
Առաջիկա երկու օրերին «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» ներկայացուցիչները կհանդիպեն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լեմցովի հետ։ Արցախում հունիսի 3-ից ձևավորված «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որում շարժման անդամները քննարկում են Լեմցովի հետ հանդիպման հարցն ու հետագա անելիքները։ Ապաքաղաքական ինքնաբուխ շարժման նախաձեռնող խմբի անդամների պահանջը մեկն է՝ Հակարիի կամրջին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետը հանելը։
Արցախի ձայնը ամեն տեղ պետք է լսելի լինի։ Համայն հայությունը պիտի միավորվի ու փորձի ինչ-որ բան անել՝ կանխելու Ադրբեջանի շարունակական ցեղասպան քայլերը, Արցախում էթնիկ զտումը՝ ասում են «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» մասնակիցները», հավելում՝ պայքարը շարունակելու են մինչև վերջնական նպատակին հասնելը։
«Արդեն հացի հերթեր են։ Պիտի հավաքվենք, որ շարժումն ավելի մեծացնենք ու մեր նպատակին հասնենք՝ միջանցքի ապաշրջափակմանը»։
Շարժման անդամներից Դավիթ Վանյանն ասում է, որ երկու հիմնական հարցով քննարկումներ են անցկացրել ու որոշում կայացրել։ Առաջինը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ հանդիպումն է։ Ավելի վաղ շարժման անունից նրանք նամակով դիմել էին ռուս խաղաղապահների հրամանատարական շտաբին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լեմցովի հետ։ Ստացվել է պատասխան՝ Լեմցովը պատրաստակամություն հայտնել է հանդիպելու շարժման ներկայացուցիչների հետ, միայն թե պայմանով՝ առանց տեսագրությունների։

«Ինձ թվում է՝ հրաժարվելը սխալ կլինի։ Պետք է խմբով գնանք՝ պահանջներ դնենք, հարցեր տան ու ինչ պատասխաններ ստանանք՝ դուրս ենք գալու հրապարակային ասենք։ Համաձա՞յն եք, գնանք հանդիպենք՝ առանց կամերաների»։
Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման մասնակիցներն ասում են, որ իրենց հիմնական խնդիրը մեկն է՝ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելը։ Հենց այս հարցով էլ ցանկանում են հստակ պատասխան ստանալ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարից. ի վիճակի՞ է խնդիրը լուծել։
«Կամ դու քո գործը արա, կամ՝ դուրս արի և հայտարարիր, որ ի վիճակի չես։ Մեզ պետք ա ինքը իր բերանով ասի և մենք դա ֆիքսենք»։
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» ներկայացուցիչները նաև պատրաստվում են նույն հարցով դիմել Արցախի ԱԺ-ին՝ պահանջելով հստակ պատասխան-հայտարարություն՝ ռուս խաղաղապահները ի վիճակի՞ են, թե՞ ի վիճակի չեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը։ Շարժման ներկայացուցիչների հետ հանդիպել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նախաձեռնության անդամները օմբուդսմենին են դժգոհություն հայտնում՝ ինչու՞ որևէ պետական մարմին հստակ նման գնահատական չի տալիս։ 2022 թվականի օգոստոսին հրապարակված զեկույցի մասին է հիշեցնում Գեղամ Ստեփանյանը.
«Հրապարակված զեկույցում առանձին անդրադարձել եմ ռուս խաղաղապահների առաքելությանը՝ արձանագրելով, որ քաղաքացիական բնակչության պաշտպանություն ունեցող առաքելությունը մասնակի ձախողել են խաղաղապահները»։
Ալեքսանդր Լեմցովը ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել այս տարվա ապրիլի 25-ին։ Շարժման ներկայացուցիչներից Արթուր Գրիգորյանը կարծում է, որ Լեմցովից և ԱՀ ԱԺ-ից նման հստակ պատասխան ունենալուց հետո, իրավական տեսանկյունից ճանապարհ կբացվի, որ իրենք դիմեն միջազգային հանրությանը՝ միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու խնդրանքով։




