«Դեմ եմ»- ը չի վախենում գործիք դառնալուց. ապացուցել է, որ սուբյեկտ է
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Փորձելու ենք «Դեմ եմ»- ի հարթակի վրա ապահովել հանրության հնարավորինս շատ շերտերի ու խմբերի համախմբումը, վաղվա հավաքի մասին այսօր ասացին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Նրանք վաղը Ազատության հրապարակում հանրահավաք, հետո երթ են նախատեսում: Մասնակցության հրավերներ ուղարկվել են բոլոր նրանց, ովքեր թեմայի վերաբերյալ ասելիք ունեն, ասում է նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը։ «Բացի «Դեմ եմ»- ից մասնակցելու ու ելույթներ են ունենալու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, ինպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: Եվ ակնակլում ենք հանրային դեմքի ելույթ, հրավեր ուղարկել ենք, մերժում չեն ստացել։ Թե ում մասին է խոսքը, վաղը կիմանաք»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս նախաձեռնության անդամներին երկխոսության հեռակա հրավեր ուղարկեց՝ նշելով, որ Հայաստանում խաղի կանոններ թելադրող քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, բայց և միաժամանակ ընդգծելով՝ որպեսզի երկխոսությունը կայանա՝ շարժման ներկայացուցիչները պետք է հրաժարվեն «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումից։
«Դեմ եմ»- ի երիտասրադներն այդ հորդորին հետևել կարծես թե չեն պատրաստվում: Երկխոսության հրավերի մասին խոսելով ՝ նախաձենության անդամներն ասում են, որ բանակցությունների առարկա կարող է լինել միայն պարտադիր բաղադրիչի հարցը: «Քննարկման միակ թեման կարող է լինել միայն պարտադիր բաղադրիչի հեռացումը: Եթե ստանանք հրավեր բանակցելու կոնկրետ այդ հարցի շուրջ, միշտ պատրաստ ենք: Ցանկացած այլ, մեր կարծիքով երկրորդական ու երրորդական հարց, քննարկման առարկա չի կարող լինել»։
Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը քննության կառնի ու որոշում կկայացնի կուտակայինի հարցով ԱԺ պատգամավորների ներկայացրած դիմումի վերաբերյալ: Եթե օրենքի դրույթները Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեն՝ նախաձեռնության անդամներն ասում են, որ շարունակելու են պայքարը: Դա, սակայն, կնշանակի, որ սպառում են ինստիտուցիոնալ պայքարի միջոցները և անցնում են ոչ ինստիտուցիոնալ պայքարին: Թե ինչ է դա նշանակում կամ ներառում , Դավիթ Մանուկյանն այսպես է բացատրում. «Կանցնենք, օրինակ, փողոցային պայքարի, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով։ Բնականաբար՝ օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»։
Նախաձեռնության անդամները համարում են, որ իրենց շարժումը նաև քաղաքական հարթությունում է, բայց քաղաքական չէ, օրինակ, այն պատճառով, որ իշանությյան գալու խնդիր իր առջև չի դնում: Քաղաքական ուժերի աջակցությունը ստանալ նրանք դեմ չեն, ավելին ՝ կողմ են պայքարի շրջանակներում հնարավորինս մեծ համախմբում ապահովելուն, իսկ քաղաքական գործիք դառնալու մտավախություն չունեն: Շարժումը ինքնուրույն է, կամ ինչպես անդամներից մեկը ձևակերպեց, ապացուցել է, որ «սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ, որով հնարավոր է խաղալ»։