ԿարևորՀասարակություն

Համտեսը՝ կույր, մրցանակը՝ եվրոպական օնլայն շուկայի ուղեգիր․ մրցում են հայկական գինիները

Հայկական գինիների կույր համտես՝ հաղթողներին եվրոպական շուկայում ներգրավելու հեռանկարով։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կազմակերպած մրցույթում մասնագետներն ընտրել են այն գինիները, որոնք «Հայաստանի գինիներ» հովանոցի ներքո եվրոպական թիրախավորմամբ օնլայն խանութում ներկայացվելու հնարավորություն են ստանալու։

29 գինի արտադրողների 72 տեսակ գինիներ կույր մրցակցության մեջ են մտել։ Պայքարը լավագույն բույրով ու համով է, մրցանակը՝ եվրոպական շուկայում հասանելի դառնալը։

«Այսօր կենացներ չեն լինելու, միգուցե ասենք «բարով տեսանք», բայց կենացները՝ հետո»։

Որ գինին առաջին ու միակ կենացով կխմվի, ոչ ոք չգիտի։ Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները ներկայանալու են որպես ժյուրի, չիմանալով որ պահին որ գինին են համտեսում։ Մանրամասնում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը․

«Քանի որ Հայաստանի գինեգործությունը վերելք է ապրում, յուրաքանչյուր տարի նոր գինեգործական ընկերություն է շուկա մտնում, ու քանի որ մենք շեշտադրումը դնում ենք բարձրորակ գինիների արտադրության վրա, մեզ համար կարևոր է վերահսկել որակը։ Մենք հայկական գինին առաջ ենք մղում թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում, ուստի հարմար ենք գտել ստեղծել Հայաստանի գինիներ հովանոցային ապրանքանիշը, և այդ հովանոցի տակ պետք է լինեն միայն բարձրորակ գինիները։ Ո՞վ է որոշում, թե որ գինին է բարձրորակ․ իհարկե ոլորտը՝ ի դեմս գինեգործական ընկերությունների»։

Դրանցից մեկի ներկայացուցիչը՝ Խաչատուր Ջուլհակյանը, ղեկավարում է երկու սեղաններից մեկը։ Իրենց սեղանը 37 գինի է փորձելու։

«Կազմակերպվել է Wines of Armenia հարթակ գնացող գինիների համար համտես։ Հարթակն օնլայն է, որը գործում է եվրոպական շուկայի համար և ի սկզբանե որոշվել է, որ այնտեղ պետք է ներկայացված լինեն միայն բարձր որակյալ հայկական գինիները։ Այս համտեսի կազմակերպման ամբողջ իմաստն այն է, որ ոլորտի մասնագետները, որոնք անցել են վերապատրաստում, կարողանան ճիշտ գնահատեն գինիները։ Այն գինիները, որոնք կստանան 85 և ավելի միավոր, հետագայում կստանան հնարավորություն ներկայացված լինել Եվրոպայում՝ եվրոպական շուկայի համար Wines of Armenia օնլայն հարթակում»։

Թամարա Հարությունյանը գինեգործական ընկերություններից մեկի տեխնոլոգն է, գինեգործի օգնականը։ Հայաստանի լավագույն գինիները գնահատելու հնարավորության համար սկզբում վերապատրաստման դասընթացի է մասնակցել։ Արդեն մասնագիտացել է, կարծում է` այսօր սպիտակ և վարդագույն գինիների համտեսի փորձությունը հաջողությամբ կանցնի:

«Սովորում էին համտեսման կանոնները՝ ինչպես ճիշտ համտեսել վարդագույն, սպիտակ ու կարմիր գինիները։ Բոլորը տարբեր են, պետք է ճիշտ իմանալ վարդագույնները ինչպես են համտեսում, սպիտակները՝ ինչպես։ Առաջինը՝ ամենակարևորը, տեսքը, հոտը և հետո համն ենք փորձում։ Այդ երեք փուլերից հետո կազմում ենք ընդհանուր մեր գնահատականը գինու մասին։ Շատ կարևոր է տարիների ընթացքում դա ամրապնդել, որովհետև աշխարհում կնան շատ գինիներ և բոլորը տարբեր են միմյանցից, երբեք չի կրկնվում գինին, դրա համար պետք է անպայման փորձել, որ հմտությունները ավելանան»։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ կույր համտեսն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Այս անգամ սպիտակ և վարդագույն գինիների ընտրությունը կապված է սեզոնային առանձնահատկության հետ։ Ասում է՝ կարմիրի սեզոնային ճաշակը առավել սառը եղանակին է համապատասխանում։Wines of armenia հարթակում գինի փնտրողներն էլ այս շրջանում հենց այս տեսակների գինի են «պահանջում»․

«Նպատակահարմար գտանք, որ համտեսից հետո միայն որակյալ գինիները ներկայացնենք այնտեղ, որովհետև եվրոպացի սպառողն առաջին անգամ պետք է համտեսեր հայկական գինի, սխալվելու հավանականությունը պետք է հասցնեինք զրոյի, որ տպավորությունը ընդհանուր հայկական գինիների լինի լավը»,- ասում է Զարուհի Մուրադյանը։

Կարդացեք նաև

Back to top button