի թեկնածուներ ու չհրապարակված ընտրական ցուցակներ
Երևանի քաղաքապետի սեպտեմբերյան ընտրությունների ոչ պաշտոնական ցուցակում արդեն մեկ տասնյակից ավելի գործիչ կա։ Գործող փոխքաղաքապետ Ավինյանից բացի՝ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնել գործարար, «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակն է գլխավորելու։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
– Ընտրություններին ձեր թեկնածությունը դնելո՞ւ եք։
– Ներկայացմանը բոլոր հարցերին կպատասխանեմ։
Այս հարցի պատասխանը Մարությանը մոնոներկայացման ժամանակ էլ չտվեց, փոխարենը ընտրություններում իր մասնակցությունը արդեն հաստատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Փաստաբան Նորայր Նորիկյանը նույնպես կլինի քաղաքապետի թեկնածուների ցուցակում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը։
- «Անհետաքրքի՞ր» ընտրություններ
Մինչ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հերթական հարցումները փաստում են՝ ընտրողների ավելի քան 30 տոկոսը չգիտի՝ կմասնակցի ընտրություններին թե ոչ, իսկ 13 տոկոսն կողմնորոշվել է՝ ընտրությունների չի գնա։ Ըստ Սոցհարցման արդյունքների՝ հայտնի թեկնածուների վարկանիշը բավականին ցածր է։ Հարցվածների միայն 10 տոկոսն է իր աջակցությունը հայտնել իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանին, 8 տոկոսը պատրաստվում է իր ձայնը տալ Հայկ Մարությանին։ Մյուս թեկնածուների վարկանիշները, ըստ արդյունքների, 5 տոկոսից ցածր են։