
Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա՝ «Ամերիկայի ձայն»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ադրբեջանի նախագահը նույնպես նախօրեին իր ելույթում նշել էր, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ:
Բրյուսելյան բանակցությունների ժամկետի փոփոխության մասին պաշտոնական հաստատում, սակայն, դեռ չկա։ Փոխարենը, ինչպես ասում են, «գետնի վրա» բանակցություններից առաջ կրկին իրավիճակը լարվում է Ադրբեջանի գործողությունների պատճառով՝ թե՛ սահմաններին կրակոցներով, թե՛ Ալիևի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններով։
Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև բրյուսելյան եռակողմ բանակցություններում շտապողականությունը ոչ թե բովանդակային է, այլ՝ տեխնիկական` համոզված են վերլուծաբանները։ Վաղուց հաստատված՝ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը ավելի շուտ կազմակերպելու լուրերը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կապում է աշխատանքային օրակարգի հետ։
«Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է գործընթացները արագացնելու ազդակ տեսնենք։ Ես կարծում եմ՝ ժամկետների՝ մի քանի օր առաջ կամ հետ բերելը ավելի շուտ պայմանավորված է ամառային գրաֆիկով, գրեթե վստահ եմ, կամ այլ աշխատանքային ծանրաբեռնվածություններով։ Բանակցությունները մի քանի օր առաջ կլինեն, թե նշանակված օրը՝ հուլիսի 21-ին, դրանից դրանք ավելի ինտենսիվ կամ դանդաղ դառնալ չեն կարող։ Ի վերջո, շատ ավելի կարևոր է այն հանգամանքը՝ ամսի 21-ին, թե որևէ այլ օր կողմերը կարո՞ղ են հաղթահարել իրենց մեջ առկա սկբունքային տարաձայնությունները, թե ոչ»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ բովանդակային հաջողության, առավել ևս փաստաթղթի ստորագրման նախադրյալներ այս պահին չկան․ Ադրբեջանի նախագահի լավատեսությունը հիմնավորված չէ։ Հիշեցնում է շրջանառվող խոսակցությունները, թե կան որոշակի պատկերացումներ, որ մինչ 2023-ի ավարտը, հնարավոր է ստանալ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի որևէ տեքստ և պաշտոնապես զուգահեռաբար սկսել երկխոսություն Բաքու-Ստեփանակերտ արևմտյան միջնորդությամբ։ Բայց՝
«Եկեք հիշենք՝ Ադրբեջանը այդ ամենի քանի կետի հետ համաձայն չէ։ Ես չեմ թերագնահատում Արևմուտքի հնարավորությունները, բայց իսկապես շատ մեծ աշխատանք պետք է տարվի, ճնշում պետք է արվի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը այդ կետերի հիմնական մասում զիջումների գնա։ Պետք է հասկանալ այս սցենարը, որով խաղում է Ադրբեջանը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրոպան, Եվրոպայի առանձին երկրներ և փորձել հասկանալ, թե մեր դերը այս ամեն ինչում որն է։ Բնականաբար, այդ դերը չպետք է լինի կրավորական, բոլորին զիջող, ամեն ինչի հետ համաձայնվող երկրի դեր»։
Երեք շատ մեծ խոչընդոտ կա այս պահին, որպեսզի մենք հնարավոր համարենք խաղաղության կամ հարաբերությունների փաստաթղթի շուտ ստորագրումը՝ ասում է Սուրեն Սուրենյանցը։ Թվարկում է միջազգային լուրջ հակադրությունները, իրական ցանկությունները և կողմերի անհաղթահարելի հակասությունները, որոնք ունեն ևս 3 ենթակետ․
«Հակամարտության ողնաշարը հանդիսացող հարցերում դրանք պահպանվում են՝ դելիմիտացիայի հարցը՝ որ քարտեզը պետք է ընկալ լինի դրա հիմքում, հակասություններ են մնում ԼՂ և Ադրբեջանի միջև երկխոսության միջազգային մեխանիզմների վերաբերյալ, այստեղ ընդհանրապես չեմ տեսնում որևէ ընդհանուր հայտարարի հավանականություն, ապաշրջափակման հարցում պահպանվում են հակասությունները դարձյալ։ Եվ վերջապես ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, իհարկե, իրենք տարբեր պատճառներ ունեն դրա համար, խիստ շահագրգռված են այդ փաստաթղթի արագ ստորագրմամբ»։
Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փոխել է իր հռետորաբանությունը։ Բացառություն չէ նաև նախաբրյուսելյան ժամանակաշրջանը։ Նախօրեին, օրինակ, Բրյուսել մեկնելուց օրեր առաջ հանրությանն ուղղված իր խոսքում Ալիևը ստորադասել է միջազգային իրավունքը՝ պնդելով, թե այսօր աշխարհում առաջնահերթը ուժի գործոնն է, ուստի ուժի հետ հաշվի են նստում:
Այս քաղաքականությունը ամեն դեպքում հակասում է միջազգային սկզբունքներին՝ պնդում է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։
«Քանի դեռ Հելսինկյան ակտը և դրանից բխող բազում փաստաթղթեր չեղարկված չեն, քանի դեռ կա ԵԽԽՎ-ն, քանի դեռ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և այլ, և այլ սկզբունքները երկրների սուվերենության աշխարհում գոյություն ունեն, աշխարհը չի կարող համաձայնել իր որոշման հետ։ Ավելին ասեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը մերժում է իր ասածը։ Ես կարծում եմ, որ հաշվարկը շատ ռիսկային է Ադրբեջանի համար, ես նկատի ունեմ իրենց այդ ֆաշիստական ծայրահեղ, ագրեսիվ քարոզը, որը բացահայտ կերպով իրենք անում են ողջ աշխարհի աչքի առաջ։ Կարող է շատ մեծ գին նստել Ադրբեջան պետության վրա, ոչ միայն Ալիևի կլանի։ Սա ամենևին մեզ չի ներում մեր սխալները։ Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը ստանում է ինչ ուզում է, ումի՞ց է ստանում, ո՞վ է այդ զիջումները անում։ Սա է հարցը։ Արդյո՞ք բացարձակ անհրաժեշտություն էր այդ զիջումները անելը»։
Ալիևի վարքագիծը հասկանալի է դառնալու իր խոսքերից։ Ասում է՝ աշխարհում լիովին խախտված են կանոնները, չեն պահպանվում վարքագծի կանոնները, միջազգային իրավունքը … Բայց ամեն դեպքում վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ որոշակի կանոններ Ադրբեջանի համար կան․
«Ադրբեջանի համար առանցքային նշանակություն ունի մոտակա ժամանակներս պաշտոնապես չլինել այն կողմը, որը դադարում է բանակցել, որպեսզի որևէ միջազգային պատասխանատվություն դրա համար չկրի և ադրբեջանցիները շատ հմուտ կատարում են այդ դերը, մասնակցում են փաստորեն անարդյունք բանակցությունների, որոնք անարդյունք և ապարդյուն են հիմնականում իրենց դիրքորոշումների պատճառով։ Հաշվարկը բխում է այն պատկերացումից, որ ժամանակը աշխատում է իրենց օգտին»։
Բայց դա էլ, ըստ վերլուծաբանի, ընդամենը ժամանակի հարց է։ Միջազգային հանրության շտապողականությունը Հովհաննիսյանը բացատրում է «հաջողության պատմություն» գրանցելու ձգտումով, որը պարունակում է անհարկի զիջումներ պարտադրելու վտանգ։
Տարբեր իրավիճակներում քայլերին խորհրդավորություն հաղորդելու և նշաններին ուշադրություն դարձնելու Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ լինելով՝Հայաստանում առանձնացրել են Ալիևի խոսքից նաև մեկ այլ հատված, որը ուշագրավ է ոչ այնքան նոր ժամանակակից սպառազինություն գնելու, այլ՝ այդ սպառազինության անվանումների իմաստով։ Նոր գնված տանկերին տրվել են «Շուշա», «Ղարաբաղ» և «Զանգեզուր» անվանումները: Ադրբեջանագետ Տաթևի Հայրապետյանի համոզմամբ՝ տանկերների անունները պատահական չեն ընտրված։ Սյունիքի հանդեպ ոտնձգություններն արտահայտում են ամենուր՝ սոցցանցում գրել է վերլուծաբանը։




