
Հայ–ադրբեջանական շփման գիծը 1975 թվականի քարտեզներով սահմանազատելու մասին Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են։ Նշվում է, որ Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման համար։ Ադրբեջանը, սակայն, որևէ քարտեզով սահմանագծում, սահմանազատում անելու մասին չի խոսում։ Ինչո՞ւ․ այս հարցն այսօր մեր գործընկերն ուղղել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանին և Ազգային արխիվի նախկին տնօրեն Ժամատուն Վիրաբյանին։ Նրանց համոզմամբ՝ Ադրբեջանը խուսափում է սահմանագծման և սահմանազատման համար որևէ քարտեզ հիմք ընդունելուց, քանի որ հասկանում է, որ այդ դեպքում գրաված ռազմավարական դիրքերը զիջելու է։
Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը չի ցանկանում սահմանանշման և սահմանազատման համար որևէ քարտեզ հիմք ընդունել, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու գրաված ռազմավարական դիրքերը զիջել Հայաստանին։
«Գրաված ռազմավարական բարձր դիրքերը ստիպված զիջելու է։ Միայն դա է խնդիրը»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը բացահայտում է ռազմավարական այն բարձունքները, որոնք Ադրբեջանը գրավել է և ստիպված է լինելու հետ վերադարձնել, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման համար հիմք ընդունի որևէ քարտեզ։ Քարտեզագետն ու արխիվի նախկին տնօրենն են փորձում հասկանալ ներկա իրավիճակը.
«Էս իրենց այդ գրաված դիրքերի քարտեզն է։ Էս բոլորը պիտի հետ տա։ Բարձր դիրքերը։ Ասում են, չէ, ամբողջ Հայաստանը մեր ձեռքի մեջ է. բարձր դիրքերը բոլորը գրավել է։ 200 ք/կմ»։
Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն է հիշեցնում Ամատունի Վիրաբյանը։ Հայտարարություններն այն մասին են, որ 6 օպերացիաների միջոցով կարողացել են տիրապետել ռազմավարական բոլոր դիրքերին։
«Սա է խնդիրը։ Եվ շարունակեց՝ ասելով, որ եթե Հայաստանը չի համաձայնում սահամանագծման անցնենք, «մենք կորոշենք՝ որտեղ որ կանգնած ենք, դա է մեր սահմանը. դա էլ հայտարարեցին»։
Ուժն է որոշում իրավունքը․ այս սկզբունքով է, ըստ Ամատունի Վիրաբյանի, հիմա շարժվում Ադրբեջանը։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը համամիտ է։ Կարծում է, որ երբ մենք էինք հաղթող, կարող էինք շատ խնդիրներ լուծել, հիմա, նրա ձևակերպմամբ.
«Ցավոք, ապրում ենք էյֆորիայում»։
Լուծո՛ւմներ՝ ո՛չ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ո՛չ Ամատունի Վիրաբյանը, չեն պատկերացնում։ Վիրաբյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիր՝ անկախ գոյություն ունեցող քարտեզներից՝ հաստատված կամ ոչ, չի կնքվի, քանի որ այստեղ մեծ տերությունների շահերի բախումն է խնդիրը, իսկ մեծ տերություններին, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի գնահատմամբ, անհրաժեշտ է մշտապես ունենալ վերահսկող ձեռք այս տարածաշրջանում։
«Տեղեկատվության պակասի պատճառով մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ Բայց մենք մեր խոսքը պիտի ասենք, որ եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, գրավված այդ տարածքները մեզ պիտի վերադարձվեն. 200 քառակուսի կիլոմետրին մոտ Ադրբեջանը գրավել է մեր տարածքներից։ Խաղաղության պայմանագի՞ր․ առաջինը, որ, եղբա՛յր, վերադարձրու մեզ մեր տարածքները, դրանից հետո նստենք խոսենք»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո լուրջ քարտեզագրություն առաջին անգամ կատարել է ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ն։ Գալջյանը, սակայն, նկատում է, որ 1921-23 թթ այդ մանրակրկիտ արված քարտեզները գաղտնի էին, և մասնագետները չեն տեսել դրանք։ Հենց այդ քարտեզների մասին էր երկու տարի առաջ խոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներում Ռուսաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը շեշտելով։
Պատճառն այն է, որ միայն ՌԴ-ն ունի այդ մանրակրկիտ քարտեզները։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նկատում է, որ հետաքրքիրն այն է, որ Պուտինը հայտարարեց, որ այդ քարտեզները մեջտեղ կբերվեն այն ժամանակ, երբ սեղանի շուրջ նստած Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն տվյալ հարցի շուրջ։ Ըստ նրա՝ ստացվում է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն իմանալու, թե ինչի մասին են բանակցելու, քանի դեռ վերջին վայրկյանին Ռուսաստանն այդ քարտեզը չի դնի սեղանին։




