
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները՝ հասցնելով դրանք դեսպանների մակարդակի, երեքշաբթի օրը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի հասցնելու մասին: Թուրքիան առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Եգիպտոսի ԱԳՆ-ն հաստատել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի հասցնելու մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում:
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել էին 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից և դրան հաջորդած արյունալի բախումներից հետո։ Էրդողանը կտրուկ դատապարտել էր եգիպտացի զինվորականների գործողությունները գահընկեց արված նախագահի կողմնակիցների նկատմամբ։ Թուրքիան և Եգիպտոսը 2013 թվականի օգոստոսին հետ էին կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար , որից հետո Եգիպտոսը Թուրքիայի դեսպանին պերսոնա նոն գրատա էր հայտարարել, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի։




