ԿարևորՔաղաքական

ԵՄ–ն կենտրոնացած է «Խաղաղության փաստաթղթի» վրա, իրական գործընթացներով նույնչափ հետաքրքրված չէ

ԵՄ–ն տրամադրված է, որ աշնանը «Խաղաղության փաստաթուղթ» կստորագրվի Երևանի ու Բաքվի միջև, սակայն կողմերը պատրաստ չեն դրան՝ փաստում են հայ փորձագետները։ Հաագայում նախորդ շաբաթ կազմակերպված հանդիպման ժամանակ հնչած կարծիքները կամփոփվեն ու կներկայացվեն միջնորդներին, ինչը  կարևոր կլինի «Խաղաղության պայմանագրի» շուրջ ճիշտ դիրքորոշում ձևավորելու համար՝ ասում է հայ և ադրբեջանցի փորձագետների միջև կազմակերպված քննարկմանը մասնակցած ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նա «Ռադիոլուր»–ին մանրամասներ է ներկայացրել քննարկումներից ու դրանց բուռն մթնոլորտից։

Հայաստանի հետ ժողովրդավարական, Ադրբեջանի հետ՝ էներգետիկ օրակարգով․ նախորդ շաբաթ Հաագայում ԵՄ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների, դեսպանների մասնակցությամբ կայացած բուռն քննարկումների ժամանակ եվրոպացիները շեշտել են Հայաստանում ու Վրաստանում առկա ժողովրդավարական առաջընթացը, իսկ Բաքվի հետ քննարկումներում կարևորել էներգետիկ օրակարգը։ Հայկական պատվիրակության բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել՝ ասում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ այդ հարցերը կասկածի տակ են դրել Բաքվի խաղաղասիրական մտադրությունները։ Այս հարցադրումներից հետո Հաագայում փակ քննարկումների ձևաչափը խախտել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը ու հանրայնացրել փակ քննարկման թեզերը՝ Թվիթերում գրելով, թե Արցախի հայերը որևէ իրավունք չեն ունենա։

«Իմ շեշտադրումները հիմնականում վերաբերում էին Ալիևի ելույթներին։ Նրանք հիմնականում փորձում էին ներկայացնել, թե Հայաստանում էլ կա ատելության խոսք։ Ասացի՝ մենք 4 ղեկավար ենք ունեցել, և նրանցից որևէ մեկը ադրբեջանցիների արժանապատվությունը չի վիրավորել, շուն կամ փախչող ճագար չի անվանել։ Այս փաստերը բարկացրեցին դեսպանին․ նա համարյա ձայնի տոնայնությունն էր փոխել դահլիճում և ասում էր, որ ոչ մի իրավունք չեն ունենա հայերը, ասում էր՝ ինչու եք դուք՝ հայերդ, մտածում, թե առանձնահատուկ եք այս տարածաշրջանում։ Այս ելույթով դեսպանը ցույց տվեց այն, ինչ ես ասում էի։ Նա նույնիսկ իր ատելությունը չէր կարողանում թաքցնել, և բոլորի համար դա ակնհայտ էր»։

Ադրբեջանական մամուլը զրուցակցիս հարցադրումները սադրիչ ու էմոցիոնալ էր որակել, սակայն նա նաև հիշատակել էր փաստը, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով իր տարիքի հղի կանայք  թերսնման պատճառով երեխա են կորցնում։

Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանը հորդորել է խոսել կառուցողական քայլերի մասին, ինչին ի պատասխան ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն առաջարկել է որպես առաջին քայլ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ եվրոպացի դիտորդներին մուտք գործել Արցախ ու տեսել իրական վիճակը։ Հարցը անարձագանք է մնացել, այնպես ինչպես անարձագանք է մնացել Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հարցադրումը․

«Նա ասաց՝ արդյո՞ք պատրաստ է հատուկ հանձնարարություններով դեսպանը բոլորի ներկայությամբ պնդել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29800 ք/կմ տարածքով, ինչին ի պատասխան դեսպանը չարձագանքեց, ինչը Բալայանը ներկայացրեց որպես փաստ, որ Ադրբեջանը չի որդեգրել կառուցողական դիրքորոշում»։

Տաթև Հայրապետյանի խոսքով՝ եվրոպական կողմը  նույնպես նշել է, որ Բաքուն պետք է կատարի միջազգային ատյանների վճիռները և բացի Լաչինի միջանցքը։ Սակայն, զրուցակցիս տպավորությամբ, եվրոպացի միջնորդներին առաջին հերթին հետաքրքրում է փաստաթղթի ստորագրումը։

«Իմ հարցը, թե ինչպիսի խաղաղություն եք պատկերացնում Հարավային Կովկասում, նրանք նշեցին արդար խաղաղություն։ Հայկական կողմը հիմնավորում էր, սակայն, որ որևէ բան չի տանում արդար խաղաղության, եթե Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայացնում է որպես կապիտուլյացիա, այս փաստաթուղթը ևս ներկայացնելու է որպես կապիտուլյացիա։ Նրանք, իմ տպավորությամբ, շահագրգռված են գործընթացում, սակայն իմ մտավախությունն այն է, որ իրենք շատ են կենտրոնացել փաստաթղթի վրա։ Հայկական կողմը փորձում էր հասկացնել, որ թուղթը խաղաղություն չի բերելու, իրական խաղաղություն բերելու են իրական քայլերը, իսկ իրական քայլերը հեռու են խաղաղության տանելու ճանապարհից»։

Հայկական կողմի հարցադրումները, թե արդյոք ԵՄ–ն ունի Բաքվի վրա ճնշումներ գործադրելու գործուն միջոցներ, նույնպես  մնացել են անպատասխան։

Եվրոպացիները շեշտել են Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության կարևորությունը, բայց ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել  է դուրս թողնել այդ հարցերը «Խաղաղության պայմանագրի» քննարկումների օրակարգից՝ համարելով, որ այդ խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են։

Կարդացեք նաև

Back to top button