
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Երևանի կենդանաբանական այգու միակ փղին` Գրանդին, հաջորդ ամիս կհանձնեն Թբիլիսիի կենդանաբանական այգուն` հնարավորություն տալով այնտեղ սերունդ ունենալ: Սակայն, ի ուրախություն մանուկների, մեր կենդանաբանական այգին առանց փղի չի մնա. Թբիլիսիից էլ Երևան կբերեն ավելի երիտասարդ` Բունկա անունով փղին:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները, գտել է այս երկու այգիներում փղերի միայնության հարցի լուծումը: Երևանի Գրանդ փիղը կտեղափոխվի Թբիլիսի, իսկ Թբլիսիի Բունկա փիղը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի: Թբիլիսիի կենդանաբանական այգում կա եվս մեկ փիղ` Բունկայի մայրը, ում հետ միասին կլինի Գրանդ փիղը:
«Այսպիսով հնարավորություն կստեղծվի փղերի նոր սերունդ ունենալ: Իսկ Բունկան, որը կտեղափոխվի Երևան, վեց տարեկան է և նրա այն շրջանն է, որ պետք է հեռու լինի մորից»,-«Ռադիոլուրին» ասաց Թբիլիսիի կենդանաբանական այգու մամուլի հարցերով պատասխանատու Մզիա Շարաշիձեն:
Ըստ նրա, Գրանդ փիղն ունի ժանիքների հետ կապված լուրջ խնդիր և Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան հանձնարարել է Թբիլիսիիում անհապաղ վիրահատել այն: Ժանիքները լինելով շատ մոտ լնդերին վտանգ են սպառնում նույնիսկ փղի կյանքին:
«Ամռանն արդեն ծրագրված է այդ վիրահատությունը, որի համար հատուկ Լոնդոնից Թբիլիսի կժամանի ատամնաբույժ Պիտեր Կերտեզը, ով հայտնի է բազմաթիվ կենդանիների հաջող վիրահատություններով: Այժմ մենք պատրաստվում ենք, որպեսզի այդ վիրահատական միջամտությամբ փրկենք փղի կյանքը»:
Նշեմ, որ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որը զբաղվում է հիշյալ հարցերի կարգավորմամբ, նպատակ ունի նպաստել Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվիարումների համագործակցությանը, կենդանատեսակների պահպանմանը: Ասոցացիայի անդամ այգիները պարտավոր են հետևել եվրոպական այս ասոցացիայի օրենքներին, չափանիշերին ու կենդանիների բնակեցման և խնամքի նվազագույն չափանիշերին: Թբիլիսի կենդանաբանական այգին, որը խորհրդային միությունում ստեղծված առաջին այգիներից մեկն է, երկու տարի հետո կդառնա ասոցացիայի լիարժեք անդամ:




