
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մարտի 23-ը նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը: Այս տոնը նշվում է դեռևս 1961 թվականից, սակայն մենք` հայերս, այն նշում ենք 2004-ից: Ամեն տարի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն ընտրում է կարգախոս: Այս տարի ընտրել է «Եղանակը և կլիման, երիտասարդության ներգրավածությունն այդ աշխատանքներին» խորագիրը: Կանաչապատման ծավալների մեծացում և մթնոլորտում վտանգավոր գազերի նվազեցում, այս խնդիրները նախևառաջ պետք է հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, լուծի, քանի որ այս փոփոխություններն էլ իրենց ազդեցությունը կունենան տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, այսօր ասել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Եթե չհաշվենք դեկտեմբերին դիտված ցրտերը, այս տարի սուր եղանակային պայմաններ չեն դիտվել, ասում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և վստահեցնում, որ այս տարվա մարտը չարդարացրեց իր խորհրդանշական գիժ որակումը. առայժմ համեմատաբար գարնանը հատուկ եղանակ է։
Ինչքան շուտ է ծաղկում ծիրանենին, այնքան ցրտահարության ռիսկերը մեծանում են, սակայն հանգստացնենք գյուղատնտեսներին: Առաջիկայում հանրապետությունում ցուրտ եղանակային պայմաններ չեն սպասվում: Արարատյան դաշտի համար այդ ռիսկայնությունը պահպանվում է մինչև ապրիլի կեսերը, իսկ առաջիկա 5 օրերի ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Առանց տեղումների եղանակը կպահպանվի միչև մարտի 27-ը, իսկ արդեն ամսվա վերջին, օդերևութաբանական կանխատեսումների համաձայն, հանրապետությունում կգրանցվեն առատ տեղումներ:
Ապրիլի կանխատեսումները դեռ չկան, սակայն Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այդ ամիսը ամպամածությամբ առատ ամիս է և միջին հաշվարկով ապրիլին 1-ից 4 օր է դիտվում պարզ երկինք։ «Հուսանք, որ այս տարի ապրիլն առանձնապես չի առանձնանա իր բացասական կողմերով: 2004 թվականին դիտված ցրտահարությունը չի կրկնվի և հուսանք, որ այս տարի կունենանք առատ բերք»,- ասում է օդերեւութաբանը։
Տարվա այս եղանակը կարևոր է գյուղատնտեսության համար և հույս կա, որ այս տարին եղանակային անակնկալներ չի մատուցի մեր գյուղատնտեսներին։




