ԿարևորՀասարակություն

Հուլիսի 1-ից կենսաթոշակը կավելանա ամենաքիչը 3000 դրամով, իսկ վճարումները կարվեն անկանխիկ

Հուլիսի մեկից շուրջ 580 հազար քաղաքացիների կենսաթոշակը կավելանա։ Սա վերաբերում է ինչպես աշխատանքային, այնպես էլ զինվորական ու հաշմանդամության կենսաթոշակ ստացողներին ու սոցիալական նպաստներից օգտվողներին։ Բոլոր կենսաթոշակները, անկախ մասնագիտությունից, ստաժից ու բնույթից, հաշվարկվում են նույն բանաձևով․ հիմնական աշխատավարձ, գումարած ստաժի մեկ տարվա արժեքը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը բացատրում է՝ Կառավարությունը ավելացրել է հիմնական աշխատավարձի չափը, որը կենսաթոշակի հաշվարկման հիմնական բաղկացուցիչ մասն է։ Բացի այդ կառավարությունը սահմանել է նաև նվազագույն կենսաթոշակի շեմ։ Եթե բանաձևային հաշվարկից հետո կենսաթոշակը այդ շեմից ցածր կլինի, պետությունը կբարձրացնի այն մինչև նվազագույն թոշակը՝ 36 հազար դրամը։

«Փաստորեն ավելանում է հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամից դառնալով 24 հազար դրամ, դա նշանակում է՝ գործնականում բոլոր աշխատանքային կենսաթոշակները առնվազն հիմնական կենսաթոշակի տարբերության չափով՝ 3000 դրամի չափով, ավելանում են։ Իսկ այն կենսաթոշակառուները, որոնք վճարվում էին նվազագույն կենսաթոշակի չափով, իրենցը կբարձրանա 4400 դրամի չափով»,– ասում է Անահիտ Գալստյանը։

Փոփոխություններ կան նաև զինվորական կենսաթոշակում։ Այս դեպքում անփոփոխ է մնացել հիմնական կենսաթոշակի չափը, սակայն գործադիրը որոշել է ավելացնել մեկ տարվա ստաժի համար տրվող գումարը։ Եթե նախկինում զինվորական ծառայության մեկ տարվա ստաժի դիմաց պետոթյունը կենսաթոշակի տեսքով վճարում էր 1600 դրամ, ապա հուլիսի 1-ից կվճարի 1750 դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյան

«Շա՞տ է, թե՞ քիչ է 150 դրամը․ եթե հաշվի առնենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը 20 տարին է, ստացվում է, որ 20 տարվա զինվորական ծառայության ստաժով կենսաթոշակները կավելանան 20 անգամ 150 դրամ, այսինքն կավելանա նվազագույնը 3000 դրամով»,– բացատրում է նախարարության ներկայացուցիչը։

Հուլիսի 1-ից կավելանան նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած կամ հաշմանդամություն ունեցող կամ կերակրողին կորցրած քաղաքացիների կենսաթոշակն ու նպաստը․ մասնավորապես, դրանց հաշվարկման հիմքում կդրվի այս տարվա փետրվարից ուժի մեջ մտած ֆունկցիոնալության գնահատման համակարգը՝ մանրամասնում է Անահիտ Գալստյանը։

«Մասնավորապես առաջին խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման դեպքում կենսաթոշակառուների թոշակը 31600 դրամից կդառնա 39000 դրամ, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումը կամ երկրորդ խմբի հաշմանդամության կենսաթոշակը կդառնա՝ 37500 դրամ և երրորդ խումբն ու միջին սահմանափակում ունեցող անձիք 31600 դրամի փոխարեն կստանան 36000 դրամ»։

Արդյունքում՝ ավելի քան 580 հազար քաղաքացու կենսաթոշակ կբարձրանա։ Առայժմ կենսաթոշակների չափը հեռու է բավարար լինելուց՝ ասում է Գալստյանը, հաշվարկել են՝ նույնիսկ 1000 դրամ ավելացումը պետության գրպանին արժենում է 7 միլիարդ դրամ։

«Նվազագույն սպառողական զամբյուղը այսօր 79000 դրամ է, մեր բարձրացումների արդյունքում աշխատանքային կենսաթոշակը կդառնա շուրջ 49000 դրամ, այսինքն մենք դեռ 30000–ով զիջում ենք նվազագույն սպառողական զամբյուղին․ 30 անգամ 7 միլիարդ․․․ ես կարծում եմ հասկանալի է, որ միանգամից 200 միլիարդից ավելի ծախսերը պարզապես իրատեսական չէ»։

Նախորդ տարվա հուլիսից  ներդրված կենսաթոշակի հետվճարային համակարգը ևս թոշակների ավելացման մեխանիզմ էր՝ հիշեցնում է Գալստյանը։ Եթե ծրագրի մեկնարկին դրանից շուրջ 17 հազար քաղաքացի էր օգտվում, ապա այս պահին կենսաթոշակի 10 տոկոսի չափով քեշբեք ստանում է ավելի քան 115 հազար թոշակառու։

Կենսաթոշակների ու նպաստների ոլորտում սա միակ փոփոխոթյունը չէ․ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Փոփոխված օրենքը նաև բացառություններ է սահմանում, սակայն քաղաքացիները պետք է դիմեն այդ արտոնությունից օգտվելու համար՝ մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։

«Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները, ինչպես նաև 75-անց կենսաթոշակառուների ընտանիքները կարող են դիմել և ընտրել ցանկալի եղանակը․ այսինքն, պետությունը հնարավորություն է տալիս այդ խմբի անձանց ընտանիքներին իրենք որոշեն՝ կանխիկ, թե՛ անկանխիկ կստանան իրենց նպաստները»,– մանրամասնում է նախարարության ներկայացուցիչը։

Այս պահին արդեն իսկ շատերն են նպաստ ու կենսաթոշակ ստանում անկանխիկ եղանակով՝ ասում է Մարգարյանը, հետևաբար փոփոխոթյունը շատ սահուն կլինի՝ վստահ են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով շահառուների շուրջ 50 տոկոսն արդեն պետական նպաստը ստանում է անկանխիկ եղանակով։

Կարդացեք նաև

Back to top button