
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ՝ համաձայն Նյու Դելիի հռչակագրի, որն ընդունվել է ՇՀԿ գագաթնաժողովի ավարտին։
«Անդամ երկրներն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ երկիր ընդունելու պատմական նշանակությունը»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես ընդգծել է նախագահ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով գագաթնաժողովում, այս որոշումը Իրանին պայմաններ կապահովի անվտանգության, ինքնիշխանության և կայուն տնտեսական զարգացման համար։ Նա նաև հորդորել է անցնել ազգային արժույթով հաշվարկներին։
«Արևմտյան աշխարհի հեգեմոնիան նպաստում է դոլարի գերիշխանությանը: Նոր տնտեսական կարգեր ստեղծելու համար անհրաժեշտ է համաշխարհային պրակտիկայում հանել հեգեմոնիայի այս գործիքը, օգտագործել ազգային արժույթները երկրների միջև հաշվարկներում», — ասել է Ռաիսին:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Բելառուսը դիտորդի կարգավիճակ ունի, սակայն անցած հուլիսին Մինսկը հայտ է ներկայացրել լիիրավ անդամակցության համար։




