
Հունիսի 26-ին դեսպան Ներսեսյանը ներկա է գտնվել ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո անցկացվող համերգին՝ ի աջակցություն Կապանի արվեստի կենտրոնի: Համերգը թվով երկրորդն էր․ առաջինը կայացել էր Մանչեսթերում հունիսի 24-ին։
Միջոցառման նպատակն էր միջոցներ հայթայթել Կապանի արվեստի կենտրոնի համար դաշնամուր ձեռք բերելու նպատակով՝ ապահովելով երաժշտական համապատասխան միջավայր տարածաշրջանում սկսնակ արվեստագետների համար:
Քենզինգթոնի Տիրամայր Հաղթանակների եկեղեցում տեղի ունեցած համերգը ներկայացրել է հայ երիտասարդ երաժիշտների, այդ թվում՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի ուշագրավ տաղանդները։





Դեսպան Ներսեսյանն իր խոսքում անդրադարձել է լարվածության պատճառով Կապանի նման համայնքների համար ստեղծված ծանր իրավիճակին՝ հավելելով, որ Կապանի արվեստի կենտրոնին տրամադրվող դաշնամուրը հույս և տոկունություն կբերի Հայաստանի հարավ-արևելյան սահմանամերձ շրջաններում առկա լարված իրականության պայմաններում:
Դեսպանն ընդգծել է արվեստների փոխակերպող ուժը, դրա առանցքային դերը հասարակությունների հարստացման և մշակույթի զարգացման գործում:
Դեսպան Ներսեսյանը եզրափակել է իր ելույթը՝ խորին երախտագիտություն հայտնելով երաժիշտներին, հյուրերին, հովանավորներին և ներկաներին՝ արվեստին անմնացորդ նվիրվածության և այդ գործում իրենց առատաձեռն ավանդի համար:




