
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Ներկայացման մեջ ներգրաված են և՛ հայ, և՛ ֆրանսիացի մասնագետներ: Պարային ներկայացման վրա հեղինակներն սկսել են աշխատել դեռ 2021 թվականից։
Փարաջանովի մասին՝ պարի լեզվով։ Հայ և ֆրանսիացի արվեստագետները պարային ներկայացում են բեմադրում «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով։ Նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակն է «Սաթէ-Աթըղ» թատերական միության նախագահ Սաթէ Խաչատրյանը։ Նա ասում է՝ նախագիծը մեկ անգամ ևս ընդգծելու է հայ-ֆրանսական բարեկամական կապը․
«Նախագիծը կայանում է երկու պետությւնների աջակցությամբ։Եվ այն հազվադեպ նախագծերից է, որտեղ կարող են մեր երկու մշակույթները երկխոսել»։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկ տարի է՝ սկսվել են։ Հեղինակները նշում են, որ հստակ ուրվագծվել է ներկայացման տրամաբանությունը։ Ընդ որում այն «Նռան գույնը» ֆիլմի կրկնօրինակը չի լինելու։

««Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով է, ներշնչված է «Նռան գույնով», որոշ պատկերներ, անշուշտ, կհիշեցնեն, բայց չի լինելու ֆիլմի բեմական տարբերակը։
Ներկայացման խորեոգրաֆը ֆրանսիացի Մուրադ Մերզուկին է։ Բեմադրիչը խոստովանում է, որ երբ առաջին անգամ այցելել է Փարաջանովի տուն թանգարան, իր համար դժվար ընկալելի է եղել Փարաջանովի արվեստը։ Սակայն երկրորդ անգամ այցելելով հասկացել է, որ Փարջանովը միայն ներշնչանքի աղբյուր է։ Երկու անգամ դիտել է «Նռան գույնը» ֆիլմը ու նորովի բացահայտել մեծ արվեստագետին։ Ֆրանսիացի խորեոգրաֆն ասում է, որ իր համար մեծ մարտահրավեր է Փարաջանովի արվեստը պարի լեզվով ներկայացնելը․
«Կբեմադրվի այնպիսի պարային ներկայացում, որը կհետաքրքիր նաև երեխաներին։ Որոշ պարերով կտեսնեք հենց իր ձեռագիրը և ես մեծ հույս ունեմ, որ այս ներկայցումից հետո հանդիսատեսը ցանկություն կունենա ճանաչելու, կամ, ովքեր ճանաչում են, ավելի լավ բացահայտելու Փարաջանովին և նրա ստեղծագործությունները»,- նշեց Մերզուկին:
Բեմդրության վրա հավասարապես աշխատում են և՛ ֆրանսիացի, և՛ հայ արտիստներ։ Երաժշտական մասն էլ վստահել են հայ երաժիշտներին։
«Սաթէ-Աթըղ» թատերական միության նախագահ Սաթէ Խաչատրյան․
«Երաժիշտները միտումնավոր կերպով ընտրվել են հայեր, որոնք հայկական մաքուր երաշտությունը պետք է զուգակցեն ժամանակակից ֆրանսիական երաժշտության հետ»։
Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարին։ Իսկ ավելի ուշ՝ մարտին, «Նռան գույնը» բալետը կցուցադրվի Երևանում։




