ԿարևորՀասարակություն

Շրջափակման երկրորդ փուլ. Արցախում մտահոգ են, բայց ոչ սննդի ու դեղորայքի պակասից

200 օրից ավելի է, ինչ Արցախում ոտնահարված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սահմանադրականից մինչև ազատ տեղաշարժի։ Բայց Արցախցիները դիմակայում են։ Գիտեն՝ հույսը պետք է իրենց վրա դնեն։ Արցախում մտահոգ են ոչ թե սննդի ու դեղորայքի պակասից, այլ երկրի ճակատագրով։ Մեկ հարցում համակարծիք են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Կրկնակի շրջափակում կամ շրջափակման երկրորդ փուլ․ 200 օրից ավելի է, ինչ 120 հազար հայ կտրված է արտաքին աշխարհից։ Թշնամի երկիրն ամեն օր ավելի ու ավելի է սեղմում պաշարման օղակը։ Ստեփանակերտի բնակիչ Նարինե Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է  Արցախում տիրող տրամադրությունների մասին․

«Մարդիկ խուճապային տրամադրություններ չունեն։ Սա կարելի է ասել երկրորդ ալիքն է։ Առաջին ալիքի դեպքում, երբ չգիտեինք՝ ոնց կլինի, ինչ կլինի, հիմա մարդիկ ավելի կազմակերպված ու զուսպ են։ Անգամ խանութների դատարկվելը, եթե առաջին ալիքի ժամանակ մարդիկ փորձում էին պաշարներ կուտակել, հիմա շատ հանգիստ են»։

Հիմնականում սթափ, առանց խուճապի ու գիտակացաբար․այսպես են Արցախում դիմակայում կրկնակի շրջափակմանը։ Քանի որ առաջին փուլը ցույց տվեց, որ արցախցին հույսը պետք է միայն իր վրա դնի, այժմ պատրաստվում են՝ ասում է Նարինեն․

«Մարդիկ մեծ ծավալներով գարնանացան են արել, կարտոֆիլ, լոբի են ցանել։ Կաթնամթերք չունենք։ Հումք չկա, տարաներն են վերջացել, բայց ուտելիքի հետ կապված բողոքները այդքան էլ չեն հուզում մեզ։ Ամեն մեկս մի բան կարողանում է գտնել, պահած ինչ–որ բան ունենք»։

200 օրից ավելի է, ինչ ոտնահարված են արցախցիների բոլոր իրավունքները՝ սահմանադրականից մինչև ազատ տեղաշարժի։ Այս պահին նրանց հենց այս հարցերն են ավելի շատ հետաքրքրում՝առանցքայինը Արցախի ճակատագրին է․  

«Կարծես թե մենք ընդհանրապես գոյություն չունենք, այս տառապանքները, որ կրում ենք։ Ադրբեջանի ագրեսիվ ու ավտորիտար ռեժիմի բռնաճնշումները գնալով շատանում են։ Թե ինֆորմացիոն տեռորն է շատացել, թե սահմանին լարվածությունը։ Անցյալ շաբաթ զոհեր ունեցանք։ Երիտասարդ կյանքեր խլվեցին՝ ինչի՞ համար, քանի որ մեզ պաշտպանում են ագրեսոր պետությունից, որն ուզում է ինտեգրվենք իրենց։ Դա չի կարող լինել, քանի որ, եթե Արցախը մտնի Ադրբեջանի կազմ, վերջ»։

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ «Ռադիոլուրի» հետ զրուցում մեկ անգամ ևս ընդգծում է Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը․

«Ամենակարևորը, որ Արցախի իրավունքները հայությունը լավ հասկանա։ Արցախի տեղն ու դերը հայությունը լավ հասկանա։ Եթե մենք մեր իրավունքների պաշտպանության գործում հույսներս միայն դնենք միջազգային հանրության, ինչ–որ կառույցների վրա, ոչ մի բան չի ստացվելու։ Մենք տեսնում ենք, որ այդ իրավունքները, արդարությունը, նորմերը դժբախտաբար հետին պլան են մղվել։ Բոլորն առաջնորդվում են աշխարահաքաղաքական շահերով։ Այդ իրավունքները, նորմերը պետք է օգտագործել, բայց եթե դու չես պաշտպանում քո շահը, ուժեղ չես, համախմբված չես, որևէ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնելու։ Խնդիրը սա է։ Պետք է լավ հասկանաք, որ այս պահի դրությամբ որոշվում է համայն հայության ճակատագիրը։ Սա լոկ Արցախը չէ, քանի որ եթե Արցախը վերացավ, պարզ է, որ դրանից հետո Հայաստանը գոյատևել չի կարողանալու»։

Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ ամեն դեպքում ծանր իրավիճակից դուրս գալու լուծումներ կան։ Մատնանշում է համախմբվելը, սկզբունքային լինելն ու չվախենալը․

«Սկզբունքային, ատամներով պաշտպանենք մեր շահերը։ Հասկանանք, որ կա մի գաղափար, որը անթույլատրելի է խախտել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Սա կատաստրոֆա է լինելու»։

Բաբայանը վստահ է՝ պետությունենրի հետ հարաբերությունները զարգացնելով, հնարավոր է լուծումներ գտնել։ Այստեղ կարևորը ճկունությունն է ու սկզբունքայնությունը։ Եթե մենք ինքներս՝ հայությունը, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, նույնիսկ այն երկրները, որի հետ մեր շահերը համընկնում են, ոչինչ չեն կարող անել։ Հստակ օրակագ ու պատկերացում․ այդ ժամանակ միայն հաշվի կնստեն մեզ հետ՝ ասում է Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Կարդացեք նաև

Back to top button