
Բարձրագույն դատական խորհուրդն իրավական թեժ զարգացումների էպիկենտրոնում է, կառույցի որոշումները՝ մասնագիտական քննարկումների առանցքում։ ԲԴԽ-ն այսօր դադարեցրել է միանգամից 4 դատավորի լիազորություն։ Պատճառը ժամանակին նրանց քննած գործերով ՄԻԵԴ-ի վճիռներն են։ Դատավորների փաստաբանները, սակայն, համոզված են, որ այդ գործերը դեռ վերադառնալու են ՄԻԵԴ։
ԲԴԽ նիստն ուղեկցվել է նաև այլ լարվածությամբ․ լրագրողների արգելվել է մուտք գործել դահլիճ, որտեղ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակել է որոշումը։ Նրանց առաջարկվել է էկրանից հետևել աշխատանքին։
Բարձրագույն դատական խորհուրդը մեկ վճռով դադարեցրեց միանգամից 4 դատավորի լիազորությունները։ ԲԴԽ–ն հենց սկզբից կարգապահական 5 վարույթ էր հարուցել, բայց դատավոր Սամվել Թադևոսյանը, չսպասելով ԲԴԽ որոշմանը, ազատման դիմում է գրել ու հեռացել համակարգից։
Թե որ դատավորներն են զրկվել կարգավիճակից, ԲԴԽ անդամները՝ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ հայտնեցին խորհրդակցական սենյակից վելադառնալով․
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանը ունի հատուկ կարծիք»։
ԲԴԽ անդամ-դատավորի հատուկ կարծիք հայտնելը, նշանակում է, որ նա համաձայն չէ ԲԴԽ-ի որոշման հետ։
Մեկ այլ առանձին որոշումով ԲԴԽ-ն դադարեցրեց նաև Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Ինչի՞ համար են պատժվում դատավորները
Չորս դատավորներից առաջին երեքի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել:
2019-ին «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրվել էր, որ Հայաստանը խախտել է անձի` դատարանի մատչելության իրավունքը: Ըստ գործի` քաղաքացիական դատարանում քննության ենթակա հայցադիմումը, եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյաններով անցնելով, վարույթ չի ընդունվել: Աստղիկ Խառատյանը, Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը եղել են այս գործով դատավորներ:
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց նաև դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Նրա դեպքում պատճառը ոչ թե ՄԻԵԴ-ի վճիռն է, այլ լրագրողների հետ զրույցում հայտնած տեսակետը։ Արդարադատության նախարարությունը համարում է, որ 12 տարի պաշտոնավարող դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։ Ամիսներ առաջ դատավոր Հարությունյանը հրապարակավ քննադատել էր Բարձրագույն դատական խորհրդին։ Այս տարվա ապրիլի 7-ին դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ դատավորը քննադատել էր 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շուրջ 20 դատավորի լիազորություն դադարեցնելու հանգամանքը:
Դավիթ Հարությունյանն ասում է, որ ԲԴԽ նիստին իրեն չեն լսել․ «Ինձ վերագրվող այդ ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չեմ ունեցել։ Այդ հնարավորությունից էլ են զրկել։ Իսկ եթե ես հայտնեի, առնվազն բոլորի համար պարզ կլիներ, թե ինչու են այդ գործողությունները իրենք պլանավորել, ինչու են այս գործողություններն իրենք իրականացնում։ Ըստ իմ տեղեկություններից՝ սկիզբ է առել, երբ Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար էր և երբ օրենքի նախագիծ էին ներկայացնում հանրությանը, ուղարկել էին մեզ, մի շարք դատավորները նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցինք, ուղարկեցինք, չարձագանքեցին։ վերջում նշեց, թե իրեն ճնշում են դատավորները, մեղադրեց դատավորներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, այն նախագծի մասին էր, երբ անձի վիճակը վատթարացնող օրենքին տալիս էին հետադարձ ուժ, որով, ենթադրում եմ, 3 դատավորների լիազորությունները այդ հիմքով դադարեցվեցին»։
Մասնակի վեթի՞նգ, թե՞ պատժիչ մահակ
Գործող իշխանությունը մշտապես խոսել է դատական համակարգը «մաքրելու» ցանկության մասին։ Գործիքներից մեկը թերևս նախորդ տարվա ամռանը Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումներն էին, համաձայն որոնց՝ մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումների հիմքով դատավորի նկատմամբ կարող է վարույթ հարուցվել:
Այն, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի կայացված որոշումների համար պետք է պատասխանատվություն կրեն գործող դատավորները, հայտարարվել է բազմիցս։ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, սակայն, պնդում է՝ դատական համակարգում կատարվողը վեթինգի հետ որևէ կապ չունի։
«Հռչակված բարեփոխումները ցավալիորեն որպես պրոցես այդպես էլ տեղի չունեցան։ խոսքը համակարգային, լրջագույն խնդիրների մասին է։ Ես չեմ հիշում այդպիսի դեպքեր, որ այսպիսի դռնփակության, կամայականության դրսևորումներ լինեին այս ծավալի, որը մենք հիմա տեսնում ենք ԲԴԽ-ում։ կան իրավունքներ, որոնք պետք է լինեն, պետք է գործեն բոլորի համար անկախ մեր վերաբերմունքից։ կամ մենք իրավական երկիր ենք, կամ մենք իրավական երկիր չենք։ Իսկապես կան դատավորներ, որոնց վերաբերյալ կարելի էր և պետք էր որոշումներ կայացնել իրենց գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց գործող ընթացակարգերը դրա հնարավորությունը չէին տալիս։ Դա էր պատճառը, որ մենք երկար ժամանակ պահանջում էինք անցումային արդարադատության կիրառությունը գործադրել, որովհետև դա հնարավորություն կտար ավելի խիստ, ավելի կոշտ, ոչ ստանդարտ մոտեցումներ դրսևորել։ Հիմա գործող օրենքների շրջանակներում փորձում են ինչ-որ գործընթացներ անել, բայց դա անում են շատ փնթի, շատ դեպքերում անթույլատրելի մեթոդաբանությամբ»։
ՄԻԵԴ բումերանգը դատավորների և ԲԴԽ դեմ
ՄԻԵԴ վճիռների համար պատասխանատու և պատժված դատավորների գործերը նորից հասել են մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի այդ կառույցը արդեն պաշտպանի դատավորների ոտնահարված իրավունքը։ Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով միջանկյալ միջոց կիրառելու փորձն անհաջող էր, թեև Եվրոպական դատարանը գրություններ էր ուղարկել պարզաբանումների համար, բայց որոշում կայացնել չհասցրեց՝ ԲԴԽ վճիռը ՄԻԵԴ որոշումից ավելի շուտ կայացվեց։
Դատավոր Դավիթ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը համոզված է, որ վերջին օրերին պատժված դատավորների մի մասը ՄԻԵԴ որոշումով աշխատանքը վերականգնելու հեռանկար ունի, իսկ ընդհանուր զարգացումները ՄԻԵԴ–ում, ըստ փաստաբանի կարող են լինել հետևյալը․
«Որոշակի առումով ծանոթ լինելով գանգաթների բովանդակությանը, վստահաբար դրանք կհանգեցնեն նրան, որպեսզի համապատասխան դատավորների իրավունքների խախտումներ արձանագրվի։ Այնպիսի որակի խախտումներ են, որոնք ԵԴ-ում հաստատվելու դեպքում հիմք կհանդիսանան ներպետական վարույթները վերաբացելու և վերսկսելու։ Այսինքն՝ վարույթը նորից քննվում է այդ խախտումների բացառմամբ։ Պայմանական եմ ասում, օրինակ՝ դռնբացությունը խախտված է եղել, այս մաոսվ ԵԴ-ն կպարտադրի վերաբացել և քննել դռնբաց։ կարող են լինել նաև բովանդակային այնպիսի արձանագրումներ, որոնք մեծ հաշվով կհանգեցնեն միակ հնարավոր հետևանքի, այն է՝ վարույթի կարճմանը կամ Արդարադատության նախարարության միջնորդության մերժմանը»։
Ստացվում է, որ հնարավոր հաջողությունը ՄԻԵԴ-ում կարող է կատակ խաղալ «պատասխանատվության» օրենքը մշակողների և ընդունողների հետ և փոխել կարգավիճակները՝ պատասխանատվության կանչողից դարձենլով պատասխանող։




