
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը որոշել են ստորագրահավաք սկսել ու ապրիլի 28- ին սկսվող քառօրյայի ընթացքում քննարկման առարկա դարձնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» այս որոշմանը հանգել են այսօրվա հերթական հանդիպումից հետո: Ամփոփելով դրա արդյունքները՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարն այն արդյունավետ ու հագեցած է գնահատել: Լևոն Զուրաբյանն ասել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը 4 ուժերը դիտարկում են որպես հասարակությանը համախմբելու միջոց և նոր գործընթացի սկիզբ: «Քանի որ հասկանում ենք, որ սա գործընթացի սկիզբ է, որոշել ենք մշակել սոցիալ-տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր: Խոսքն այն քայլերի մասին է, որոնք պետք է իրագործի Հայաստանի որևէ կառավարություն երկիրն այս վիճակից հանելու համար»:
Նշենք նաև, որ այսօրվա նիստում քննարկվել է նաև «Դեմ եմ» նախաձեռնության մարտի 22-ին հանրահավաքին մասնակցելու հարցը: Չորս ուժերը նաև որոշել են մարտի 24- ի քառօրյայի ժամանակ արտահերթ ընթացակարգով քննարկել ևս մի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այն, ըստ Լևոն Զուրաբյանի, պետք է ուսումնասիրի հարկային թաքնված բեռի բարձրացման հարցը: Խոսքը, 2012-2013 թթ. ընթացքում կառավարության ու քաղաքապետարանի կողմից սահմանված այն տուրքերի ու տուգանքների մասին է `արագաչափեր, ուղեվարձի թանկացում, վճարովի ավտոկայանտեղեր, որոնք մեծացրել են քաղաքացիների հարկային բեռը:




