ԿարևորՀասարակություն

Ընկերական արդարադատություն․ ինչու է աղմկում ԲԴԽ-ն և ինչ կարող է անել ՄԻԵԴ-ը

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի և կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանի գործունեության հարցը հասել է ՄԻԵԴ։ ԲԴԽ-ի կողմից, այսպես ասենք, «պատժվող» դատավորն է փորձում հասնել միջազգային կառույցում միջանկյալ միջոցի կիրառման՝ արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու համար։

Մյուս կողմից՝ ԲԴԽ-ն կարգապահական վարույթներ է հարուցում այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-վճիռներ է կայացրել։

Աղմկոտ նիստեր ԲԴԽ-ում, դռնփակ դատավարություններ, փաստաբանների գործադուլ և որպես հետևանք՝ գործ ՄԻԵԴ-ում` ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։ Վերջին շաբաթվա իրադարձություններն են, որոնք դեռ հանգուցալուծումների են սպասում։ ՄԻԵԴ դիմած դատավորի գործով վճիռը ԲԴԽ-ում դեռ պետք է հրապարակվի հուլիսի 3-ին, վերաբերում  է ազատ արտահայտման իրավունքին,  դատավորը դիմել է ՄԻԵԴ՝ իր այդ իրավունքի խախտումը նշելով, դեռ հայտնի չէ՝ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կկիրառի՞, թե՞ ոչ ԲԴԽ նիստին առնչությամբ ։  

Եվրոպական դատարան դիմել է դատավոր Դավիթ Հարությունյանը իր նկատմամբ ԲԴԽ-ի հարուցած կարգապահական վարույթի շրջանակում։ Դատավորը կարծում է, որ դռնփակ նիստերով  խախտվել է արդար դատաքննության իր իրավունքը։ Իսկ ԲԴԽ-ն այս հարցը քննարկում է, քանի որ արդարադատության նախարարությունը կարծում է դատավորի մի շարք հայտարարություններ վարկաբեկում են դատական իշխանությունը։ 

Գործընթացն ուղեկցվում է համակարգային ու լուրջ խախտումներով՝ «Ռադիոլուր»-ին ասում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը․

«Խոսքը լրջագույն համակարգային խախտումների մասին է։ Ես չեմ հիշում դեպքեր, որ այսպիսի դռնփակության կամ կամայականության դրսևորումներ լինեին, որը մենք հիմա տեսնում ենք ԲԴԽ-ում։

-Եթե ԲԴԽ տեսանկյունից դիտարկենք, այն, ինչ կատարվում է, մասնակի վեթինգի կիրառում չէ՞։

-Ոչ, սա վեթինգ չէ, սա վեթինգի հետ աղերս չունեցող գործընթաց է։ Իսկապես պետք է լիներ պրոցես, որտեղ շատ ու շատ դատավորներ, այդ թվում նրանք, ում վերաբերյալ գործերը քննվել են ԲԴԽ-ում, այո, իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեին, իրենք պետք է զրկվեին ՀՀ անունից արդարադատություն իրականացնելու։ Բազմաթիվ բողոքներ կան, որ նույնանման իրավիճակներում Արդարադատության նախարարությունը բողոքները ուղղակի մերժել է։ Սա նշանակում է, որ կա ընտրովի արդարադատություն։ Եվ սա ամենավտանգավորն է, ինչը կարող է լինել։ Յուրայիններ ման գալու և ոչ յուրայիններից ազատվելու պրոցես է գնում»։

Փաստաբանների շախմատային պարտիան

Դատավորներն ու փաստաբաններն այս գործընթացում նաև  «շախմատային պարտիա» են խաղարկում։ Նախորդ տարվա ամռանը օրենսդիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց Դատական օրենսգրքում, համաձայն որոնց՝ մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումների հիմքով դատավորի նկատմամբ կարող է վարույթ հարուցվել:

«Օրենքը, որ ընդունվեց, շատ վերացական էր, որովհետև իրականության մեջ ընդամենը մատների վրա հաշված մարդկանց վերաբերյալ կարող էր այդպիսի գործընթաց սկսվել և պատասխանատվության ենթարկել։ Ձևակերպումները թույլ չէին տալիս, որ այս գործիքը օգտագործվեր մեծ թվով դատավորների նկատմամբ։ Կարելի է այդպես էլ ձևակերպել, որ օրենքը ինչ-որ իմաստով խաղ խաղաց օրենքն առաջարկողների դեմ։ Բայց իրականության մեջ ԲԴԽ անդամների պատասխանատվությունը կլինի այն դեպքում, երբ հիմնավորվի իրավունքի խախտում՝ իրենց գործունեության, իրենց իրավասություններից դուրս կամ իրենց իրավասությունները չարաշահելու հետ կապված»։

Բարձրագույն դատական խորհուրդն, ըստ իրավապաշտպանի, առավելապես  օգտագործում է իր պատժիչ մեխանիզմները և շրջանցում դատավորների անկախությունը և ազատությունը ապահովելու պարտավորությունը։

Հայաստանի արդարադատությունը՝ միջազգային «աչքերով»  

Մարդու իրավունքների մասին 2022 թվականի ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն ՀՀ դատական համակարգը չի համարվում անկախ ու անկողմնակալ կոռուպցիայի եւ քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության եւ վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Զեկույցում նշվում է, որ դատավորների վրա ազդելու՝ կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են տեղեկացնել դատավորների մասին, որոնք իրենց աշխատավարձի հետ անհամատեղելի զգալի գույք եւ ակտիվներ են ձեռք բերել, նաեւ շարունակել են նշել բոլոր գործող դատավորների նկատմամբ վեթինգի բացակայությունը՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների վրա։

 «Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրադարձ կա դատավորների նկատմամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։

«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես քննադատել է Հայաստանի դատական համակարգը:

Արդրադատությանը չխանգարող ընկերություն

Դատաիրավական համակարգում մտահոգիչ դրսևորումներից է նաև ոլորտի երկու առանցքային ղեկավարների ընկերությունը։

Այն, որ իրենց ընկերությունը արդարադատությանը խոչընդոտ չէ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պնդում էր, երբ դեռ արդարադատության նախարար էր և իրեն տեղակալ էր նշանակում Գրիգոր Մինասյանին։

«Գրիգոր Մինասյանը իսկապես իմ ընկերն է, մենք եղել ենք նաև գործընկերներ, և քանի որ արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես  մնացած բոլոր նախարարների տեղակալները քաղաքական պաշտոն է, դա է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև՝ վստահելի մասնագետի, որը քեզ հետ կիսում է քո գաղափարները»։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հերքում է համատեղ գույքի և ֆինանսական շահերի մասին լուրերը և ասում՝ զրպարտության հայցերով դատական հայցեր ներկայացնելու սովորություն չունի, չնայած այդ առումով հիմքեր տեսնում է։ Ընկերության և պաշտոնների համատեղելիության մասին ավելի ծավալուն է խոսում․

«Մարդը գործում է իր լիազորությունների և իր պրոֆեսիոնալիզմի շրջանակում։ Որպես փաստաբան 10 տարուց ավելի աշխատել եմ հենց այդ ոլորտում և այնտեղ նույնպես շատ հաճախ կարող ես շահերի հետ կապված որոշակի խնդիրների բախվել, և դու որոշում ես՝ կամ այդ գործը չես վերցնում, կամ վերցնելիս լինում ես պրոֆեսիոնալ։ Այստեղ շահերի որևէ բախում չկա։ Սա պետական լիազորությունների շրջանակ է, և դրանից դուրս գալը նշանակում է օրենքի խախտում»։

Նշենք, որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԲԴԽ-ն վարույթներ է հարուցում արդադրադատության նախարարության միջնորդություններով։

Կարդացեք նաև

Back to top button