
Հայաստանում է Ցյուրիխի համալսարանիԵվրոպական ինստիտուտի տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Անդրեաս Քելերհալսը։ Նա Հայաստանի Ֆրանսիական համալսարանում «Եվրոպական ինտեգրում» թեմայով դասախոսություն է վարել։
Հանրային ռադիոն զրուցել է պրոֆեսորի հետ՝ պարզելու նրա փորձագիտական կարծիքը ԵՄ-Հայաստան «չհղկվող» հարաբերությունների, Շվեյցարիայի՝ միության անդամ չդառնալու պատճառների ու ընդհանրապես տնտեսկան օրինաչափությունների մասին։
Պրոֆեսոր Քելերհալսը մրցակցության և հակամենաշնորհային օրենսդրության մասնագետ է։ Նրա կենսագրականին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մենք ձեր օրենքներով չենք շարժվի․ պարզապես լինենք դրկիցներ
Շվեյցարիան Եվրամիության ըմբոստ «ազգականներից է»։ Երկիրը կարող է «ընտանիքի անդամ» դառնալ, բայց չի ուզում, քանի որ պետք է ամբողջությամբ հետևի «մեծ տանիքի» տակ գործող կարգ ու կանոնին։ Շվեյցարիան իր համար որոշել է՝ ես կայացած եմ, ունեմ իմ տնտեսությունն ու օրենքները, ուստի առայժմ կսահմանափակվեմ «հատուկ հյուրի» կարգավիճակով։
«Եվրոպական ինտեգրացիա» թեմայով դասախոսության համար Հայաստան ժամանած շվեյցարացի պրոֆեսոր Անդրեաս Քելերհալսի հետ զրույցից հենց այս կարծիքն է ձևավորվում։ Պատմում է՝ մեր համադաշնությունը, չլինելով Մայր միության անդամ, եվրոպական մեծ շուկայի լիիրավ մասնակից է․ այդ տարածքում ունի մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի իրավունք։ Ուստի՝ պայմանական «լյուքսեմբուրգցին» անխոչընդոտ կարող է ապրել ու աշխատել Ցյուրիխում, շվեյցարական Ալպերի մեղրն էլ ազատ առևտրի պայմանագրով՝ առանց մաքսի ու տուրքի, կարող է հատել Ֆրանսիայի սահմանն ու հայտնվել Շանզ Էլիզե պողոտայիխանութի ցուցափեղկում։
«Ինչներիս է պետք, եթե ամեն ինչ ունենք»․ սա շվեյցարական կատակ չէ
Ի՞նչն է համադաշնությանը հետ պահում Մայր միության լիիրավ անդամ դառնալու քայլից։ Անդամակցություն ձեռք բերելու համար չկա որևէ հրատապ անհրաժեշտություն կամ տնտեսական դրդապատճառ՝ ասում է պրոֆեսորը և հավելում՝ շատ երկրներ, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, ձգտում են հասնել իրենց կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Շվեյցարիայի դեպքում անհրաժեշտություն չէ։
«Մեզ այսպես էլ է «ձեռք տալիս», բայց կա մի հարց։ Անդամի կարգավիճակում մենք պետք է ընդունենք, որ ԵՄ արդարադատության դատարանը մեր երկուսի հարաբերությունների վերջնական արբիտրն է, այսինքն՝ դատավորը։ Դա դժվար «մարսելի» է Շվեյցարիայի կառավարության համար։
Մյուս խնդիրը, որի շուրջ մենք չենք կարողանում գալ ընդհանուր համաձայնության, վերաբերում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին։ Դեպի Շվեյցարիա ունենք ԵՄ քաղաքացիների զանգվածային տեղափոխություն։ Երբ ես երիտասարդ էի, մենք ունեինք 6 մլն բնակչություն, իսկ հիմա բնակիչների թիվը հասել է 9 միլիոնի։ Շվեյցարիան փոքր երկիր է, բնակելի է տարածքի միայն 1/3-րդը, մնացածը լեռներ են։ Արդյուքնում՝ այժմ մարդիկ ունեն զգացողություն, որ բնակավայրերում «օդը չի հերիքում»։ Մայրուղիները, գնացքները, դպրոցները խիտ ծանրաբեռնված են։ Հետևաբար՝ սա թեժ քննարկման խնդիր է։ Մենք փորձում ենք հասկանալ՝ շարունակե՞նք թույլ տալ մարդկանց գալ և բնակվել մեզ մոտ, թե՞ ոչ»։
Շվեյցարական տրամաբանություն․ երկիրը գիտի՝ ինչ է ուզում
Ցյուրիխցի պրոֆեսորին հարցնում եմ՝ կա՞ մի երկիր, որի հետ ցանկանում են տնտեսական հարաբերություններ կառուցել, ո՞ր շուկաներն են Շվեյցարիայի համար «չյուրացված»։
«Եվրամիության հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուրի 50%-ն է կազմում։ ԱՄՆ-ի հետ չունենք ազատ առևտրի համաձայնագիր, թեև մոտ էինք դրա կնքմանը։ ԱՄՆ-ն պնդում էր, որ մենք սահմանները բացենք նաև իրենց գյուղմթերքի համար։ Դա մեզ համար նշանակում էր ներկրել ԱՄՆ-ում արտադրված էժան միս։ Շվեյցարական կառավարությունն ունի Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություն՝ պաշտպանել իր ֆերմերներին։ Դրա վերջնանպատակն այն է, որ պատերազմի ժամանակ չունենանք սննդամթերքի ներկրման անհրաժեշտություն։ Մեր «պաշտպանված» ֆերմերները չսատարեցին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը, ուստի կառավարությունը ստիպված եղավ տեղի տալ գյուղաբնակների 5%-ի պահանջին։
Մենք ազատ առևտրի նոր պայմանագիր ունենք Միացյալ Թագավորության հետ, բայց դա պարզ համաձայնագիր է, նման չէ ԵՄ-ի հետ տարբերակին, որտեղ կա պահանջ՝ գործել միայն մի կողմի օրենքներով։
Արդեն 8 տարի Ազատ առևտրի համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Մենք դա ուզում էինք, որպեսզի շվեյցարական ընկերությունները կարողանային այնտեղ տեղափոխել իրենց արտադրական հզորությունները։ Այս պահին որոշ ձեռնարկություններ մտածում են Չինաստանից այլ վայր տեղափոխվելու մասին՝ Մետաքսի ճանապարհի ինչ-որ «կանգառներով», որտեղ կլինեն լավ կրթություն ունեցող մարդիկ։ Հայաստանը կարող է հետաքրքրական լինել այդ տեսանկյունից»։
Հայ-եվրամիութենական հարաբերություններ․ կարծիք կողքից
Հայաստան-ԵՄ հարաբերությունները խճճված են, մենք նույնիսկ չգիտենք՝ Միության համար ընդունելի՞ «հարևան ենք», թե՞ ոչ։
«Եվրոպան ավելի պատրաստ է Ուկրաինային ընդունել իր կազմ։ Այն «մեծ ձուկ է», և դեռ պարզ չէ, թե ինչպես ենք այն մարսելու։ Հայաստանի և Վրաստանի դեպքում տպավորություն է, որ թեև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մշտապես մեծ է եղել, Եվրոպայի հետ էլ չկան ընդհանուր սահմաններ, բայց երկու երկրները մոտ են Եվրոպական միությանը։

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ԵՄ անդամ դառնալու համար կա հարևանների հետ խաղաղ ապրելու նախապայման։ Մյուս խնդիրն էլ այն է, որ կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է Միության անդամ պետությունների մեծամասնության համաձայնությունը, ինչը նույնպես դժվար իրագործելի է։
Բացի դրանից՝ երբ ԵՄ ներքին շուկային հասանելիություն ես ստանում, արդյունաբերությունդ ցնցում է ապրում, որովհետև պատրաստ չի լինում այն դաժան և խիստ մրցակցությանը, որին բախվելու է։ Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ առաջին մի քանի տարիներին երկիրը մեծ օգուտներ չի ստանա, բայց հետո, երբ սովորում են այդ պայմաններում աշխատելուն, ամեն ինչ շատ ավելի լավ է լինում։
Ես չեմ խոսի Եվրամիության անունից, բայց մենք հետևել ենք տարբեր համաձայնագրերի շուրջ ԵՄ-Հայաստան բանակցություններին։ Տպավորություն է, որ Հայաստանին պահում են ԵՄ նախամուտքում, բայց, որևէ կերպ անդամակցության խոստում չեն տալիս։ Այդպիսի խոստում տվել են Ուկրաինային և Մոլդովային, կարող ենք պատկերացնել, որ հեռավոր ապագայում դա կվերաբերի նաև Վրաստանին և Հայաստանին, բայց կարճաժամկետ կտրվածքում իրողություն դառնալու հարց չէ»։
Գերեք աշխատուժի գին/որակ հարաբերակցությամբ
Հայաստանում հիշում են Հունաստանի օրինակը․ ԵՄ անդամ դառնալուց հետո այն ֆինանսական խնդիրների մեջ հայտնվեց, իրավունք չուներ անգամ թողարկել եվրապարտատոմսեր։ Այժմ Հայաստանի արտահանման մեծ մասն ուղղվում է դեպի ԵԱՏՄ, հատկապես՝ Ռուսաստան։ Եվրամիության հետ էլ չեղարկվել է արտոնյալ առևտրի GSP+ համակարգը, ինչը մեզ համար փոքր-ինչ նվազեցրել է եվրոպական շուկայի գրավչությունը։ Ինչո՞վ Հայաստանը կարող է գերել Միությանը։
«Դա կախված է նրանից, թե արտահանման տեսանկյունից ինչ ուժեղ կողմեր ունեք։ Ակնհայտ է, որ դա չի կարող լինել գյուղատնտեսությունը․ Եվրամիությունն ունի շատ մեծ գյուղատնտեսություն և պաշտպանողական մարտավարություն է վարում իր տեղական արտադրություն համար։ Կարելի է որոնել արտահանման կամ փոխանակման այլ ուղղություններ։ Հայաստանում աշխատուժի ծախսն ավելի ցածր է, քան ԵՄ-ում։ Եթե ունեք բարձր տեխնոլոգիաների մասով լավ աշխատուժ, եվրոպական ձեռնարկությունները Ասիայի փոխարեն կարող են տեղափոխվել ձեզ մոտ։ Դրա համար անհրաժեշտ է կայուն կառավարություն, վերահսկելի գնաճ և օրենքի գերակայություն։ ԵՄ-ի հետ բաց սահմանների դեպքում կարելի է այստեղ արդյունաբերական հզորություններ տեղակայել և կազմակերպել արտահանում»։
Իսկ նավթային «սիրավե՞պը»
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած էներգաճգնաժամի ֆոնին ԵՄ-ն, կոնկրետ ակնկալիքից ելնելով, մերձեցավ Ադրբեջանի հետ։ Ստացվում է՝ հանուն նավթի Միությունը կարող է ստորադասել իր՝ այլ երկրների հետ հարաբերությունները։

«Իրականում մենք հիմա անցումային փուլում ենք․Եվրոպան հեռանում է նավթից ու գազից։ Ձեր նշածը կարճաժամկետ կտրվածքի լուծում էր, իսկ միջնաժամկետում Եվրոպայում ամենուր փնտրում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Օրինակ՝ մենք տանը նավթով ջեռուցիչ ունեինք, այն փչացավ, և հիմա մեզ թույլ չեն տալիս վերանորոգել դա։ Ըստ նոր կարգավորումների՝ 2035թ․-ից չի թույլատրվի ոչ էլեկտրական նոր ավտոմեքենաների վաճառքը։ Ուստի, ես այդ կարճաժամկետ լուծման առումով այնքան էլ չէի անհանգստանա»։
Շվեյցարացի պրոֆեսորը կարծում է, որ Եվրոպայում ճգնաժամը շատ ավելի արագ կկարգավորվի, քան պատկերացնում ենք։






