
Առաջին գործը, որ արել եմ 2018թ․ հետո, ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացն ուսումնասիրելն էր, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019թ․ ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն էր՝ տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը, ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կոնվեյերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել։ Ու ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասել է նա։
Չեմ կարծում, թե անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից, նշել է Փաշինյանը։
«Այսինքն, մենք այդ պահին կարող էինք ասել՝ հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել: Ես տեսնում էի, որ պատերազմի միագիծ կոնվեյերին հաջորդում են բանակցային այդ բովանդակության պատերազմի խաչմերուկները: Օրինակ, պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք Կազանում էլ չէին ճշգրտված, հետագայում ավելի քիչ էին ճշգրտված:
Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ և ադրբեջանցի համայնքների ներգրավման գործընթացն է։ Հաջորդ խաչմերուկը խաղաղության պայմանագրի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն էր: Այսինքն, ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,-ասել է Փաշինյանը:




