
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրորդ անգամ գրեթե ամբողջ օրն անցկացրել է ԱԺ–ում՝ մասնակցելով 44–օրյա պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ առաջին այցելության ժամանակ, նա մանրամասն ներկայացրել էր իր ունեցած տեղեկությունները, իսկ երկրորդ նիստին պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Հավաքվել և խմբավորվել են նաև այն հարցերը, որոնք առաջացել են Փաշինյանի առաջին զեկույցից հետո։
12 հազար 600 անձ է անցնում ռազմական դրության ժամանակ զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գործերով։ Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու և այլ դեպքերի։ Թե նրանցից քանիսը դատարանի կողմից մեղավոր կճանաչվի, քանիսը կարդարացվի, Փաշինյանը չի կարող պատասխանել:
Փոխարենը կան հարցեր, որոնք վերաբերում են անձամբ վարչապետին ու շրջանառվում են անգամ պատերազմից 3 տարի հետո։ Հանրային հնչեղություն ունեցող մի քանի տասնյակ հարցերից առանձնացրել ենք մի քանիսը և դրանց Փաշինյանի պատասխանները։
Ստեփանակերտի հրամանատարական բունկերում Աննա Հակոբյանի ներկայության մասին
Պատերազմի օրերին Ստեփանակերտի հրամանատարական բունկերում, որտեղ անգամ ուսադիր ունեցող ոչ բոլոր սպաները իրավունք ունեն գտնվել, Աննա Հակոբյանի ներկայությունը ունեցել է սիմվոլիկ բնույթ և նպատակ՝ պնդում է վարչապետը․
«Երբ պատերազմը սկսել է, կինս ինձ ասել է, որ չի կարող Երևանում պարապ մնալ․ գնա այնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի, չգիտեմ, և այլն, և այլն։ Սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա, որպեսզի հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա։ Այդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, բարևել է, ողջունել է 10–15 րոպե եղել է այնտեղ և դուրս է եկել»։
Մինչդեռ Փաշինյանն անընդունելի և առանձին քննության արժանի է համարում հարցը, թե Աննա Հակոբյանի այցի մասին պատմած զինվորականը ինչ իրավունքով էր գտնվում նույն բունկերում։ Խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, որն այդ շրջանում ՊԲ–ում այն պաշտոնը չէր զբաղեցնում, որը թույլ կտար գտնվել հրամանատարական բունկերում։
Հայաստանի լիարժեք տնօրինման տակ չգտնվող զինատեսակների մասին
Փաշինյանը սպառազինությանն առնչվող մի շարք փաստեր ներկայացրեց քննիչ հանձնաժողովին։ Պատմեց, որ բանակին ասել է՝ ինչ է պետք կունենաք։
Ռազմական գնումների պլանը, ասաց, չի փոխվել, այլ բան, որ նշվածներից որոշ բաներ հնարավոր չի եղել ձեռք բերել։ Իսկ թե արդյո՞ք բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է, քաղաքական որոշում եղե՞լ է կոնկրետ զինատեսակ չօգտագործելու համար, պատասխանեց․
– Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ–ին չի պատկանել։
– Խոսքն «Իսկանդերի՞» մասին էր, պարոն վարչապետ։
– Ես փակ հատվածում կխոսեմ։
Պատերազմի առաջին ահազանգի մասին
Փաշինյանի խոսքով՝ սեպտեմբերի 25–ին հետախուզությունն իրեն զեկուցել է պատերազմի հավանականության մասին։ 44-օրյա պատերազմի առաջին ինֆորմացիան հետևյալն էր՝ ինչ-որ խումբ ներթափանցել է ինչ-որ տարածք։
Իսկ մինչ այդ պատերազմի սկսվելու հավանականությունը գնահատվել է 30%: Փաշինյանին զեկուցել են՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը Օնիկ Գասպարյանին ասել է, որ պատերազմի վտանգ չկա։
Փաշինյանն ասում է, որ որպես քաղաքական ղեկավար իր համար որոշակի խնդիր է եղել՝ բանակին հրահանգ տա՞լ կոնկրետ գործողություն անելու, թե՞ ոչ: Այս առումով միջազգային գործընկերների հետ խոսակցություն չի ունեցել։
«Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի ԶՈՒ–ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար։ Ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ–ի՝ ինձ տրված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել»։
Փաշինյանը հավելում է՝ 2020թ․ հուլիսին ՊՆ ողջ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցությունում հրահանգել է՝ հարձակման ցուցիչների դեպքում բանակը պետք է գործի, և դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա։
Պատերազմական կոնկրետ դրվագներին վերաբերող անպատասխան հարցերի մասին
Պատերազմական բազմաթիվ դրվագներ կան, որոնք դեռ քննվում են։ Փաշինյանը հերթական անգամ պնդեց՝ ԼՂ նախագահի հաղորդած տեղեկությունները Հայաստանի ԶՈՒ ԳՇ–ն որպես կանոն մերժել է և հաստատել է դրանք, երբ արդեն ուշ է եղել։
Հազարավոր հերոսական դեպքերի կողքին, երբ մարդիկ ոչինչ չեն խնայել, եղել են նաև անբացատրելի իրավիճակներ։ Այդպիսին է Արեգասար բարձունքի պատմությունը։
«Մենք դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո տեղում կողմնորոշվելով՝ առանց վերևից եկած հրահանգի, մերոնք հակագրոհ են կազմակերպում և հետ են վերցնում։ Եվ մեր գեներալներից մեկը գնում է, ասում է՝ իջեցրեք զորքը այնտեղից։ Հայտնի՞ չէ այս գործը, քրեական գործ կա հարուցված։ Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ դա ի՞նչ պատմություն էր։ Եվ երբ Արեգսարի պատմության մասին իմացա, առաջին բանը, որ հիշեցի, 7–րդ պաշտպանական շրջանը էվակուացնելու որոշումն էր։ Ինչո՞ւ էին էվակուացնում, ո՞վ էր էվակուացնում։ Ուղղակի կստուգեք սա, որովհետև ձեր իրավասությունների մեջ մտնում է։ Հնարավոր է սխալվում եմ, բայց հնարավոր է, որ չեմ սխալվում, և խուճապ տարածելու հետ կապված բարձրաստիճան զինվորականի դրվագը ոնց որ թե էլի կապված է այդ նույն օրերին 7–րդ պաշտպանական շրջանի հետ»։
Պատերազմական կորուստների ու իշխանափոխության մասին
Փաշինյանը բացատրություն ունի, թե ինչո ւ են ռազմաճակատի առանձին հատվածներում իրադարձություններն անբացատրելի ընթացք ունեցել։
«Չեմ ուզում թաքցնել, որ պատերազմի շատ դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքին, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը իրականում Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է։ Անկեղծ ասում եմ՝ շատ երկար, մինչև պատերազմի ավարտը նույնիսկ ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել։ բայց հետագայում, իրադարձությունները հետահայաց վերլուծելով, մեկ–մեկ սկսում եմ մտածել դրա մասին»։
Ավելին՝ Փաշինյանը հայտարարում է՝ արտաքին հետք է տեսնում, երբ զինվորականները հեղաշրջում էին փորձում իրակաացնել։
Սեփական մեղավորության ու 3 նախագահների հնարավոր պատասխանատվության մասին
Պատերազմից խուսափելու հավանական մի հնարավորություն կար՝ ըստ Փաշինյանի․ «Կանխելու միջոցը ո՞րն էր։ Առաջին՝ դիվանագիտական ճկունություն, երկրորդը՝ զիջումները։ Ի՞նչ կարգի զիջումներ։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ 7 շրջանները թողնում, դուրս ենք գալիս, բայց սա արդեն Ադրբեջանին բավարար չէ, հրաժարվել ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու քաղաքականությունից։ Խանքենդիի քաղաքականությունն է դա։ Հիմա կարող է լեգիտիմ մեղադրանք հնչել իմ հասցեին, որ այն հայտարարությունները, որ արեցիր 2022–ի ասուլիսի ընթացքում, անեիր 2019–ի մայիսին։ Այո, այդ հայտարարությունները չանելը բերել է հետևանքներ։ Պրոբլեմն այն է, որ ես չգիտեմ՝ հայտարարություններ անելը ինչ արդյունքների ու հետևանքների կբերեր»։
Արդյո՞ք պատերազմի հանգուցալուծման հարցում առանցքային նշանակություն կարող էին ունենալ Հայաստանի նախկին նախագահները։ Ի՞նչ կաներ Փաշինյանը, եթե նրանցից ստանար միասնական առաջարկ՝ հետաքրքրվեց քննիչ հանձնաժողովի ղեկավարը․
– Պարոն վարչապետ, եթե երեք նախագահները Ձեզ դիմեին, որ միասնաբար գնանք ճիշտ ճանապարհով, ենթադրաբար ի՞նչ կլիներ։
– Չգիտեմ։
Շուրջ 5 ժամվա հրապարակային աշխատանքից հետո քննիչ հանձնաժողովն անցավ քննարկումների դռնփակ ձևաչափի։ Հիշեցնենք, որ երկրորդ դեպքն է, երբ քննիչ հանձնաժողովը բաց նիստ է անցկացնում։ Այս ձևաչափը պնդել էր վարչապետը, նույն ձևաչափի կողմնակից է նաև պաշտպանության նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը, սակայն հանձնաժողովը մերժել է Փաշինյանի հետ նիստին մասնակցելու նրա առաջարկը։




