ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ է Բաքուն հարցումներ անում Արցախի դեմ նոր ագրեսիա սկսելու մասին

Ադրբեջանում հարցումներ են անցկացնում Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Այդ երկրի լրատվամիջոցները պնդում են, որ հարցվողների մեծ մասը կողմ է նման քայլին։ Ադրբեջանագետները այդ տեղեկատվության մեջ առաջին հերթին ազդեցություն գործելու միտումներ են տեսնում։

Բաքուն ամեն կերպ փորձում է Արցախի հայաթափմանը հասնել, ըստ այդմ՝ հայկական կողմում միասնականության և զգոնության կարիք կա, ասում են փորձագետները։

Ադրբեջանը տեղեկատվական արշավ է սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախի դեմ, ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նա ընդգծում է, որ Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությամբ Արցախի դեմ ագրեսիայի քարոզը գնալով նոր թափ է հավաքում․

«Հիմա էլ հարցում են, թե արդյո՞ք մարդիկ կողմ են, որ նոր ագրեսիվ գործողությունների դիմեն Արցախի դեմ: 83%-ը կողմ է քվեարկել, գրել է նա տարակուսանք հայտնելով՝«այդպես էլ պատրաստում են իրենց բնակչությանը հայերի հետ «խաղաղության»…

Տաթև Հայրապետյանը նման տեղեկատվության տարածման պատճառներն է նաև ներկայացնում։ Ըստ նրա, այդպիսով Բաքուն փորձում է հանրային տրամադրությունները ստուգել: Եթե միջազգային հարթակներից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստանան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի, ենթադրում է ադրբեջանագետը: Բացի այդ, ըստ նրա, Բաքուն փորձում է խուճապային տրամադրություններ առաջացնել Արցախում:

Տաթև Հայրապետյանը վստահ է, որ Բաքուն հենց այնպես չի անում այս արշավը «Եթե համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի համար»,-գրում է Տաթև Հայրապետյանը:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նախ նկատեց, որ Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու նպատակ Ադրբեջանը միշտ ունի, վերջին երեք տարում՝ առավել ընդգծված, ինչը գաղտնիք չէ, այդ մասին բազմիցս հայտարարությունն են արվել։

Ընդհանուր նպատակներն էլ հստակ են՝ ստիպել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ճանաչի Ադրբեջանի տարածքային աբողջականությունը և ստորագրի դրա տակ, այլև զիջումներ անի։ Իսկ նոր ագրեսիա իրականացնելու մասին հարցումներն, ըստ Գառնիկ Դավթյանի, կոնկրետ միտումներ ունեն․

«Նման հարցումները Բաքվում ներհասարակական կոնսոլիդացիա ստեղծելու և, անհրաժեշտության դեպքում, զորահավաք իրականացնելու նպատակներ ունեն, նաև քարոզչական դաշտում Հայաստանի ու Արցախի հարցում հասարակական պանիկա ստեղծելու նպատակ կա, որ եթե չեք ուզում այդպես լինի, բանակցություններում ընդունեք այն, ինչ ուզում են՝ տվեք հողերը»։

Եթե ռուս խաղաղապահները այնտեղ չլինեին, ըստ Գառնիկ Դավթյանի, այժմ հայեր Արցախում չէին լինի։ Նա հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունը համարում է բախում ռուս խաղաղապահների հետ։ Եվ որպեսզի ագրեսիայի հավանականությունը կանխվի, աշխատանք է հարկավոր հայկական կողմից․

«Պրոցեսների զարգացումը այդ մասով պետք է ստեղծի Հայաստանի շուրջ դաշնակիցների ընդհանուր կոնսոլիդացիա, այսինքն՝ բացի Ռուսաստանից, նոր դաշնակիցներ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանը, և պետք է ստանալ երաշխիքներ, որ հնարավոր ռազմական գործողության դեպքում Հայաստանը մենակ չի մնալու»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը համոզված է, որ Բաքվում Արցախի դեմ արգեսիա իրականացնելու առումով հարցումները նպատակ են հետապնդում գործողությունների դիմելուց առաջ համապատասխան տրամադրություններ ստեղծել։ Բաքուն օգտվում է 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի թուլացած վիճակից․

«Նոր պատերազմը նրանց հասարակության մեջ ցանկալի է, կարծում եմ, քանի որ նրանք հասկանում են, որ Հայաստանն այս պահին դաշնակիցներ չունի, որից կարող են օգտվել ու նոր տարածքներ զավթեն։ Հետևաբար, հակված եմ կարծելու, որ եթե ոչ լայնածավալ ռազմական գործողություններ, ապա էսկալացիաներ կլինեն, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հող է նախապատրաստում նոր ռազմական գործողություններ կատարելու համար։ Թշնամին անկեղծ է, և գիտենք, որ նրա նպատակը բուն Հայաստանի տարածքներից հողեր զավթելն է, մասնավորապես՝ Վայոց ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում»։

Հայաստանն ու Արցախը կարող են պարտադրված պատերազմի կողմ դառնալ, միջազգայնագետի կարծիքով, իսկ միջազգային հանրությունը, ըստ նրա, կսահմանափակվի ընդամենը հայտարարություններով։

Սակայն հայկական կողմը պետք է այսօր փորձի ևս մեկ անգամ հստակեցնել Ռուսաստանի գործառույթները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների հիմա վրա։

Կարդացեք նաև

Back to top button