ԿարևորՄշակույթ

Հայաստանը՝ օպերային արվեստի կենտրոն․ Opera Magazine-ի շապիկին հայտնված հայ երգչուհու նախաձեռնությունը

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական օպերային շուկայի և մեր տարածաշրջանի երիտասարդ կատարողների միջև։ Լոնդոնյան հանդիսատեսին իր սոպրանոյով գերած Անուշ Հովհաննիսյանի հետ այս հարցում համակարծիք են Բրիտանական թագավորական օպերային թատրոնի առաջատար մասնագետները։ Times ամսագրի կողմից «օպերայում լսելու արժանի դեմք» ճանաչված արտիստի հրավերով բրիտանացի մասնագետները Հայաստանում լսել ու բացառիկ խորհուրդներ են տվել երիտասարդ կատարողներին։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում երիտասարդ հայ վոկալիստները 1 շաբաթ վայելում էին Լոնդոնի թագավորական օպերայի առաջատար մասնագետների վարպետաց դասերը։ Նրանք Հայաստանում էին արդեն մեկ տասնամյակ եվրոպական բեմերն ու հանդիսատեսին իր սոպրանոյով գերած Անուշ Հովհաննիսյանի հրավերով։

Լոնդոնաբնակ երգչուհին համաշխարհային բեմեր հասնելու իր փորձով կիսվելու և այդ ճանապարհը երիտասարդ կատարողների համար ավելի դյուրին դարձնելու համար ստեղծել է «Armenian opera workshop» նախագիծը։ Հենց դրա շրջանակում էլ Միացյալ Թագավորության զարդը համարվող թատրոնի ներկայացուցիչները բացառիկ գիտելիքներ փոխանցեցին երիտասարդներին։ Արդյունավետ դասեր ունենալու համար ընտրեցինք 12 ակտիվ և նույնքան էլ պասիվ մասնակցի՝ մանրամասնում է Անուշը։

«Armenian opera workshop հարթակն ունի կայք, դրա միջոցով ընդունվել են դիմումներ։ Մենք մոտավորապես 100 դիմում ենք ունեցել ամբողջ տարածաշրջանից, որի մեջ ներառվել են Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ 12 ակտիվ մասնակիցներն ամենօրյա ռեժիմով դասեր են ունեցել Դեյվիդ Գաուլանդի և Էլեյն Քիդի հետ, աշխատել են երաժշտական արտահայտչականության, ոճաբանության, կատարման նյուանսների, դերասանական վարպետության վրա, նաև թե ինչպես զարգացնել կատարողական արվեստը ժամանակակից օպերային շուկայում հմայիչ արտիստ դառնալու համար»։

Եվրոպական ճանաչված բեմերում իր ինքնատիպ սոպրանոյով ներկայացող հայ երգչուհու նպատակը արևմտյան կատարողական արվեստի մեծ շուկայի և տարածաշրջանի շնորհալի երիտասարդների միջև կամուրջ ստեղծելն է։ Կարծում է՝ այդ գործում Հայաստանն իր ուրույն տեղը պետք է ունենա։

«Բոլոր օտարերկրյա մասնակիցները միաձայն ասում են, որ իրենց համար հրաշալի էր Հայաստանը բացահայտել։ Այսինքն՝ Հայաստանն ունի հնարավորություն լիիրավ կերպով դառնալու օպերային արվեստի մշակութային կենտրոն»։

Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն օպերայի «արտիստների զարգացման» ծրագրի ղեկավար, ձայնի մարզիչ Դեյվիդ Գաուլանդը համամիտ է կրտսեր գործընկերուհու հետ։ Անկեղծանում է՝ մինչև հայաստանյան այցը  միջազգային մրցույթներում բազմիցս տպավորվել է հայազգի երգիչների ձայներով։

«Ժյուրիի կազմում հաճախ նկատում էի, որ Հայաստանը արտադրում է ֆանտաստիկ ձայներ, և ուզում էի պարզել՝ ինչպես։ Այս 1 շաբաթվա ընթացքում կարողացա ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Այդ ծանոթությունից հետո ես սկսեցի հասկանալ այն բոլոր յուրահատկությունները, որոնք լսվում էին այդ  ձայներում»։

Անվանի բրիտանացի արվեստագետը կարծում է, որ վերապատրաստման համար ընտրված շնորհալի երիտասարդներին միջազգային պահանջներին համապատասխան կատարողներ դառնալու համար ճիշտ ճանապարհային քարտեզի դեպքում կպահանջվի մոտ 2 տարվա արդյունավետ աշխատանք։

«Նրանք ունեն ձայն։ Միջազգային շուկայում մրցունակ լինելու համար այս երիտասարդներին հարկավոր է դառնալ երաժշտական մեկնաբանության վարպետ։ Բացի ձայնի արտաբերումից՝ ժամանակակից երգիչ–դերասանը պետք է նաև ունենա լրացուցիչ որակներ․ խոսքը տեքստը հասկանալու ու տեքստին հավատարիմ մնալու, ինչպես նաև մեկնաբանության մեջ ինտելեկտուալ շերտեր ներառելու մասին է »։

Հայտնի Opera Magazine–ի շապիկին հայտնված Անուշ Հովհաննիսյանին հեղինակավոր Times ամսագիրը 2020–ին ճանաչել է «դեմք, որին արժե հետևել օպերայում»։ Երգչուհին ծրագրում է նոր ու ավելի շատ մասնագետների հրավիրել Հայաստան, երազում է, որ փորձի փոխանակման միջոցով շնորհալի հայ երիտասարդները գերեն միջազգային օպերասեր հասարակությանը։

Կարդացեք նաև

Back to top button