ԿարևորՀասարակություն

Ատեստավորում՝ դիպլոմի փոխարեն․ բուհ չավարտած ուսուցիչները կարող են շարունակել աշխատանքը

1300 ուսուցչի համար կամավոր ատեստավորումը խիստ պարտադիր կլինի՝ այն չհաջողելու դեպքում աշխատանքից ազատվելու պայմանով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրենսդրին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկը ներկայացնելիս հիշեցրել է՝ դեռ 12 տարի առաջ նույն օրենքով պետությունը պարտավորեցրել էր ուսուցիչներին դասավանդել միայն բարձրագույն կրթություն ունենալու դեպքում։

«Տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»

Նախարարն ասում է՝ հասկանում են, բարձրագույն կրթություն ստանալուն բազմաթիվ հանգամանքներ կարող են խոչընդոտել։ Այս պատճառով առաջարկվում է նրանց ընձեռել կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու հնարավորություն։ 60 տոկոս հավաքելու դեպքում ուսուցչը կապացուցի, որ չնայած բուհական կրթություն չունենալուն՝ տիրապետում է իր աշխատանքին ու կշարունակի այն․

«Ունեինք դեպքեր, երբ մարդը հոգացել է իր երեխաների բարձրագույն կրթության հարցը և ֆինանսապես չի հասցրել չի կարողացել այդ ժամանակահատվածուիմ իր բարձրագույն կրթության հարցը հոգալ։ Ու քանի որ մենք խոսում ենք հիմնականում համակարգում 20 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող մադրկանց մասին, ովքրեր այդ առարկան դասավանդում են, սա հավելյալ հնարավորություն է»։

Իսկ ինչ կլինի, եթե 1300 ուսուցիչները չկարողանան հաղթահարել ատեստավորումը։ ԱԺ պատգամավորները մտահոգվում են՝ այդ դեպքում նոր ուսումնական տարին կդիմավորենք 1300-ով պակաս ուսուցչական կազմո՞վ։ Կրթության ոլորտի պատասխանատույի խոսքով՝ համակարգին ոչ թե պարզապես դաս տվող, այլ որակյալ ուսուցիչ է պետք․

«Մենք մի կարևոր հարցի պետք է պատասխանենք՝ արդյո՞ք մեզ պետք է ուսուցչի ֆիզիկական ներկայություն դասարանում, թե՞ մեզ պետք է ուսուցիչ, որը կարողանում է դասավանդել այն առարկան, որը պիտի  դասավանդի։ Եվ եթե կամավոր ատեստավորման արդյունքում ի հայտ է գալիս, որ տվյալ առարկայի ուսուցիչը չունի տվալ առարկայի բավարար գիտելիք, մենք շատ կարևոր որոշում պիտի կայացնենք ընդունելու, որ այդ ուսուցիչը ամեն օր դասարան մտնելով պարզ չի՝ օգու՞տ է տալիս մեր երեխաներին, թե ոչ։ Եթե ադս խնդիրը չի կարգավորվում, ավելի լավ է մտածել այդ մարդկանց պոտենցիալը մեկ այլ տեղ օգտագործելու համար և դպրոց ներգրավել այն մարդկանց որոնք կկարողանան որակյալ կրթություն ապահովել»։

Միևնույն ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշում է՝ չհաջողած ուսուցիչներին իրենց խնդրի հետ մենակ չեն թողնի։ 700-ից ավելի ուսուցիչ ատեստավորման նախորդ փուլը չի հաղթահարել։ Նրանց համար նախարարությունը կազամկերպել է վերապատրաստումներ, 650 ուսուցիչ արդեն դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել։ Նույնը կարող է կազմակերպվել նաև միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար։

Եվ այնուամենայնիվ, եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները հաղթահարեն ատեստավորումն ու շարունակեն աշխատել, միևնույն է, շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Նախագիծը այս խնդրի լուծման երկու մեխանիզմ է առաջարկում․

«Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ Առաջարկում ենք սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներից զատ այլ մարզերի բնակավայրեր ևս գործուղելու հնարավորություն տալ ուսուցիչներին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Երկրորդն՝ առաջարկում ենք մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին իրենց կրթության վերջին տարում գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալ՝ ուղեկցող ուսուցչի առաջնորդությամբ։ Սա կլինի լավ պրակտիկա ուսուցիչ դառնալ ցանկացողների համար և թույլ կտա նաև դպրոցներում ապահովել այն առարկաների դասավանդումը, որոնց ապահովումն այս պահին խնդիր է»

Կամավոր-պարտադիր ատեստավորումը միայն աշատանքը պահպանելու նպատակ չունի։ Ինչպես մյուս բոլոր ուսուցիչների դեպքում, ատեստավորման այս փուլում ևս 70-79 տոկոս հավաքելու դեպքում ուսուցչի հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոս հավաքելու դեքպում՝ 40 տոկոս, 90-100 տոկոս հավաքելու դեպքում՝ 50 տոկոս։ Բոլորը՝ 200 00 դրամ դրույքաչափի նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button