ԿարևորՔաղաքական

ԱԺ երրորդ հանձնաժողովը՝ առանց ընդդիմադիր նախագահի 

62 կողմ, 1 դեմ ձայնով, փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հարցն ընդգրկված էր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Նիստերի դահլիճում քննարկում, որպես այդպիսին, չի ծավալվել, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել նիստին։ Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը կարճ ելույթով ներկայացրել է իշխանության հիմնավորումները․ Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից 38–ին՝ այսպիսով, ըստ էության, չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները ։ Ընդդիմությունը հիշեցրել է, որ արդեն երրորդ հանձնաժողովն է մնում առանց ընդդիմադիր նախագահի։ Սա, խորհրդարանական փոքրամասնության կարծիքով, ընդդիմությանը զսպաշապիկ հագցնելու փորձ է։

Հայաստանի խորհրդարանում արդեն երրորդ մշտական հանձնաժողովն այս պահին նախագահ չունի։ Երեքն էլ ընտրական քվոտայով՝ «Դոնթի բանաձևով», «բաժին» են ընկնում ընդդիմությանը։ Ստացվում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում նախագահների և տեղակալների մակարդակով ներկայացված չեն։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին՝ ավելի ստույգ  2022–ի հուլիսի 1–ին,  խորհրդարանում պաշտոնազրկվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը, նրա հետ՝ նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նույն օրը ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ հայտարարության մեջ նշելով, որ օրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք թույլ չեն տալիս շարունակել իր պաշտոնավարումը որպես հանձնաժողովի նախագահ։

Այդ փուլում Թագուհի Թովմասյանը չէր ընդունել ընդդիմության որոշումը և հրաժարական չէր ներկայացրել։ Այժմ պաշտոնից զրկվում է ոչ թե իր, այլ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ։

Իրավիճակը, երբ բոլոր ն հանձնաժողովները փաստացի ղեկավարում են «ՔՊ»–ական պատգամավորները՝ ընդդիմադիրներին հասանելիքների դեպքում փոխնախագահների և ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անօրինական են գնահատում։   

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրի՝ տեղեկացնում է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Փորձ է արվում քանակական մեծամասնության ուժով ոչ ցանկալի կամ այլակարծություն, այլ մոտեցումներ ունեցող ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։ Երկրորդ՝ սա հետևողականորեն ՔՊ և իշխող ուժի իշխանազավթման քայլերից մեկն է։ Եվ վերջապես երրորդը՝ այն, ինչ իրենք հիմա անում են Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պարագայում, ցույց է տալիս, որ այս մարդիկ, իրականում, երբ իշխանության էին գալիս և հայտարարում էին մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, խոսքի ազատության մասին, ընդդիմության դերի մասին, բոլորը սին խոսքեր են։ Դա հակաժողովրդավարական է, հակաիրավական է, հակապետական է ։ Ընդդիմությանը չի կարող զսպաշապիկ հագցնել իշխանությունը»։

Թափուր մնացած պաշտոնի համար սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ներկայացմամբ՝ իրենք, ըստ էության, գոհ են եղել Թագուհի Թովմասյանի աշխատանքից։

«Բոլոր փուլերում Թագուհի Թովմասյանը իր գործունեությամբ շատ ավելի շատ ավելի ակտիվ է եղել, շատ ավելի արդյունավետ է եղել, շատ ավելի թիրախային է աշխատել՝ վեր հանելով բազմաթիվ խնդիրներ բոլոր ոլորտներին վերաբերող։ Թագուհի Թովմասյանը նաև բավականին մեծ աշխատանք է տանում մարդու իրավունքների տեսանկյունից Արցախի հարցով, հատկապես շրջափակման շրջանակներում, ինչը, բնականաբար, բավականին խնդրահարույց է նաև իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»։  

Հարցը խորհրդարանի նիստերի դահլիճում ներկայացվեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  մասնակցությամբ, քննարկմանը չէր մասնակցում  անգամ պաշտոնազրկվող պատգամավորը։ Թագուհի Թովմասյանը տարածած հայտարարությամբ իր բացակայությունը հիմնավորել էր առողջական վիճակով, իսկ խորհրդարանական մեծամասնության քայլը պայմանավորել վրեժխնդրությամբ։ Պատգամավորը կարծում է, որ իրեն չի ներվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու և ընդդիմադիր կարգավիճակ ստանձնելու որոշումը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՔՊ–ական Հովիկ Աղազարյանը հակադարձում է՝ վրեժխնդրությունը անձնական դաշտում է, իսկ նախագիծը իրավական փաստաթուղթ է։ Խորհրդարանական մեծամասնությունը նշում է, որ Թագուհի Թովմասյանը՝ որպես հանձնաժողովի նախագահ, պարտավոր էր մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին։ Մասնակցել է 46 նիստերից ընդամենը 8–ին։  Խորհրդարանական մեծամասնությունը սա թերանալու, վատ աշխատելու և հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու քայլ է համարում։

Չի մոռացվել նաև հանձնաժողովի  ապրիլի 4–ի աղմկահարույց նիստը, որին  քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը՝ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի և Անահիտ Մանասյանի մասնակցությամբ։ Աղազարյանը հիշեցնում է․

«Էդգար Ղազարյանի թեկնածությանը սատարող և կարծեմ առաջադրող քաղաքական միավորումը հանրահավաք էր անում և այնտեղ որոշում էր, որ առանց դատաստանի պետք է կախեն և այլն։ Թագուհի Թովմասյանը պետք է այդ ամեն ինչին արձագանքեր։ Էդգար Ղազարյանը հանձնաժողովի նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ արեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի հասցեին՝ «թուրք–ադրբեջանական» հեղափոխություն, եսիմ ինչ, նմանատիպ բաներ։ Եվ նորից Թագուհի Թովմասյանը ոչ մի ձևով չսաստեց։ Ինձ չի գոհացրել նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ հրապարակային միջոցառումների ժամանակ իր ներկայությամբ վիրավորական խոսքեր են հնչել հայ ժողովրդի հասցեին, և ինքը քար լռությամբ կամ նույնիսկ հեգնական ժպիտով էր արձագանքում։ Հրապարակային ինչ–որ բաներ պետք է աներ»։

Ուշագրավ է, որ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն  արդեն երկրորդ անգամ է մնում առանց նախագահի։ 2020–ի դեկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունը նորից դժգոհեց նշված պաշտոնում ընդդիմադիր գործչի աշխատանքից։ Այն ժամանակ պաշտոնազրկվողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էր։

Կարդացեք նաև

Back to top button