
«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու Պրիգոժինը նախկին խորհրդային հանրապետությունում։ Նա նաև չգիտի, թե որտեղ է այժմ Վագների հիմնադիրը։
Ինչպես ընդգծել են Կրեմլում, երաշխիքը, որ Պրիգոժինը կկարողանա մեկնել Բելառուս, դա Ռուսաստանի նախագահի խոսքն է։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել Վագների առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Հստակեցվում է, որ «սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ՝ խմբավորման մարտիկների անվտանգության երաշխիքներով»։
Դրանից հետո Վագների ՊՄԿ ղեկավարն ասել է, որ իր շարասյուները վերադառնում են դաշտային ճամբարներ։
Երեկ երեկոյան ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր տեղեկությունները «ՊՆ-ի կողմից «Վագների» թիկունքին հասցված հրթիռային ռմբակոծությունների մասին» իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Նույնը ասել են ՊՆ-ում, ԱԴԾ-ն Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով («Զինված ապստամբության կազմակերպում»):
Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ասել է, որ ապստամբության փորձի բոլոր մեղավորները կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։ Նա նաև նշել է, որ վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար, որտեղ փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքը։




