
Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է իրական երկխոսության, այդ պատճառով երբեք չի մերժել հանդիպումները, սակայն դրանք պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների, այսօր Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնել է ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռ շարունակվում են: Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել, թե՛ տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Ողղակի կան որոշ կարևոր տարրեր, որոնք մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Ղազարյանը:
Նա հայտնել է, որ նման հանդիպումներ տեղի են ունեցել փետրվարի 24-ին և մարտի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում:
«Այդ հանդիումների ժամանակ քննարկվել էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,- նշել է Ղազարյանը՝ հավելելով, որ հանդիպումներին հաջորդեցին մարտի 5-ին տեղի ունեցած Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել:
«Ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի դեռ ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններոում չի լինելու: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք ցավոք, մերժվել են նրանց կողմից»,-նշել է ԱՀ արտգործնախարարը:




