ԿարևորՔաղաքական

Հուլիսի 21-ը՝ հուլիսի 15-ին․ փորձագետները Բրյուսելից էական առաջընթաց չեն սպասում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը նախապես ծրագրված օրվանից մեկ շաբաթ առաջ տեղափոխելու հիմնավորումները պաշտոնապես չեն ներկայացվում, բայց կողմերն արդեն հաստատել են՝ հուլիսի 21-ի նախատեսված  եռակողմ հանդիպումը Բրյուսելում կկայանա հուլիսի 15-ին։

Հայաստանի վարչապետը, հաստատելով իր մասնակցությունը հուլիսի 15-ին տեղափոխված եռակողմ հանդիպմանը, Բրյուսել է մեկնելու հստակ ակնկալիքով․ «Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։

Վերլուծաբանները, սակայն, առաջընթացի հարցում նույնքան լավատես չեն։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը  մատնանշում է բանակցային փաթեթը միջնորդական տարբեր հարթակներում բաժանելու տրամաբանությունը։

Ասում է՝ պետք է հասկանալ, որ Բրյուսելում բանակցությունները չեն առնչվում խաղաղության պայմանագրին։ Դրա  դետալային քննարկումն իրականացվում է Վաշինգտոնում։ Հավանական է համարում, որ Բրյուսելն այս անգամ կփորձի մոտեցնել կողմերի դիրքորոշումները սկզբունքային հարցերում։ Տարաձայնությունները մնում են անփոփոխ և երեքն են՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծում, սահմանազատման չափորոշիչների և քարտեզների հստակեցում և երաշխավորի իստիտուտի հիմնում։  

«APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը թերահավատ է, որ Ադրբեջանը կհամաձայնի միջազգային որևէ միջնորդության կամ երաշխավորության։ Ասում է՝ մոտիվացիա չունի դրա համար։ Արցախի համար մշակած ադրբեջանական հավանական սցենարն, ըստ փորձագետի, այն է, որ ոչ թե ռազմական, այլ հոգեբանական չդադարող ճնշումների հետևանքով Արցախը հայաթափվի, իսկ 15-20 հազար հայի դեպքում արդեն սուբյեկտայնության հարց չի լինի։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ «Խաղաղության պայմանագրի» ապագան խնդրահարույց է ռազմական դիսբալանսով պայմանավորված և Ադրբեջանի անզիջում կեցվածքի պատճառով։

«Ստացվում է, որ ուժի սպառնալիքով է պարտադրվում։ Այդպես, իհարկե, կարելի է փաստաթուղթ ստորագրել, բայց որքանով այդ փաստաթուղթը կընդունի հասարակությունը և որքանով այդ փաստաթուղթը կգործի 5, 10, 15 տարի հետո, դեռ մեծ հարց է։ Պետք է ձգտել լիբերալ խաղաղության, ոչ թե պարտադրված, ագրեսիվ փաթեթի, որը Հայաստանոի հետագա սերունդների կողմից դժվար թե ընդունելի լինի»։

«Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս դե Վաալը հուլիսի 15-ի Բրյուսելի ակնկալիքների մասին խոսելիս ինչ-որ հարցերում հավանական է համարում առաջընթացը հավանական  է համարում, բայց գլխավոր՝ ԼՂ-ի հարցում չի տեսնում առաջընթացի հնարավորություն։

Թոմաս դե Վաալը համոզված է՝ Հայաստանի ոչ մի ղեկավար Ադրբեջանի հետ չի ստորագրի ոչ մի պայմանագիր, եթե չլինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ Ամերիկացի վերլուծաբանը Ադրբեջանի կողմից այդպիսի երաշխքներ տալու մտադրություն և ցանկություն դեռ չի տեսնում։

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիմների հարցում փորձագետների կարծիքները տարբերվում են։ Կա տեսակետ, որ միջնորդ կարող են դառնալ ոչ կառավարական կազմակերպությունները։  Տիգրան Գրիգորյանը համոզված է՝ դա չգործող տարբերակ է։

Քաղաքագետը պնդում է՝ ոչ մի ոչ կառավարական կազմակերպություն չի կարող տալ երաշխիքներ։ Այսինքն՝ անհրաժեշտ է լուրջ մասնակից, որը կարող է պայմանավորվածությունների երաշխավորը դառնալ անգամ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։ Գրիգորյանը պնդում է, որ երկխոսության միջազգային մեխանիզմը պետք է մշակվի կառավարական մակարդակով։

Ամենաիրական տեղաշարժը փորձագետները կանխատեսում են ոչ թե բանակցությունների բրյուսելյան կամ վաշինգտոնյան, այլ մոսկովյան ճյուղից։ Միջնորդ-հարթակների միջև հստակ տարանջատված ուղղություններից ապաշրջափակման և տրանսպորտային կոմունիկացիաների հարցերով քննարկումների միջնորդը համարվում է Մոսկվան։ Նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խմբերի ղեկավարների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի 4-րդ հանդիպումը։

Պաշտոնական տեղեկություններ և մանրամասներ այդ հանդիպումից չկան։ Բայց դատելով տարբեր իրադարձությունների զարգացումներից Լեոնիդ Ներսիսյանը արձանագրում է, որ միայն այս հարթակում է հաջողվել որոշ հաջողության հասնել և Ադրբեջանի դեպքում ունենալ որոշակի փոփոխություն՝ նախնական դիրքորոշումներից։ Բայց այստեղ էլ վերլուծաբանները մատնանշում են վտանգներ, որոնք առաջանում են ինչպես բանակցողների, այնպես էլ միջնորդների շահերի պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button