
Հունիսի 30-ին տեղի ունեցավ «Առաջին քայլը դեպը Հայաստան. գործարար և ներդրումային հնարավորություններ» խորագրով հայ-ճապոնական առաջին գործարար համաժողովը։ Առցանց եղանակով իրականացված միջոցառման նպատակը Հայաստանի տնտեսական գրավչության և ներդրումային բարենպաստ միջավայրի ներկայացումն էր ճապոնացի գործարարներին:
Բացման խոսքում դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ «Rotobo»-ին՝ գործադրած ջանքերի համար և հույս հայտնեց, որ այս համաժողովը անկյունաքարային կդառնա հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար ու կնպաստի Ճապոնիայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Համաժողովին պրեզենտացիայով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Սերգեյ Ջավադյանը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 90 ճապոնական ընկերություններ և համատեղ ընկերակցություններ:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մ. Ֆուկուշիման:





