
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը։ Միջնադարի մեծանուն մտածող Ներսես Շնորհալին ընդգրկված էՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում, առիթը Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն է։
Որքանո՞վ են նման միջոցառումները առիթ հանդիսանում կամ հիմք տալիս վեր հանելու Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների պահպանության հարցերը։ Այս հարցը հաճախ քաղաքական է համարվում, սակայն կա նաև ընձեռված հնարավորություններից չօգտվելու հանգամանքը։
Թշնամու տիրապետության տակ հայտնվելուց հետո Արցախի հուշարձաննրը հետևողականորեն ոչնչացվում են։ Հերթական վանդալիզմի մասին հայտնի դարձավ մի քանի օր առաջ՝ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ադրբեջանցիները վերածում են մզկիթի։ Նմանօրինակ փաստերը բազմաթիվ են, սակայն մշակութային ժառանգության պահպանության առաքելությունը ստանձնած ամենահեղինակավոր միջազգային կառույցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի շտապում փաստահավաք առաքելություն գործուղել Արցախ ու հարակից տարածքներ դրանք արձանագրելու և հետամուտ լինելու հայկական մշակույթի արժեքները փրկելու գործում։
Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Խաղաղության մշակույթը» օրակարգի շրջանակներում այս հանգամանքը շեշտեց նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նա ահազանգեց, որ Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ոչնչացման վտանգի եզրին, մինչդեռ Հայաստանը տևական ժամանակ դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկել և տեղում արձանագրել իրավիճակը։ Սակայն այս հարցում ոչ մի առաջընթաց չկա։
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը միջազգային կառույցների անտարբերությունը բացատրում է Բաքվի ակտիվ աշխատանքով ու հայկական կողմի անգործությամբ կամ չհամակարգված աշխատելաոճով․
«Մի քիչ քաղաքական խնդիր կա և ՅՈՒՆԵՍԿՕ-ի չգալը, չմասնակցելը մեր հարևան պետության ակտիվ աշխատանքի ու դիմադրության շրջանակներում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենք ֆինանսավորում են և իրենց մոտ բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպում և այդպես ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կոպիտ ասած, իրենցով են արել։
Այդ աշխատանքի արդյունքում է, որ նրանք կարողացան արգելել նաև, որ Ջուղայի խաչքարերի ավերման հարցում փաստահավաք խմբի փորձագետների ներկայություն լինի»։
Փոխարենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզի իր կենտրոնակայանում հայ մեծ մտածող, աստվածաբան, պատմիչ, բանաստեղծ, երաժշտագետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն ու գիտաժողով է կազմակերպում։ Գագիկ Գյուրջյանն այդ միջոցառումը կարևոր է համարում, քանի որ նման պատվի արժանանալը հեշտ չէ։ Ամեն տարի տարբեր երկրներ նշանավոր մարդկանց ցանկ են ներկայացնում, որոնցից կառույցն ընտրում է անհատների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց մեծարման ցանկում ընդգրկելու համար։ Ինչ են տալիս նման միջոցառումները Հայաստանի համար հրատապ համարվող հայկական հուշարձանների պահպանության գործում առաջընթաց արձանագրելու համար․
«Եթե այս մասին հարց բարձրացվի ու թեման շոշոփվի, բնական է, որ ուշադրություն կհրավիրվի խնդիր վրա, բայց գործնական քայլերի առումով չեմ կարծում, թե արդյունք կլինի։ Մենք չենք օգտվում այն հնարավորություններից, որ ընձեռված են մեզ, մասնավորապես, այն կոնվենցիաներից, որոնք ընդունել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Միջազգային կառույցների հետ աշխատանքը, մեղմ ասած, պատշաճ մակարդակի վրա չէ, հետևաբար, սպասել ինչ–որ բան իրենցից ,չեմ կարծում, թե հավատալու բան է»։
Մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականից հետո որևէ հայտ անգամ չի ներկայացրել ՅՈՒՆԵՍՕ-ի հատուկ պահպանության ցանկում ընդգրկելու համար, մինչդեռ Հայաստանում ու Արցախում հատուկ պահպանության արժանի հուշարձանների պակաս չկա։ Քանի որ հայտ չենք ներկայացնում, ցանկը չի էլ համալրվում։ Մյուս երկրները մինչդեռ 30-40 հայտ են արդեն ներկայացրել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ․
«Բարդ գործ չէ ներկայացնելը, բազմիցս դիմել ենք, անգամ ցանկ ենք ներկայացրել, բայց չեն զբաղվում, անհասկանալի է թե ինչու չեն զբաղվում»․․․
Գյուրջյանի համոզմամբ, կառավարման համակարգ է հարկավոր, որը կկորդինացնի Հայաստանում գործող միջազգային հասարակական կազմակերպությունների աշխատանքը և հատուկ պահպանության արժանի հուշարձանները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ։




